Մատչելի հղումներ

Սպիտակ տուն. Սիրիայում իրանական օբյեկտներին հարվածների արդյունքում զինամթերքի պահեստներ են խոցվել


Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբի
Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբի

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ հարվածները նպատակ ունեն խաթարել Իրանի կողմից խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

ԱՄՆ-ն ուրբաթ հայտարարել է, որ փորձում է հարվածների միջոցով կրճատել զինամթերքի մատակարարումները Իրանի հետ կապված զինյալներին Սիրիայում: Միաժամանակ Վաշինգտոնը պնդում է, որ չի ցանկանում, որ հակամարտությունը ընդլայնվի Մերձավոր Արևելքում։

Հինգշաբթի օրը Պենտագոնը հայտարարեց Սիրիայի արևելքում գտնվող երկու օբյեկտների վրա օդային հարվածներ հասցնելու մասին, որոնք, ըստ զինվորականների, օգտագործվում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից: Դրան նախորդել էին մի շարք հարձակումներ Իրաքում և Սիրիայում ամերիկյան ուժերի վրա Իսրայելի և «Համասի» (ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված) պատերազմի սկզբից ի վեր:

«Այս երկու ուղղությամբ հասցված հարվածների նպատակը զգալի ազդեցություն ունենալն է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Իրանի կողմից աջակցվող զինյալներին հետագա գործողությունների վրա», - ուրբաթ օրը լրագրողներին ասաց Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

«Հարվածները ուղղակիորեն ուղղված են եղել զինամթերքի պահեստներին, որոնք մենք գիտեինք, կօգտագործվեն այս ռազմականացված խմբավորումների գործունեություններին աջակցելու համար, հատկապես Սիրիայում», - ասաց նա:

«Հիմնական նպատակն էր խաթարել այդ հնարավորությունները, ինչպես նաև կանխել հետագա հարձակումները», - ասել է Քիրբին:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ նախագահ Ջո Բայդենը ուղիղ նախազգուշացում է արել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի դեմ ռազմական հարվածների անթույլատրելիության մասին։

Հոկտեմբերի 17-ից ի վեր ԱՄՆ-ի և դաշնակիցների ուժերը ենթարկվել են առնվազն 14 հարձակման Իրաքում և վեց հարձակման Սիրիայում, ինչի հետևանքով 21 ամերիկացի զինվոր թեթև վիրավորվել է, իսկ մեկ պայմանագրային աշխատող մահացել է սրտի խնդիրների պատճառով, հայտնել է Պենտագոնը:

Հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումն Իսրայելի վրա և Իսրայելի պատասխան հարվածները մեծացրել են լարվածությունը տարածաշրջանում: Իրանի հոգեւոր ղեկավարությունը աջակցում է «Համասին», մինչդեռ ԱՄՆ-ն Իսրայելի դաշնակիցն է:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հինգշաբթի իր հայտարարության մեջ ընդգծել է, որ հարվածները «հատուկ նպատակաուղղված են եղել» ամերիկյան անձնակազմի պաշտպանությանը:

«Դրանք կապված չեն Իսրայելի և «Համասի» միջև շարունակվող հակամարտության հետ և չեն ներկայացնում Իսրայել-«Համաս» հակամարտության մեր մոտեցման փոփոխություն»,- ասել է Օսթինը:

Պենտագոնը ուրբաթ երեկոյան ասել է, որ իր ներկայիս գնահատականն այն է, որ հարվածների արդյունքում զոհեր չկան:

XS
SM
MD
LG