Մատչելի հղումներ

Իսրայելն ընդլայնում է ցամաքային գործողությունը Գազայում


Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծության ժամանակ՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև շարունակվող մարտերի ֆոնին
Գազայի հատվածի իսրայելական ռմբակոծության ժամանակ՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև շարունակվող մարտերի ֆոնին

Իսրայելական բանակն ընդլայնում է իր ցամաքային գործողությունը Գազայում՝ հանդես գալով հաղորդագրությամբ, թե անցած գիշերվա ընթացքում կարողացել է ոչնչացնել «Համասի» տասնյակ ահաբեկիչների։ Այս ֆոնին՝ Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամն աստիճանաբար խորանում է։

Իսրայելական զինուժը՝ տանկերի աջակցությամբ շարունակել է առաջխաղացումը Գազայի հյուսիսային հատվածում: Իսրայելական կողմը հայտարարել է, որ գործողության արդյունքում սպանվել են «Համասի» տասնյակ ահաբեկիչներ, ովքեր բարիկադավորվել էին շենքերում:

Իսրայելի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին հանդիպել է առաջնագծում գտնվող զորքերին:

«Մենք պատերազմի մեջ ենք։ Դուք սա հասկացաք առաջին իսկ օրից։ Սա երկար գործընթաց է լինելու, և մենք այն փուլում ենք, որ Գազայի հատվածում հուժկու հարվածներ ենք հասցնում թշնամուն»,- ասել է նա:

Իսրայելի ցամաքային ներխուժումը Գազա սկսվեց պաղեստինյան այդ շրջանում մարդասիրական խորացող ճգնաժամի ֆոնին։ Պաղեստինի առողջապահության նախարարության համաձայն, ավելի քան երեք շաբաթ շարունակվող իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը անցել է 8 300-ը, որոնց կեսից ավելին կանայք և երեխաներ են: Մարդասիրական կազմակերպությունները պնդում են՝ Թել Ավիվը պետք է թույլ տա լրացուցիչ ծավալի օգնություն հասցնել Գազա։

«Չպետք խոչընդոտվի երեխաներին, կանանց ու տղամարդկանց, քաղաքացիական անձանց մարդասիրական օգնության հատկացումը: Նրանք մեղավոր չեն, [որ պատերազմ է բռնկվել]։ Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, նրանք իրավունքներ ունեն։ Այդ իրավունքները միջազգային սովորութային իրավունքի մաս են։ Այդ իրավունքները Ժնևի կոնվենցիաների մաս են»,- ասել է Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Ահմադ Խանը:

Մինչդեռ, Իսրայելը հայտարարում է, թե որևէ խոչընդոտ չկա հարավային Գազա մարդասիրական օգնություն հասցնելու գործում․ Թել Ավիվը հորդորել էր պաղեստինցիներին տեղափոխվել Գազայի հարավ։ Միևնույն ժամանակ, իսրայելական կողմի հավաստմամբ, «Համասին» են անցնում հատկացվող օգնությունն ու վառելիքը և այն օգտագործում է հիվանդանոցները՝ որպես հրամանատարական կենտրոններ՝ փոխարենը այդ տարածքները վերածի անվտանգ գոտիների խաղաղ բնակչության համար:

««Համասը» հիվանդանոցները վերածել է հրամանատարական կենտրոնների և թաքստոցների՝ իր ահաբեկիչների համար: Ի հավելումն, մեր տրամադրության ներքո առկա տեղեկատվության համաձայն, Գազայի հիվանդանոցներում վառելիք կա»,- ասել է Իսրայելի զինված ուժերի խոսնակ Դանիել Հագարին:

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը ճանաչել է «Համասը» որպես ահաբեկչական խմբավորում։

Թեև իսրայելցիների մեծ մասը հավանություն է տալիս Գազա ցամաքային ներխուժմանը և «Համասը» ոչնչացնելու՝ հայտարարված նպատակին, սակայն պատանդառված ավելի քան 230 իսրայելցիների ընտանիքներն անհանգիստ են՝ նման ներխուժումը կարող է վտանգի ենթարկել պատանդներին:

Նրանց հետ հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ վստահեցնելով, թե «Համասի» նկատմամբ ռազմական ճնշման մեծացումը պատանդներին ազատելու միակ հնարավորությունն է:

Իսրայելական ծագմամբ կանադացի ակտիվիստ Վիվիան Սիլվերը պատանդների շարքում է։ Նրա որդին համաձայն չէ նախարարի հետ։

«Զինվորները վիրաբույժներ չեն, նրանք չեն կարող փրկել մեկ մարդու։ Չեմ կարծում, թե դա այդպես է աշխատում: Պատերազմը քաոս է։ «Համասը» պատանդ է վերցրել նրանց, որպեսզի օգտագործի որպես լծակ, և եթե նրանք կորցնեն այդ լծակը, ապա նրանց համար պատանդները պահելն անօգուտ կդառնա։ Այնպես որ, ինձ թվում է, որ նա ավելի մեծ վտանգի տակ է»,- ասում է նա:

Իսրայելի պաշտոնյաների ներկայացմամբ, պատերազմը Գազայում կարող է շարունակվել մի քանի ամիս:

XS
SM
MD
LG