Մատչելի հղումներ

Իսրայելի վարչապետը հայտարարում է «Համասի» դեմ ռազմական գործողությունների երկրորդ փուլի մեկնարկի մասին


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայում ռազմական գործողությունների երկրորդ փուլի մեկնարկի մասին՝ խոստանալով «ոչնչացնել թշնամուն գետնի վրա և գետնի տակը»։

«Անցած գիշեր մեր լրացուցիչ ցամաքային ուժերը մտան Գազա»,- ասել է Նեթանյահուն շաբաթ օրը՝ հոկտեմբերի 28-ի երեկոյան, մամլո ասուլիսում։ «Սա պատերազմի երկրորդ փուլն է, որի նպատակները պարզ են՝ «Համասի» ռազմական և կառավարման կարողությունների ոչնչացում և պատանդների վերադարձ»:

Նախկինում իսրայելական բանակը միայն կարճ արշավներ էր կատարում դեպի Գազա երեք շաբաթվա ռմբակոծություններին զուգահեռ: Այդ կարճատև գործողությւոնների նպատակն է ոչնչացնել Համասը (ԱՄՆ-ում «Համասը» ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն):

«Գազայի հատվածի ներսում պատերազմը երկար և դժվար է լինելու, և մենք պատրաստ ենք դրան։ Սա մեր անկախության համար երկրորդ պատերազմն է»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) խոսնակ կոնտր-ծովակալ Դանիել Հագարին ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց Գազայի հատվածում «ցամաքային գործողությունների ընդլայնման» մասին։

«Ուժերը դեռ ռազմադաշտում են և շարունակում են պատերազմը», - ասել է Հագարին շաբաթ առավոտյան ճեպազրույցում:

Հագարին նաև ասել է, որ Իսրայելը թույլ կտա սնունդ, ջուր և դեղորայք տեղափոխող բեռնատարների մուտքը Գազա շաբաթ օրը ՝ ազդարարելով ռմբակոծությունների հնարավոր դադարի մասին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շաբաթ օրն ասել է, որ իրեն ոգևորում է Իսրայելի և «Համասի» միջև հրադադարի շուրջ աճող միջազգային կոնսենսուսը, սակայն «զարմացած է Գազայի հատվածում ռմբակոծությունների աննախադեպ աճից»՝ անհրաժեշտ դադարի փոխարեն:

«Այս իրավիճակը պետք է փոխվի», - ասված է Գուտերեշի հայտարարության մեջ: «Ես կրկնում եմ իմ խիստ կոչը՝ անհապաղ մարդասիրական հրադադարի, պատանդների անվերապահ ազատման և մարդասիրական օգնության տրամադրման մասին Գազայի ժողովրդի հրատապ կարիքների համար, որտեղ մեր աչքի առաջ հումանիտար աղետ է ծավալվում»:

Ըստ «Համասի» ղեկավարած անկլավի առողջապահական իշխանությունների՝ իսրայելական ռմբակոծությունների սկսվելուց հետո ավելի քան 7000 պաղեստինցի է սպանվել: Այս տվյալները ներկա իրավիճակում չեն կարող ինքնուրույն հաստատվել։

Շաբաթ առավոտյան Գազայում ինտերնետն ու հեռախոսային կապը գրեթե ամբողջությամբ անջատվել են ավելի քան 12 ժամով։ Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնել է, որ կապը դադարեցվել է Իսրայելի կողմից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի անջատումը «անհնար է դարձնում» շտապօգնության մեքենաներին հասանելիությունը Գազայում վիրավորներին։

Ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի ասուլիսում Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին հայտնեց, որ ԱՄՆ-ը տեսնում է Գազայի հատվածում Իսրայելի «ընդլայնված ցամաքային գործողությունների» մասին հաղորդումներ, սակայն հրաժարվել է մեկնաբանել դրանք:

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 27-ին, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը արտասահմանցի լրագրողների մի փոքր խմբին ասել էր, որ մոտ ապագայում ակնկալում է երկար ու դժվարին ցամաքային հարձակում Գազայի վրա:

Գալլանտը նաև ասաց, որ «երկար ժամանակ կպահանջվի» «Համասի» թունելների հսկայական ցանցը քանդելու համար, և որ ավելի ցածր ինտենսիվության մարտերի երկար փուլ է սպասվում, քանի որ Իսրայելը ոչնչացնում է «դիմադրության օջախները»:

XS
SM
MD
LG