ԱՄՆ պետքարտուղարը ուղևորվել է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Իսրայել՝ Բլինքենի այցի նպատակը Գազայում պահվող ամերիկացի պատանդներին ազատ արձակելն է, նաև՝ նախազգուշացնելը հրեական պետության նկատմամբ թշնամաբար տրամադրված կողմերին՝ հեռու մնալ Իսրայելի ու «Համասի» միջև ընթացող մարտական գործողություններից։

Էնթոնի Բլինքենի այցը կոչված է ծառայելու որպես Իսրայելին ԱՄՆ աջակցության կարևոր ցուցիչ:

ԱՄՆ պետքարտուղարը չորեքշաբթի է մեկնել Իսրայել՝ հանդիպելու երկրի բարձրաստիճան ղեկավարությանը։ «Համասի» զինյալների հարձակման հետևանքով իսրայելական կողմում զոհերի թիվը հասել է 1 200-ի:

Բլինքենը նպատակն է նաև տեղեկանալ Իսրայելի ղեկավարությունից, թե լրացուցիչ ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Վաշինգտոնն իր դաշնակցին:

ԱՄՆ Պետքարտուղարության փոխանցմամբ, երեքշաբթի Բլինքենը զրուցել է Իսրայելի ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերի հետ, և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը «վերահաստատել է ԱՄՆ միանշանակ աջակցությունը Իսրայելին»:

Սպասվում է, որ Իսրայելից հետո Բլինքենը ժամանելու է հարևան Հորդանան՝ հանդիպելու տեղի ղեկավարությանը։

Շաբաթ՝ հոկտեմբերի 7-ին «Համաս» խմբավորման զինյալներն անսպասելի լայնածավալ հարձակում ձեռնարկեցին Իսրայելի ուղղությամբ՝ սպանելով ավելի քան հազար հոգու և պատանդ վերցնելով մի քանի տասնյակ մարդու։

Երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հաստատել է, որ զոհերի թվում են ԱՄՆ 14 քաղաքացիներ, անհետ կորած են համարվում 20 ամերիկացիներ, որոնց առնվազն մի մասը, ըստ Վաշինգտոնի, պատանդ են Գազայում։

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն փորձագետների հատուկ խումբ է գործուղել Իսրայել, որպեսզի տեղի անվտանգության մարմինների հետ համագործակցության միջոցով փորձեն գտնել անհետ կորած ամերիկացիներին։

«Համասի» գրոհներին ի պատասխան՝ Իսրայելը շարունակում է օդային հարվածները Գազայի հատվածին։

Գազայում՝ առողջապահական տեղի ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրվանից ի վեր Իսրայելի օդային հարվածների հետևանքով սպանվել են առնվազն 830 պաղեստինցիներ, վիրավորել՝ 4 250-ը: ՄԱԿ-ի տվյալներով, Գազայում անօթևան է մնացել ավելի քան 180 հազար մարդ։