Իսրայելական ռազմուժը գրեթե ամեն օր ցամաքային գործողություններ է իրականացնում պաղեստինյան բնակավայրերում՝ ոչնչացնելով ու ձերբակալելով նրանց, ում կասկածում են «Համասի» հետ կապ ունենալու մեջ։ Նախորդ շաբաթներին իրավիճակը սրվել է նաև Հորդանան գետի արևմտյան ափին, ուր հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 120 պաղեստինցի է սպանվել իսրայելական զորքերի ու հրեա վերաբնակիչների հետ բախումների հետևանքով։ Զոհվածներից շատերը արևմտյան ափին գործող զինված խմբավորումների անդամներ էին։ ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի գրեթե մեկ երրորդը երեխաներ են:
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող և փախստականների համար նախատեսված «Ջենին» ճամբարում երեխաներ են վազվզում՝ խաղալիք ատրճանակներով՝ ճի՛շտ նույն վայրում, ուր ընդամենը ժամեր առաջ իսրայելական ուժերը սպանեցին «Իսլամական ջիհադի» երկու զինյալների:
Պաղեստինցի փոքրիկները վազում են, «կրակում» և թաքնվում երևակայական թշնամիներից։ Իրական փամփուշտների թողած անցքերն ու արյան հետքերը դեռ թարմ են։ Երեխաներից ոմանք ձևացնում են, թե օդ են կրակում` հիշատակելով զոհվածներին:
Ջուբարը 12 տարեկան է, բազմաթիվ նպատակներ ունի։ Ասում է, թե ցանկանում է սովորել, դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու զինվորական: Ձեռքին խաղալիք հրացանն է, որի վրա պատկերված է ընկերոջ նկարը, ով զոհվել է իսրայելական ուժերի հետ բախումների ժամանակ։
«Նա այստեղ էր, նրանք՝ այնտեղ… հետո հնչեցին կրակողցներ, և նա զոհվեց»,- պատմում է Ջուբարը:
Առավոտյան սպանվել էր «Իսլամական ջիհադ» խմբավորման տեղի հրամանատար Այսար Ալ-Ամերը: Ջենինում տեղի ունեցած հուղարկավորությանը ներկա էին հարյուրավոր մարդիկ: «Ամերիկայի ձայնի» թղթակից Յան Բոչատի ներկայացմամբ, տեսարանը, կարծես, սովորական էր այդտեղի մարդկանց համար:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների, նախորդ 15 տարիների համեմատ՝ 2023 թվականը ամենից մահաբերն է արևմտյան ափի պաղեստինցիների համար․ տարին դեռ չի բոլորել, սակայն սպանված տեղի պաղեստինցիների թիվը 120 է։
Պաղեստինցիների շրջանում զոհերը գլխավորապես իսրայելական ուժերի ցամաքային գործողությունների հետևանք են, երբ ներխուժելով պաղեստինյան բնակավայրեր՝ իսրայելցիները ձգտում են չեզոքացնել, կամ ձերբակալել «Համասի» զինյալներին, խմբավորման հետ կապված անձանց։
Արևմտյան ափին աճել են նաև հրեա վերաբնակիչների հարձակումները, ինչի հտևանքով, դարձյալ, պաղեստինցիների շրջանում ավելացել է զոհերի քանակը։
Պաղեստինի առողջապահության նախարարության փոխանցմամբ, արևմտյան ափին գտնվող Նաբլուս քաղաքի մոտ ընկած այս փոքրիկ գյուղում նախորդ երկու շաբաթներին հրեա վերաբնակիչների կողմից սպանվել է առնվազն հինգ պաղեստինցի։
Մուրատ Օբեն ցույց է տալիս հրազենային վնասվածքները․«Քնած էի, երբ լսեցի, որ մզկիթի բարձրախոսից հայտարարեցին, թե հարձակում է տեղի ունեցել, և մարդիկ օգնության կարիք ունեն: Շտապեցի դեպքի վայր ու տեսա գետնին ընկած զարմիկիս։ Նրան մի կերպ նստեցրեցի մեքենան, և երբ վերադառնում էի մյուսներին օգնելու՝ մի գնդակ դիպավ մեջքիս»:
Ամեն օր մահացած պաղեստինցիներին պատկերող նոր պաստառներ են տպվում և փակցվում տեղի բնակավայրերում, և շատերն են այն կարծիքին, թե պատերազմն աստիճանաբար մոտենում է արևմտյան ափին:
Հիշեցմենք, իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվեց, երբ այս հոկտեմբերի 7-ին «Համասի» զինյալները գրոհեցին հրեական պետությունը՝ սպանելով մոտ 1 400 հոգու՝ մեծամասամբ քաղաքացիական անձանց։
ԱՄՆ կառավարությունը դեռ 1997 թվականից «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։