Հնարավո՞ր է առաջիկայում Երևանի ու Կիևը համագործակցություն սկսեն անվտանգության ոլորտում

2023 թվականի հոկտեմբերի 5-ին Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կողմից արված և հրապարակված այս լուսանկարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին (L) զրուցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նախորդ շաբաթներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղ գտած ուշագրավ զարգացումներից էր Ուկրաինայի հետ հարաբերությունների կտրուկ ջերմացումը։ Ավանդաբար երկու երկրների հատկապես քաղաքական, անվտանգային հարաբերությունները չեն փայլել, սակայն այժմ դիտորդները խոսում են նոր հնարավորությունների մասին։

Նախորդ շաբաթներին Հայաստանի և Ուկրաինայի միջև կտրուկ ակտիվացած բարձր մակարդակով հանդիպումները և փոխգործակցության խորացման մասին հայտարարությունները ոչ միայն վկայում են, որ Կիևի ու Երևանի անկախությունից ի վեր երկկողմ հարաբերությունները հնարավոր է մուտք գործեն աննախադեպ մի փուլ, այլև կարևոր ցուցիչ են, թե որքան հետևողական է Հայաստանը՝ իր անվտանգային նոր քաղաքականության ձևավորման, Արևմուտքի հետ հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխելու ուղղությամբ։

Դիտորդները՝ Երևանում ու Կիևում, «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում խոսում են այս մասին։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանի ներկայացմամբ, Եվրամիության ու Ռուսաստանի միջև առաջացել է բավականին կարևոր երկիրների մի խումբ, տարածաշրջան, ուր առաջիկայում՝ Արևմուտքի աջակցությամբ, Կիևի ազդեցությունը միայն աճելու է, ուստի Երևանը չպետք է հետ մնա գործընթացից։

Your browser doesn’t support HTML5

Ուկրաինան ակնարկում է, որ ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ անվտանգության ոլորտում․ նախկին դեսպան

«Հայաստանը գնում է, էսպես ասենք, ժողովրդավարական երկրների ակումբ, դեպի այդ ակումբ, և Հայաստանը նաև փորձում է հնարավորինս լավ հարաբերություններ հաստատել բոլոր այն երկրների հետ, որոնք, նախ, այդ ակումբի անդամ են, բացի այդ՝ նաև ձգտում են այդ ակումբ։ Նաև, այդ ակումբի, ինչ-որ տեղ, պաշտպանության, երաշխավորման կարիքը ունեն»,- ասում է Վարդանյանը։

Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում տեղի ունեցող փոփոխությունների առաջին լուրջ ցուցիչը դարձավ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այս սեպտեմբերի սկզբին կատարած անակնկալ այցը Կիև՝ մասնակցելու առաջին տիկնանց և ամուսինների ամենամյա գագաթաժողովին, որն անցկացվում էր Ուկրաինայի առաջին տիկնոջ Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ։

Ուշադրություն գրավեց նաև այն, որ Հակոբյանը իր հետ Երևանից Կիև տարավ Հայաստանի կառավարության տրամադրած առաջին մարդասիրական օգնությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։

Նույն ամսվա վերջին Դուբլինում՝ եվրոպական խորհրդարանական գագաթնաժողովի շրջանակում, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին՝ նույնպես, առաջին անգամ Կիևի դեմ Կրեմլի նախաձեռնած լայնածավալ ագրեսիայից ի վեր։

Մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի հավաքին կայացավ արդեն Հայաստանի ու Ուկրաինայի ղեկավարների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Զելենսկու հանդիպումը։ «Քննարկել ենք երկկողմ համագործակցությունը»,- «Telegram»-յան իր ալիքում գրեց Զելենսկին։

Թե ինչ բովանդակություն կարող է ունենալ այդ համագործակցությունը, փոքր-ինչ ավելի հայտնի դարձավ հոկտեմբերի վերջին Մալթայում՝ Կիևի նախաձեռնած շուրջ վեց տասնյակ պետությունների անվտանգությունների խորհուրդների ներկայացուցիչների հանդիպման շրջանակում կայացած Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հանդիպման ժամանակ:

Երմակը խոսեց հայ-ուկրաինական հարաբերությունների «նոր համատեքստի մասին» և Կիևի անունից պատրաստակամություն հայտնեց Երևանի հետ համագործակցել եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ։

Անշուշտ, ուշադրություն է գրավում, որ Փաշինյան-Զելենսկի հանդիպումից հետո, հայ-ուկրաինական բանակցությունները առաջ են տանում այն պաշտոնյաները, որոնք երկու երկներում էլ կարևոր դեր ունեն անվտանգային ու արտաքին քաղաքականությունների ձևավորման գործում։

Այս տեսանկյունից, թերևս, պատահական չէ, որ Մալթայում կայացած հանդիպումից ընդամենը շաբաթներ անց Անդրեյ Երմակի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարեց, թե Հայաստանի համար բաց են Կիևի նախաձեռնած անվտանգության նոր ձևաչափի՝ Բալթիկից Սև ծով պաշտպանական համագործակցության դռները։

«Ինչ վերաբերում է Բալթիկից Սևծովյան համագործակցությանը, անկասկած, հուսով եմ [Հայաստանի համար] դռները բաց են։ Պետք է փնտրել [համագործակցության զարգացման] իրավական, լոգիստիկ բանաձևեր։ Ուկրաինայի նախագահը հաշվի է առնեում Ուկրաինայի էապես ամրապնդված սուբեյկտայնությունը, որը կարող է նախաձեռնել տարաբնույթ նախագծեր»,- «AnalitikaUA»-ի հետ զրույցում օրերս հայտարարեց Պոդոլյակը։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն ընդգծեց՝ Պոդոլյակի հայտարարությունը պաշտոնական Կիևի ուղերձն է Երևանին, որ պատրաստ է անվտանգության ոլորտում համագործակցություն սկսել։

«[Պոդոլյակի խոսքը] կարող եմ գնահատել որպես ազդակ, որը ուղարկված է ուկրաինական իշխանություններից՝ Հայաստանի իշխանություններին, որովհետև Պոդոլյակը պաշտոնական անձ է, և դա շատ լուրջ ազդակ է, որ նա ուղարկեց հայկական կողմին»,- ասում է Բոժկոն։

Անշուշտ, անվտանգության ոլորտում համագործակցությունից զատ, Ուկրաինան ավանդաբար կարևոր նշանակություն ունի հայաստանյան տնտեսության համար, ու թեև այնտեղ պատերազմ է և գերազանցապես այդ պատճառով անցած տարի հայ-ուկրաինական երկկողմ առևտուրը, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի, կրճատվել է 57.2%-ով և կազմել 96.6 միլիոն դոլար, սակայն այս տարվա առաջին ինն ամսիներին արդեն 8%-ոց աճ կա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Առևտրի ծավալների մեծության առումով՝ հետխորհրդային երկրների շարքում Ուկրաինան Հայաստանի երրորդ խոշոր գործընկերն է՝ Ռուսաստանից ու Բելառուսից հետո։