ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելել է Ուկրաինա

ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը` Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ուկրաինական կառավարության անդամների հետ

ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը այցելել է Ուկրաինա՝ հավաստիացնելու Կիևին, որ ԱՄՆ կշարունակի իր աջակցությունը Ռուսաստանի դեմ պայքարում։ Առաջին անգամն էր, որ մամուլի ներկայացուցիչները ուղեկցում էին Օսթինին Կիևի ճանապարհին՝ լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երկուշաբթի հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և ուկրաինական կառավարության անդամներին՝ քննարկելու վերահաս ձմռան պայմաններում ռազմաճակատում հնարավոր զարգացումները և Ուկրաինայի անվտանգության ապահովման երկարաժամկետ պլանավորման հետ կապված հարցեր։

Նախագահ Զելենսկին Օսթինին փոխանցել է, որ նրա Ուկրաինա գալը՝ դժվար ժամանակներում կարևոր ազդանշան է ուկրաինացիների համար։

«Շատ շնորհակալ ենք ամերիկյան ժողովրդին։ Մեզ հետ եք բոլոր դժվարությունների ժամանակ»,- ասել է Զելենսկին։

Your browser doesn’t support HTML5

Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեզ հետ է. Պենտագոնի ղեկավարը՝ նախագահ Զելենսկուն

Օսթինը բարձր է գնահատել Զելենսկու ջանքերը գրեթե երկու տարի շարունակվող պատերազմի ընթացքում, որն, ինչպես հայտնի է, սկսվեց 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինա ռուսական ռազմուժի լայնածավալ ներխուժմամբ։

«Դուք ուկրաինացի ժողովրդին առաջնորդեցիք այնպիսի դժվարությունների միջով, որոնք նախապես անհաղթահարելի էին թվում մեծամասնության համար: Ականատես եղանք խիզախության, հնարամտության, որոնք իրապես տպավորել են բոլորին: Ուղերձը, որը բերել եմ ձեզ այսօր, պարոն նախագահ, հետևյալն է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ձեզ հետ է: Ձեզ հետ կմնանք տևական ժամանակ»,- հայտարարել է Օսթինը:

Հանդիպումից հետո նախարարը տեղեկացրել է Ուկրաինային ցուցաբերվող օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ բաղկացած զինամթերքից, համազարկային կրակի «HIMARS» ռեակտիվ համակարգերից:

Օսթինը նաև հանդիպել է Բախմուտի մոտ՝ առաջնագծում մարտնչած ուկրաինացի զինվորականներին։

«Ամերիկայի ձայնը» հետաքրքրվել է նախարար Լլոյդ Օսթինից՝ ի՞նչ է մտածում մտահոգությունների մասին, թե Ռուսաստանը կփորձի ձմռան ընթացքւմ բարելավել իր դիրքերը։

«Լսել եք՝ նախագահ Զելենսկին մի քանի անգամ կրկնեց, որ մտադիր է շարունակել ճնշումը ռուսների նկատմամբ։ Ակնկալում ենք, որ, այդպես էլ տեղի կունենա»,- արձագանքել է Պենտագոնի ղեկավարը։

Իրենց անունը հրապարակել չցանկացող ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան նեևկայացուցիչների խոսքով, շարունակում են կարևորել հատկապես հակաօդային պաշտպանության ուժեղացումը, և այդ նպատակով Վաշինգտոնը ՀՕՊ լրացուցիչ համակարգեր, զինամթերք է մատակարարել Կիևին:

Օդի ջերմաստիճանն օրեցօր անկում է ապրում, և արևմտյան ու ուկրաինացի պաշտոնյաները մտահոգված են, թե Ռուսաստանը կարող է առաջիկա ամիսներին կրկնել նախորդ ձմռան գրոհները, որոնք թիրախավորում էին Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները՝ ցրտաշունչ ամիսներին խափանելով էլեկտրաէներգիայի, ջերմության մատակարարումը բնակչությանը։

Մինչ այդ՝ Ռուսաստանի տարածքից արձակված իրանական արտադրության անօդաչուներն անցած հանգստյան օրերին արդեն թիրախավորել են Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները: Կիևի հաղորդմամբ, 38 անօդաչուներից հաջողվել է ոչնչացնել 29-ը, սակայն մյուսները կարողացել են հարվածել թիրախներին՝ երկրի ավելի քան 400 քաղաքներում և գյուղերում առաջացնելով էլեկտրաէներգիայի անջատումներ: Ըստ ուկրաինացի պաշտոնյաների, Կիևի ուղղությամբ թռչող բոլոր անօդաչուները խոցվել են: