Մատչելի հղումներ

Իսրայելը թիրախավորել է Գազայում գտնվող մեկ այլ հիվանդանոց


Պաղեստինցիները զոհեր են փնտրում Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի Ջաբալիա փախստականների ճամբարի տներին իսրայելական հարվածներից հետո
Պաղեստինցիները զոհեր են փնտրում Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ինդոնեզական հիվանդանոցի Ջաբալիա փախստականների ճամբարի տներին իսրայելական հարվածներից հետո

Գազայի իշխանությունների փոխանցմամբ, առնվազն 12 մարդ է զոհվել՝ «Ինդոնեզական հիվանդանոցի» ուղղությամբ իսրայելական բանակի գրոհի հետևանքով, ուր պատսպարվել են մոտ 700 հիվանդներ ու աշխատակիցներ: Իսրայելը շարունակում է պնդել, որ «Համասը» հիվանդանոցները օգտագործում է այդ թվում պատանդներ է պահելու համար

Իսրայելցի պաշտոնյաների խոսքով, ապացույցներ ունեն, որ «Համասը» օգտագործել է Գազայի հյուսիսում տեղակայված «Ալ-Շիֆա» հիվանդանոցը որպես հրամանատարական կենտրոն: Պաղեստինյան խմբավորումը հերքում է։ Իսրայելական կողմի ներկայացմամբ, հիվանդանոցում հայտնաբերել է մոտ 10 մետր խորությամբ, ստորգետնյա ուղղությամբ տանող մի սանդուղք, որին հաջորդում է 55 մետրանոց ստորգետնյա թունելը:

Հրեական պետության համաձայն, առկա են բավականաչափ ապացույցներ, որ «Համասն» օգտագործել է «Ալ-Շիֆան»՝ պատանդներ պահելու համար: Անցած շաբաթ հիվանդանոցային այդ համալիրում հայտնաբերվել են իսրայելցի պատանդներ Նոա Մարչիանոյի և Յեհուդիտ Վայսի մարմինները։

Գազայում մարտերը շարունակվում են, աճում է զոհերի թիվն ու ավերածությունների ծավալը
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

«Համասն» արձագանքել է, թե Մարչիանոն զոհվել է իսրայելական օդուժի հարվածի հետևանքով։ Սակայն իսրայելցի պաթոլոգների պնդմամբ, զինվորը միայն վիրավորվել էր այդ հարվածի հետևանքով, իսկ մահացել է այլ իրավիճակում:

«Մեզ մոտ առկա տվյալների համաձայն, «Համասի» ահաբեկիչները Նոային տարել են «Ալ-Շիֆա» հիվանդանոց, ուր նա սպանվել է»,- հայտնել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին՝ ի ցույց դնելով մի տեսանյութ, ուր երևում է, որ երկու պատանդներ՝ Նեպալից ու Թաիլանդից, հիվանդանոցի ներսում են:

Հագարի փոխանցմամբ, կադրերին ծանոթացել են այդ երկրների դիվանագետները։

«Իբր բուժման նպատակով՝ «Համասը» պատանդին բերում է հիվանդանոց։ Այժմ կցուցադրեմ տեսանյութ, ուր երևում է, թե ինչպես է պատանդը հիվանդանոց մտնում զինված անձանց ուղեկցությամբ: Ահաբեկիչները հիվանդանոցի ներսում են»,- նշել է Դանիել Հագարին։

Իսրայելի պնդմամբ, «Համասի» ձեռքում են առնվազն 22 թաիլանդցի պատանդներ, այդ թվում՝ մի կին, որը, ենթադրաբար, ծննդաբերել է անազատության մեջ։

«Ալ-Շիֆա» հիվանդանոցում վաղաժամ ծնված 36 երեխաներ կան, և բժիշկները մտահոգված էին փոքրիկների կյանքի համար։ Իսրայելական բանակի ներկայացուցչի խոսքով, իրենք օգնել են ՄԱԿ-ի աշխատակիցներին՝ հատուկ ինկուբատորներ տրամադրելով նորածիններին Գազայի հարավային մասում գտնվող Ռաֆահ բնակավայր, այնտեղից էլ՝ Եգիպտոս տեղափոխելու համար։ «Համասի» կողմից վերահսկվող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեխաներից 5-ը մահացել են ճանապարհին:

Իսրայելական կողմի ներկայացմամբ, տակավին բացահայտված չէ «Համասի» զինյալների կողմից օգտագործվող թունելների ողջ ցանցը, ուր շարունակում են թաքնված մնալ պաղեստինայան խմբավորման հազարավոր գրոհայիններ:

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

XS
SM
MD
LG