Մատչելի հղումներ

Նախատեսվում է, որ «Համասը» կազատի 50 պատանդի, Իսրայելը՝ 150 բանտարկյալի


Նաամա Լևին Պաղեստինում պատանդի մայր է
Նաամա Լևին Պաղեստինում պատանդի մայր է

Իսրայելի ու «Համասի» միջև նախատեսված հրադադարը, որ պետք է մեկնարկեր հինգշաբթի, հետաձգվել է և հնարավոր է սկսի գործել ուրբաթ օրվանից։ Պաղեստինյան խմբավորումը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 50 պատանդների՝ քառօրյա զինադադարի ու շուրջ 150 պաղեստինցի բանտարկյալների ազատության դիմաց

Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի՝ շաբաթներ տևած ջանքերից հետո, Իսրայելը և «Համասը» պայմանավորվել են հրադադարի շուրջ՝ 50 իսրայելցի պատանդների՝ կանանց և երեխաների ազատ արձակման գնով: Իսրայելը նաև համաձայնել է ազատ արձակել 150 պաղեստինցի բանտարկյալների՝ կանանց և անչափահասների։

Ըստ պայմանավորվածության, «Համասը» փուլ առ փուլ է ազատ արձակելու պատանդներին՝ Կարմիր խաչի միջոցով, որը նրանց կփոխանցի իսրայելական կողմին։ Թել Ավիվի փոխանցմամբ, պատանդները անցնելու են բժշկական ստուգում, որից հետո կվերամիավորվեն իրենց ընտանիքներին։ Նախատեսվում է օրական ազատ արձակել մինչև 13 պատանդ։

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ, պայմանավորվածության արդյունքում ազատ են արձակվելու 30 երեխա, 8 մայր և 12 այլ կին: Թել Ավիվը պնդում է, որ «Համասի» զինյալների ձեռքում են մոտ 40 երեխաներ։ Պաղեստինյան խմբավորման հավաստմամբ, մյուս 10 երեխաների ճակատագիրը դեռ իրենց էլ է անհայտ։

Երեքշաբթի ուշ երեկոյան կայացած Իսրայելի կառավարության նիստում գործարքը հավանության է արժանացել։

«Այս երեկո բարդ որոշման առաջ ենք կանգնած, բայց սա ճիշտ որոշում է։ Անվտանգության մարմինները լիովին կողմ են այս որոշմանը»,- ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Իսրայելը հրապարակել է այն 300 պաղեստինցի բանտարկյալների ցանկը՝ կանայք ու անչափահասներ, որոնցից կեսին պատրաստ է ազատ արձակել՝ 50 իսրայելցի պատանդների դիմաց։ Մյուս կեսը ևս կարող են դուրս գալ անազատությունից, եթե «Համասի» հետ պայմանավորվածությունը շարունակություն ստանա։

Իսրայելական ցանկում է նաև 18-ամյա Ուբայ Աբու Մարիան, ում հայրը՝ Յուսիֆը, հասցրել է հինգ անգամ լինել իսրայելական բանտում։

«Ուբային առաջին անգամ ձերբակալեցին, երբ նա 14 տարեկան էր։ Նա այժմ վիրավոր է՝ կորցրել է ձեռքի 70%-ը: Շատ ուրախ եմ, որ [շուտով] Ուբայը կլինի իմ գրկում»,- ասում է Յուսիֆ Աբու Մարիան։

Հիշեցնենք, ռազմական գործողությունները Գազայում սկսվեցին, երբ այս հոկտեմբերի 7-ին «Համաս» խմբավորման զինյալները գրոհեցին Իրսայելը՝ սպանելով մոտ 1 400 հոգու, պատանդ տանելով ևս 240-ին՝ հիմնականում քաղաքացիական անձանց:

Իսրայելը արձագանքեց` ռազմական գործողություններ սկսելով, որոնք օդուժի հասցրած հարվածներից վերաճեցին Գազա ցամաքային ներխուժման։ «Համասի» տվյալներով, այդ ամենի հետևանքով պաղեստինյան կողմում զոհվել է արդեն ավելի քան 14 հազար մարդ, որոնց երկու երրորդը կանայք ու երեխաներ են:

Նշենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Քառօրյա զինադադարի ընթացքում Իսրայելը նաև թույլ կտա մեծ քանակությամբ մարդասիրական օգնություն, ներառյալ՝ վառելիք, հասցնել Գազա։ Այդուհանդերձ, Թել Ավիվում նախազգուշացնում են՝ հրադադարի ժամկետի ավարտից հետո, հարձակումները «Համասի» դեմ վերսկսվելու են:

«Ի տարբերություն շատ իսրայելցիների, կարծում եմ, որ որոշում կայացնողների համար շատ պարզ է՝ նրանք չեն կարող կանգ առնել: Իսրայելում առկա տրամադրությունները նրանց թույլ չեն տա կանգ առնել։ Եթե հրադադարի 4, 5, 6 օրերից հետո դադարեցնեն պատերազմը, դա կլինի այս իշխանության վերջը»,- ասում է ազգային անվտանգության գծով Իսրայելի վարչապետի նախկին խորհրդական Յակով Ամիդրորը։

Այս ժամանակը հատկապես ծանր է իսրայելցի պատանդների հարազատների համար․ նրանք սպասում են՝ արդյո՞ք իրենց սիրելիները ազատ կարձակվեն:

XS
SM
MD
LG