Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերստին դատարանում է՝ այս անգամ պաշտպանելու իր հսկայածավալ անշարժ գույքը Նյու Յորք նահանգի հայցից։
250 միլիոն դոլար գնահատված խարդախության գործի շրջանակում նախկին նախագահը մեղադրվում է իր ունեցվածքը միլիարդավոր դոլարներով գերագնահատելու մեջ՝ բանկերից, ներդրողներից և այլ բիզնես-գործընկերներից ավելի բարենպաստ պայմաններով համաձայնագրեր ստանալու համար:
«Դոնալդ Թրամփը և մյուս մեղադրյալները շարունակաբար կանգնած են եղել խարդախությունների հետևում։ Պարզ բան եմ ասում՝ որքան էլ հզոր լինես, որքան էլ փող ունենաս, միևնույն է, օրենքից վեր չես»,- հայտարարել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Լեթիշյա Ջեյմսը։
Դատական հայցը վերաբերում է մի քանի գույքի, որոնք ենթադրաբար գերագնահատված են: Օրինակ, ըստ մեղադրանքի, Թրամփը Ուոլ Սթրիթ 40 հասցեում գտնվող գույքը՝ «Թրամփը բիլդինգը» գնահատել է ավելի քան 735 միլիոն դոլար, մինչդեռ պաշտոնական գնահատմամբ բազմահարկ շենքի գինը 550 միլիոն դոլար է․ տարբերույթյունը՝ գրեթե 200 միլիոն դոլար է:
Այլ օրինակ՝ Թրամփն իր Մար-ա-Լագոյի ունեցվածքը գնահատել է 739 միլիոն դոլար, ինչը, ըստ Նյու Յորքի գլխավոր դատախազի, ավելի քան 10 անգամ գերազանցում է դրա ողջամիտ գինը։
Թրամփը հերքում է մեղադրանքները։
«Սա «վհուկների որսի» շարունակությունն է: Բանկերը հետ են վերցրել իրենց գումարները. Երբեք դեֆոլտ չի եղել: Երբեք խնդիր չի եղել։ Ամեն ինչ կատարյալ էր։ Հանցագործություն չի եղել։ Իմ դեմ է հանցանք իրականացվում, քանզի կոռումպացված շրջանային դատախազ ունենք»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Նեամա Ռահմանին նախկին դաշնային դատախազ է:
«Մեղադրող կողմը պատրաստվում է ապացուցել Թրամփի մեղքը երկու ճանապարհով: Կփորձեն ցույց տալ, որ նա տեղյակ է եղել այս ամենից և միտումնավոր է գնացել նման քայլերի։ Երկրորդ ճանապարհը՝ հաշվարկը փորձագետների վրա կառուցելն է, ովքեր պատրաստ են վկայել, որ այս գույքի իրական արժեքը անգամ մոտ չէր Թրամփի և նրա փաստաբանների ու հաշվապահների ասածին»,- ասում է նախկին դաշնային դատախազ Նեամա Ռահմանին։
Ռահմանիի խոսքով նման դեպքերը հազվադեպ են:
«Որպես նախկին դաշնային դատախազ, կարող եմ ասել, որ անշարժ գույքը այդչափ թանկ ներկայացնելը սովորական երևույթ չէ: Հնարավոր է մարդիկ ուշադրություն չդարձնեն, մինչև որև բողոքի արդյունքում այս ամենը չհայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում: Բայց նրանք պետք է ապացուցեն, որ սա բանկի նկատմամբ խարդախություն է՝ ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային օրենքների համաձայն»,- հավելում է Ռահմանին։
Մինչ նախկին նախագահը պայքարում է իր անշարժ գույքի կայսրության համար, տակավին պարզ չէ, թե դատական տարաբնույթ քաշքշուկներն ինչի կհանգեցնեն Սպիտակ տուն տանող նրա ճանապարհին: