ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը կրկնել է տարածաշրջանում գործող զինված խմբավորումներին ուղղված իր նախազգուշացումը՝ զերծ մնալ հակամարտությանը ներգրավվելուց:
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է. «Մեր ուղերձը ցանկացած դերակատարի, ով փորձում է օգտագործել այս հակամարտությունը, հետևյալն է՝ մի՛ արեք: Տեղյակ եք, որ ամրապնդել ենք մեր դիրքերը տարածաշրջանում։ Շարունակ հետևում ենք [իրավիճակին]՝ համոզվելու, որ ցանկացած դերակատար, որը կարող է գայթակղվել և ներգրավվել, պատկերացում կունենա, որ շատ լուրջ կվերաբերվենք տարածաշրջանում մեր ազգային շահերին»:
Մերձավորարևելյան հակամարտությունը վաղուց է տարածաշրջանից դուրս իր արձագանքները գտնում, այդ թվում՝ հանրային տրամադրություններում։ Անցած՝ հանգստյան օրերին հարյուրավոր մարդիկ ներխուժել են Ռուսաստանի կազմում գտնվող Դաղստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայան՝ բղավելով հակահրեական կոչեր և փնտրելով Թել Ավիվից ժամանած ինքնաթիռի ուղևորներին։ Տեղի ունեցածի համար Պուտինը մեղադրել է «արտաքին ուժերին»։ Քիրբին արձագանքել է՝ Կրեմլի ղեկավարի խոսքերն անվանելով «դասական ռուսական հռետորաբանություն»:
Ռուսաստանի նախագահը մանրամասնել է․ «Անցած գիշեր Մախաչկալայում տեղի ունեցած իրադարձությունները հրահրել են Ուկրաինայի տարածքում [գործող] արևմտյան հետախուզական ծառայությունների գործակալները, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով»։
Դաղստանում տեղի ունեցածին անդրադարձել են նաև Վաշինգտոնում։
Ջոն Քիրբին փոխանցմամբ՝ Սպիտակ տունը ուշադիր է աշխարհում հակասեմականության ցանկացած բռնկման նկատմամբ․ «Անշուշտ, մարդիկ բողոքի խաղաղ ակցիաների իրավունք ունեն։ Անգամ եթե այն սատարում է գաղափարներ, որոնց հետ համաձայն չենք: Բայց չենք ցանկանում, որ խաղաղ ցույցերը վերածվեն բռնության, ինչպես տեղի ունեցավ երեկ Դաղստանում: Այդ մասին կշարունակենք խոսել մեր դաշնակիցների և գործընկերների հետ»։
Մերձավորարևելյան հակամարտության պատճառով ԱՄՆ-ում ևս աճում է լարվածությունը։ Օրինակ, նախորդ շաբաթներին երկրի խոշոր համալսարաններից մի քանիսում տեղի ունեցան պաղեստինցիներին սատարող և Իսրայելին քննադատող բողոքի ակցիաներ:
Ինչևէ, վերադառնանք տարածաշրջան։ Թուրքիայի նախագահն է որոշել հրապակավ արտահայտել իր անհամաձայնությունը «Համասն» ահաբեկչական խմբավորում ճանաչելու Վաշինգտոնի դիրքորոշման կապակցությամբ։
«Գազայում տեղի ունեցած ջարդերի համար ամենամեծ պատասխանատվությունը կրում է Արևմուտքը»,- հայտարարել է Էրդողանը։
Այստեղ հիշեցնենք, որ դեռ 1997 թվականին ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։ Նույնը արել են Եվրամիությունն ու արևմտյան այլ երկրներ:
Իր հերթին՝ Իրանի արտգործնախարարն անցած շաբաթ որոշեց ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացնել պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը մերձավորարևելյան սրված հակամարտության վերաբերյալ։ Իսրայելի ու արևմտյան երկրների դեմ այս օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում նաև իրանական քաղաքներում։
«Արդեն երեք շաբաթ է, ինչ ականատեսն ենք Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի օկուպացիոն ռեժիմի ռազմական հանցագործություններին ու ցեղասպանությանը: Միացյալ Նահանգները ու եվրոպական մի շարք երկրներ հանդես են գալիս Իսրայելի օկուպացիոն ռեժիմի կողմից՝ չպահպանելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը»,- հայտարարել է Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը: