Իսրայելի պաշտպանության բանակը ուրբաթ օրը հայտարարել է, որ իր ցամաքային ուժերը, կործանիչների և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ, «նպատակային հարձակում» են իրականացրել Գազայի հատվածում՝ նախապատրաստվելով ցամաքային լայնածավալ ներխուժմանը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը, կործանիչների և անօդաչուների ուղեկցությամբ, նոր թիրախային հարձակում են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական մասում», - ասվում է բանակի հայտարարության մեջ:
«Իսրայելական բանակը հայտնաբերել և ոչնչացրել է ահաբեկիչների բազմաթիվ թիրախներ, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակման վայրեր, հրամանատարության և կառավարման կենտրոններ և «Համասի» ահաբեկիչներ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Գործողության ավարտին զորքերը լքել են Գազայի տարածքը, հայտնում են զինվորականները։
Նախորդ գիշեր իսրայելական բանակը նմանատիպ ցամաքային գործողություն է իրականացրել պաղեստինյան տարածքի հյուսիսային հատվածում՝ տանկերի և հետևակի օգտագործմամբ։
Վերջին ներխուժումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթվա սկզբին ասաց, որ Իսրայելը «պատրաստվում է ցամաքային հարձակման»: