Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական ուղու ապագան՝ մերձավորարևելյան ճգնաժամի ֆոնին

Առևտրային նավ

Իսրայելի ու «Համասի» միջև խորացող հակամարտությունը լրջացնում է այն մարտահրավերները, որոնց բախվում է Հնդկաստանը՝ ձգտելով Մերձավոր Արևելքի միջոցով առևտրային ուղի հարթել դեպի Եվրոպա՝ պնդում են դիտորդները։

Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական ուղին, որի մասին հայտարարվեց Նյու Դելիում նախորդ ամիս կայացած Մեծ քսանյակի հանդիպմանը, որպես այլընտրանք է դիտվում Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհին»։ Այս հարցում Հնդկաստանին աջակցում են ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Սաուդյան Արաբիան։

Ուղու նպատակն է ստեղծել երկաթուղային և նավագնացային ցանց, որը կապելու է Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Հորդանանը՝ Միջերկրական ծովի ափին գտնվող իսրայելական Հայֆա նավահանգստին, որտեղից ապրանքները կարող են շարունակել իրենց ճանապարհը դեպի Եվրոպա՝ շրջանցելով ծանրաբեռնված Սուեզի ջրանցքը։

Սակայն Իսրայելի ու «Համասի» միջև շարունակվող ռազմական գործողությունները կտրուկ սրել են իրավիճակը տարածաշրջանում․ մարտերն իսրայելցիների ու պաղեստինցիների միջև կարող են լրջագույններից մեկը լինել։

Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը «Համասը» ճանաչել է որպես ահաբեկչական խմբավորում։

«Բախվում ենք այս պատերազմի տարածման հնարավորության հետ, և սա փորձություն է տնտեսական այդ ուղու համար»,- ասում է Նյու Դելիի Հնդկական-Խաղաղօվկիանոսյան հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր Չինտամանի Մահապատրան: «Այս հակամարտության մեջ կորչում է այդ ուղու գաղափարը»:

Դիտորդների ներկայացմամբ, պատերազմը, կարծես, «սառը ցնցուղ» լիներ նախագիծն առաջ մղող երկրների համար։

«Պատերազմը հիշեցում է այն մասին, թե որքան դժվար է լինելու նոր միջանցք կառուցել», - ասում է Վաշինգտոնում գործող Վիլսոն կենտրոնի Հարավային Ասիայի ինստիտուտի տնօրեն Մայքլ Կուգելմանը՝ էլեկտրոնային փոստի միջոցով արձագանքելով «Ամերիկայի ձայնին»․ «Խոսքը գնում է ոչ միայն ֆինանսական խնդիրների, այլև՝ կայունության և դիվանագիտական համագործակցության մասին»։

Նախագծի հայտարարման ժամանակ՝ Վաշինգտոնն ակտիվորեն աշխատում էր Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Հույսեր կային, որ այն կարող է մեղմել երկարամյա հակադրությունը Իսրայելի ու արաբական երկրների միջև: 2020 թվականին ԱՄՆ միջնորդությամբ կնքվեցին երկկողմ հարաբերությունները նորմալացնող, այսպես կոչված, Աբրահամի համաձայնագրերը Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի միջև:

«Այս նախագիծը մշակվել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։ Բայց անգամ եթե առաջիկա օրերին, ամիսներին [Մերձավոր Արևելքը] կարողանա խուսափել լայնածավալ հակամարտությունից, [նախագծի] ապագան, միևնույն է, անորոշ է»,- ասում է Նյու Դելիի «Observer» հետազոտական հիմնադրամի ներկայացուցիչ Մանոջ Ջոշին:

Նրա խոսքով, նախագիծը պահանջում է միլիարդավոր դոլարների ներդրումներ․«Խոսքը երկու-երեք հազար կիլոմետր երկաթուղային գծերի կառուցման մասին է։ Այժմ, երբ տարածաշրջանը քաղաքական անկայունության փուլում է, հարց է ծագում՝ ո՞վ է ներդրումներ կատարելու»:

Դիտորդները պնդում են՝ Արևմուտքի աջակցությունը վայելող ուղին տնտեսական նշանակությունից զատ, ունի աշխարհաքաղաքական նպատակ՝ հակազդել Չինաստանին, որի ներկայությունը Մերձավոր Արևելքում աճում է:

Նպատակներից է նաև Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի միջև վստահության ստեղծումը՝ ասում է Կուգելմանը, ում խոսքով, ներկայում, սակայն, նախագիծը սառեցված է, թեև կարող է վերականգնվել ապագայում:

Նյու Դելիից պնդում են՝ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը չի կարող խոչընդոտել ուղու ստեղծմանը, հնդկական աճող տնտեսությունը հանդիսանալու է նախագծվող ճանապարհի շահառուներից մեկը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախագիծն անվանել է «համաշխարհային առևտրի ողնաշարը՝ գալիք հարյուրամյակների ընթացքում»:

«Տնտեսական այդ ուղին երկարաժամկետ նախագիծ է»,- հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիթարամանը՝ անցած շաբաթ Մարոկկոյում կայացած Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների հանդիպմանը: «Թեև կարճաժամկետ հեռանկարում խնդիրները կարող են մտահոգիչ թվալ, բայց մենք կշարունակենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:

Նոր առևտրային ուղին Նյու Դելիի համար կնվազեցնի տրանսպորտային ծախսերը և կարագացնի մուտքը Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի շուկաներ: Հնդկաստանի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի ու Իսրայելի հետ նախորդ տարիներին նկատելիորեն ջերմացել են։ Այս երկրների հետ փոխադարձ առևտուրն աճում է։

Վարչապետ Մոդին դատապարտել է «Համասի» հարձակումը Իսրայելի դեմ՝ այն որակելով ահաբեկչական։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանը վերահաստատել է իր երկարամյա աջակցությունը պաղեստինյան անկախ պետության ստեղծմանը և մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։

Սակայն անգամ եթե Նյու Դելին կարողանա հավասարակշռված հարաբերություններ պահպանել արաբական երկրների ու Իսրայելի հետ, Հնդկաստանը Մերձավոր Արևելքով Եվրոպային կապող տնտեսական ուղու ապագան կախված է, թե ինչպես կզարգանան հարաբերությունները մերձավորարևելյան երկրների միջև։