Ռուսաստանը հետախուզում է հայտարարել «Եվրատեսիլի» ուկրաինացի հաղթողի նկատմամբ

2016 թվականի «Եվրատեսիլ» մրցույթի ուկրաինացի հաղթող Սուսանա Ջամալադինովան

Ռուսաստանի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի հաղթող, ուկրաինացի երգչուհու նկատմամբ՝ երկուշաբթի հայտնել են ռուսաստանյան պետական լրատվական գործակալությունները:

Ըստ հաղորդագրությունների, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան ցանկում հայտնվել է երգչուհի Սուսանա Ջամալադինովայի (բեմական անունը՝ Ջամալա) անունը՝ երկրի քրեական օրենսդրությունը խախտելու մեղադրանքով։

«Медиазона» պարբերականի փոխանցմամբ, Ջամալադինովային մեղադրանք է առաջադրվել անցած տարի ընդունված օրենքի համաձայն, որն արգելում է, այսպես կոչված, կեղծ տեղեկությունների տարածումը ռուսաստանցի զինվորականների և Ուկրաինայում շարունակվող մարտերի մասին:

Ջամալան ազգությամբ թաթար է։ Հաղթել է «Եվրատեսիլ-2016» մրցույթում՝ «1944» կոչվող կատարմամբ, որը պատմում է Խորհրդային Միության ժամանակ Ղրիմից թաթարների զանգվածային արտաքսման մասին։

Երգի միջազգային այդ մրցույթում Ջամալայի հաղթանակը՝ Կրեմլի կողմից Ղրիմը բռնակցելուց երկու տարի անց էր՝ Ուկրաինայում չդադարող քաղաքական ցնցումների ֆոնին։ Աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը այդ բռնակցումը համարում է ապօրինի։

Այդ ժամանակ Մոսկվան բողոքեց, որ «1944» երգը թույլատրվել է մրցույթին՝ պնդելով, որ այն խախտում է «Եվրատեսիլում» քաղաքական բովանդակության տարածման դեմ գործող կանոնները: Կատարումը քննադատություն չէ Ռուսաստանի, կամ Խորհրդային Միության հասցեին, սակայն կան որոշակի ակնարկներ՝ «Երբ օտարները գալիս են, գալիս են քո տուն, բոլորիդ սպանում են և ասում՝ մենք մեղավոր չենք»: