Մատչելի հղումներ

Իսրայելը հավանություն է տվել առնվազն 50 պատանդների ազատ արձակման ծրագրին


ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակների մոտ իսրայելցի ցուցարարների ձեռքում են պատանդներին պատկերող պաստառներ, 2023 թվականի նոյեմբերի 20, Թել Ավիվ
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակների մոտ իսրայելցի ցուցարարների ձեռքում են պատանդներին պատկերող պաստառներ, 2023 թվականի նոյեմբերի 20, Թել Ավիվ

Սրանից հետո, կառավարության պլանների համաձայն, Գազայում ռազմական գործողությունը կվերսկսվի

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ծրագրին, որը նախատեսում է ժամանակավոր զինադադար և Գազայի հատվածից 240 պատանդներից առնվազն 50-ի ազատ արձագում։

Դրանից հետո, կառավարության պլանների համաձայն, անկլավում կվերսկսվեն ռազմական գործողությունները։

Այս մասին ասված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։

«Իսրայելի կառավարությունը մտադիր է բոլոր պատանդներին տուն վերադարձնել», - վստահեցրել է վարչապետը։

«Այսօր երեկոյան կառավարությունը հաստատեց այս նպատակին հասնելու առաջին փուլի ծրագիրը, որի համաձայն չորս օրվա ընթացքում առնվազն 50 առևանգվածներ ազատ կարձակվեն, որի ընթացքում կլինի հրադադար: Յուրաքանչյուր լրացուցիչ 10 առևանգվածի ազատ արձակումը կնշանակի խաղաղության ևս մեկ օր», ասված է հայտարարության մեջ։

Ըստ «Համասի»՝ պատանդներն ազատ կարձակվեն Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների դիմաց։

«Համասի» խոսնակ Խալիլ Հայան ասել է, որ խմբավորումը համաձայնել է յուրաքանչյուր պատանդի դիմաց ազատ արձագել երեք պաղեստինցի:

«Համասի» կողմից պահվող մարդկանց մեծ մասը իսրայելցիներ են, սակայն նրանց մեջ կան նաև մի քանի այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ 10 ամերիկացիներ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը «Համասը» ճանաչել է ահաբեկչական խմբավորում 1997 թվականին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել են համաձայնագիրը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր դա հնարավոր են դարձրել։

«Այս բազմաթիվ շաբաթների ընթացքում բոլոր պատանդները և նրանց սիրելիները եղել են իմ և Ջիլի սրտերում», - ասել է Բայդենը: «Ես չափազանց գոհ եմ, որ այս խիզախ մարդկանցից մի քանիսը, ովքեր անցկացրել են շաբաթներ գերության մեջ և կրել են անասելի փորձություններ, կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, երբ այս համաձայնագիրն ամբողջությամբ իրականացվի»:

«Ես բարձր եմ գնահատում Եգիպտոսի և Քաթարի ղեկավարության դերը և շարունակական համագործակցությունը այս մարտահրավերին դիմակայելու հարցում», - ասված է Բլինքենի հայտարարության մեջ: «Ես նաև շնորհակալություն եմ հայտնում Իսրայելի կառավարությանը հումանիտար հրադադարին աջակցելու համար, որը թույլ կտա պատանդներին տեղափոխել անվտանգ տարածք և լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի խաղաղ բնակիչներին»:

Դեռևս պարզ չէ, թե հրադադարը երբ ուժի մեջ կմտնի։

Կառավարությունն ասաց, որ առաջին հերթին ազատ կարձակվեն կանայք և երեխաները:

Սակայն Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին զգուշավոր է մեկնաբանել համաձայնագիրը։

«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է զուսպ լինենք այն ժամանակի առումով, որը պահանջվում է նրանց ֆիզիկապես անվտանգ վայր տեղափոխելու համար», - ասաց նա ABC News-ին:

«Այս մարդկանցից ոմանց վիճակը կարող է բավականին ծանր լինել։ Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է պատրաստ լինենք, որ նրանց ազատելու համար կարող են պահանջվել ժամեր, նույնիսկ օրեր»,- ասել է Քիրբին:

XS
SM
MD
LG