Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը ասել է, որ իր հանդիպումը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ Ռիադում շատ արդյունավետ էր։
Այս մասին պետքարտուղարության ղեկավարը հայտարարել է Reuters-ի թղթակցի հետ զրույցում՝ վերադառնալով հյուրանոց, որտեղ հանգրվանել էր իր գլխավորած պատվիրակությունը։
Հանդիպումը տևել է ընդամենը մեկ ժամ և կայացել է թագաժառանգի առանձնատանը, ասել է պաշտոնյաներից մեկը։
Պետքարտուղարն ընդգծել է այն կարևոր նշանակությունը, որը Միացյալ Նահանգները տալիս է «Համասի» ահաբեկչությունների դադարեցմանը, բոլոր պատանդների ազատ արձակմանը և հակամարտությունների տարածումը կանխելուն, ասել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Զրուցակիցները «վերահաստատել են իրենց համատեղ հանձնառությունը խաղաղ բնակչության պաշտպանությանը և կայունության ապահովմանը Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս», - հավելել է պետքարտուղարության խոսնակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բլինքենը Ռիադում հանդիպել էր Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։ Հանդիպումից առաջ պետքարտուղարն ընդգծել է հակամարտության երկու կողմերի խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը։