Իսրայելի հյուսիսում գտնվող Կիբուց Մասսադի բնակիչներն ապաստարանում են՝ տագնապի հերթական ազդանշանից հետո: Իսրայելական բանակն հանդես եկավ հաղորդագրությամբ, թե հնարավոր է երկիրը օդային հարձակման է ենթարկվել հարևան Լիբանանի կողմից, թեև ավելի ուշ տեղեկությունը չհաստատվեց:
Հրեական պետություն՝ «Համաս» խմբավորման զինյալների ներխուժումից՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելում ու Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 2 300 մարդ, վիրավորների թիվը մի քանի հազար է: Իսրայելը հակադարձեց ռազմական գործողություններով։ Երկրում ձևավորվեց նոր կառավարություն, որի կազմի մեջ մտավ ընդդիմադիր գլխավոր ուժը։
Your browser doesn’t support HTML5
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրավիճակին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է, որ իր գլխավորած վարչակազմը օրնիբուն աշխատում է հակամարտության հանգուցալուծման ուղղությամբ՝ տեղեկացնելով, որ ինքն ու փոխնախագահ Քամալա Հարիսը չորեքշաբթի կրկին խոսել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ․ «Մեր դիրքրոշումը հստակ է՝ ահաբեկչությունը ոչ մի արդարացում չունի։ Այն ահաբեկչությունը, ինչին ականատես եղանք, բացարձակապես անընդունելի է: Ինչպես երեկ ասացի, իմ հանձնառությունն Իսրայելի ու հրեա ժողովրդի անվտանգությանը անսասան է»:
Վաշինգտոնի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շտապել է Մերձավեր Արևելք։ Այցն ընկալվում է որպես Իսրայելի հետ ԱՄՆ համերաշխության ցուցադրություն։ Բլինքենը հանդես է եկել նախազգուշացմամբ․ «Ինչպես տեղյակ եք, [ԱՄՆ] նախագահի կարգադրությամբ աշխարհում ամենամեծ ավիակիր խումբը մուտք է գործել տարածաշրջան, որպեսզի մեր պատրաստակամության մասին հստակ ուղերձ լինի նրանց, ովքեր մտորում են Իսրայելի դեմ հետագա ագրեսիայի մասին»:
Բլինքենի խոսքով, ամերիկյան վարչակազմի ուշադրության կենտրոնում է ԱՄՆ քաղաքացիների հարցը։ Հայտնի է, որ 22 ամերիկացիներ զոհվել են (այդ թիվը կարող է աճել), ևս 17-ը տակավին անհետ կորած են համարվում, ու Վաշինգտոնում տեղեկություն չունեն նրանց մասին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել հայտարարությամբ, թե մշտական կապի մեջ է Մերձավոր Արևելքի ղեկավարների հետ՝ միաժամանակ իր անհանգստությունը հատնելով տարածաշրջանում հակամարտության ընդլայնման առնչությամբ․ «Անհանգստացած եմ Կապույտ գծի երկայնքով վերջերս տեղ գտած փոխհրաձգությամբ և Լիբանանի հարավայից իրականացված հարձակումների մասին հաղորդագրություններից: Կոչ եմ անում բոլոր կողմերին և նրանց, ովքեր ազդեցություն ունեն կողմերի վրա, խուսափել հետագա սրացումից»։
Գուտերեշը կոչ է արել «Համասին» ազատ արձակել իսրայելցի բոլոր պատանդներին՝ ընդգծելով, որ խաղաղ բնակիչները պետք է պաշտպանված լինեն, իսկ միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի: Նրա խոսքով, շուրջ 220 հազար պաղեստինցիներ այժմ ապաստան են գտել Գազայի հատվածում տեղակայված ՄԱԿ-ի 92 հաստատություններում, և որ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հիվանդանոցներն ու դպրոցները չպետք է թիրախավորվեն:
Չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը նախագահ Բայդենը հյուրընկալել է ԱՄՆ հրեական համայնքի ղեկավարներին՝ հայտնելով իր ցավակցությունն ու աջակցությունը Իսրայելին: