«Այս իրավիճակը պետք է փոխվի», - ասված է Գուտերեշի հայտարարության մեջ: «Ես կրկնում եմ իմ խիստ կոչը՝ անհապաղ մարդասիրական հրադադարի, պատանդների անվերապահ ազատման և մարդասիրական օգնության տրամադրման մասին Գազայի ժողովրդի հրատապ կարիքների համար, որտեղ մեր աչքի առաջ հումանիտար աղետ է ծավալվում»:
Գուտերեշը կրկնեց բոլորին պատասխանատվություն ստանձնելու իր կոչը՝ ասելով, որ «պատմությունը կդատի մեզ բոլորիս»։
Շաբաթ օրը ՄԱԿ-ի ղեկավարը չհայտարարված կանգ է առել Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ Նեպալում կլիմայական հանդիպմանը գնալու ճանապարհին: Նա հանդիպել է վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ՝ քննարկելու ճգնաժամը։
Քաթարը լավ հարաբերություններ է պահպանում «Համաս» շարժման հետ (ԱՄՆ-ում «Համասը» ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն), որի քաղաքական թեւը երկար ժամանակ գրասենյակ ունի այս երկրում։ Քաթարը մեծ դեր է խաղացել երկու կին պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում և, ինչպես հաղորդվում է, ներգրավված է մի քանի այլ պատանդների ազատ արձակման միջնորդության մեջ:
ՄԱԿ-ի ղեկավարը հումանիտար իրավիճակը հեռախոսով քննարկել է նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսսիի հետ։ Եգիպտոսը վերահսկում է Գազայի հետ սահմանին գտնվող Ռաֆահ սահմանային անցակետը։
Գուտերեշն ասել է, որ ռազմական էսկալացիան խաթարում է Գազայի հատվածին մարդասիրական օգնություն հասցնելու ջանքերը, ինչպես նաև «Համասի» պատանդների ազատ արձակումը և երրորդ երկրների քաղաքացիների տարհանումը Գազայից: