ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Կանադայի հետ սահմանին՝ «Նիագարա ֆորս» անցակետի մոտ տեղի ունեցած վթարի հետաքննությունը ահաբեկչության մասին վկայող որևէ նշան չի հայտնաբերել։ Տեղի ունեցածի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Ժամանակավորապես փակվել են մի քանի այլ անցակետեր։
Տակավին պարզ չէ, թե ինչն է պատճառը, որ մեքենան մեծ արագությամբ մոտեցել է անցակետին ու բռնկվել։
«Դեպքի վայրի զննության արդյունքում պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել։ Չկան նաև ահաբեկչական գործողության մասին վկայող նշաններ»,- ասված է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տարածած հաղորդագրությունում։
Վթարի ենթարկված մեքենան շարժվում էր Միացյալ Նահանգների կողմից։ Վթարը տեղի է ունեցել Գոհաբանության օրվա նախօրեին՝ տարվա ամենածանրաբեռնված օրերից մեկի ժամանակ։
ԱՄՆ սահմանապահ ծառայությունը ժամանակավորապես փակել է երկու երկրները կապող հայտնի «Ռեյնբոու Բրիջ» կամուրջը, որի մոտ էր տեղի ունեցել վթարը։ Ավելի ուշ հայտարարվել է, որ վերաբացվում են երեք այլ անցակետեր: