Իսրայելի ու «Համասի» միջև ծավալվող հակամարտության ֆոնին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուրբաթ պատրաստվում է վերստին այցելել Իսրայել, ուր շաբաթներ առաջ էր՝ այս հոկտեմբերի 7-ին «Համասի» զինյալների կողմից հրեական պետության դեմ իրականացրած գրոհից հետո, ինչի հետևանքով սպանվեցին մոտ 1 400 իսրայելցիներ՝ մեծամասամբ քաղաքացիական անձինք։
Հիշեցնենք, ԱՄՆ-ն «Համասը» ճանաչել է ահաբեկչական խմբավորում դեռ 1997 թվականին:
Չորեքշաբթի՝ պետքարտուղարությունում լրագրողների հետ կայացած հարցուպատասխանի ժամանակ, խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է պետքարտուղարի առաջիկա այցին․ «Պետքարտուղար Բլինքենն ուրբաթ օրը կմեկնի Իսրայել և Հորդանան: Հանդիպելու է վարչապետ Նեթանյահուին ու Իսրայելի կառավարության այլ անդամներին՝ տեղեկանալու նրանց ռազմական նպատակների և ծրագրերի մասին: Նա վերահաստատելու է ԱՄՆ աջակցությունը Իսրայելին՝ պաշտպանվելու՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան։ Անդրադառնալու է նաև նախազգուշական միջոցներին, որոնց նպատակն է նվազագույնի հասցնել քաղաքացիական զոհերի թիվը։ [Նաև քննարկելու է] մեր ջանքերը՝ ուղղված մարդասիրական օգնության տրամադրմանը»:
Your browser doesn’t support HTML5
Հարցին՝ արդյո՞ք այս անգամ Բլինքենը կայցելի Թուրքիա, Միլլերն արձագանքել է, որ հաստատված են միայն Իսրայել ու Հորդանան այցերը:
Ինչպես հայտնի է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միացել է մերձավորարևելյան այն երկրների ղեկավարներին, որոնք քննադատության են ենթարկել Իսրայելը՝ Գազայի ռմբակածության, շրջան՝ ցամաքային ներխուժում իրականացնելու համար:
Ելույթ է ունենալով շաբաթ օրը Ստամբուլում կայացած մարդաշատ հանրահավաքի ժամանակ՝ Էրդողանը Բենիամին Նեթանյահուին «ահաբեկիչ» է անվանել՝ արդարացբնելով «Համասին»։
Ատլանտյան խորհրդի ներկայացուցիչ, ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Ռիչ Աութցենը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Բայդենի վարչակազմը զգուշավոր է՝ չգրգռելու ՆԱՏՕ-ի գծով կարևոր դաշնակից համարվող Անկարային, բայց նաև չի ցանկանում ջերմ վերաբերմունք դրսևորել Էրդողանի նկատմամբ․ «ԱՄՆ-ն հակված չէ ասոցացվել Էրդողանի և նրա թիմի հետ: [Օրինակ] բարձր մակարդակի հանդիպումների նկարներ, [պետ]քարտուղարի մակարդակով այցելություն, կամ նախագահի զանգեր: Բայդենի վարչակազմը շատ զգուշորեն է գործում, երբ խոսքը բարձրաստիճան, օրինակ՝ պետքարտուղար Բլինքենի այցերի, կամ նախագահի հեռախոսազանգերի մասին է»,- ասում է վերլուծաբանը:
Միաժամանակ աճում է միջազգային հանրության մտահոգությունը՝ կապված պաղեստինցի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման հետ, և Աութցենը կարծիք է հայտնուն, որ Բլինքենը կփորձի անել այն, ինչը Վաշինգտոնի քաղաքականությունն է եղել նախկինում՝ աջակցել Իսրայելին՝ կոչ անելով Թել Ավիվին հնարավորինս արագ ավարտին հասցնել ռազմական գործողությունները Գազայում՝ խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերից խուսափելու համար:
«Կարծում եմ, Բլինքենի այցի գլխավոր նպատակն է հասնել նրան, որ բոլորը պատրաստ լինեն ձեռնարկել դիվանագիտական և, անհրաժեշտության դեպքում, ռազմական գործողություններ՝ լիբանանյան «Հեզբոլլահին», սիրիացիներին, իրանցիներին, Եմենում առկա ուժերին և այլ դերակատարներին հակամարտությունից հեռու պահելու համար»,- ասում է վերլուծաբանը:
Չորեքշաբթի Թուրքիայում էր Իրանի արտգործնախարարը, և Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն ու Հաքան Ֆիդանը իրենց մտահոգությունը հայտնեցին Իսրայել-«Համաս» հակամարտության հնարավոր տարածման առնչությամբ՝ դեպի Սիրիա, կամ այլ ուղղությամբ։
Թուրքիան հայտարարել է, թե իր նպատակն է անհապաղ զինադադարի հաստատումը, ինչը մերժում է Իսրայելը։