ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուներն երկրորդ անգամ հանդիպելու իրենց կողմնակիցներից շատերի համար հիրավի կարևոր վայրում՝ Միացյալ Նահանգների 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի գրադարանում։ Ռեյգանը մի գործիչ էր, ով խորհրդանշում էր հանրապետականների պահպանողական թևը:
Նախքան Հանրապետական կուսակցությանն անդամակցելը՝ Ռոնալդ Ռեյգանը հայտնի դարձավ հանրությանը որպես դերասան և ազատական հայացքների տեր դեմոկրատ: Արդեն 1980-ական թվականներին՝ երկու ժամկետ զբաղեցնելով երկրի նախագահաի աթոռը, նա հանդես եկավ որպես պահպանողական արժեքների կրող՝ սահմանափակելով կառավարության միջամատությունը երկրի տնտեսությունում, սահմանելով ցածր հարկեր և ավելի շատ գումար հատկացնելով պաշտպանությանը:
Հայտնի լինելով մարդկանց հետ դյուրությամբ լեզու գտնելու իր վարպետությամբ՝ Ռեյգանի ուղիղ խոսքերից մի քանիսը, կարելի է ասել, փոխել են պատմությունը:
«Պարոն Գորբաչով, քանդեք այս պատը»։
«Ռեյգանը փոխարինել է Աբրահամ Լինքոլնին՝ որպես Ամերիկայի պատմության մեջ ամենահայտնի հանրապետականը»,- ասում է Ռեյգանի մասին գրքի հեղինակ Քրեյգ Շիրլին։
Քրեյգ Շիրլին աշխատել է Ռեյգանի թիմում՝ քարոզարշավի ընթացքում, և Սպիտակ տանը՝ նրա նախագահության օրոք։ Ռեյգանի մասին վեց գրքի հեղինակ է:
Your browser doesn’t support HTML5
Նրա խոսքով, բանավեճի ընթացքում ներկայիս հանրապետական թեկնածուները, հավանաբար, կձգտեն համեմատվել Ռեյգանի հետ:
Նրանց թվում են Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, Հարավային Կարոլինայի սենատոր Թիմ Սքոթը, Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիքի Հեյլին, կենսատեխնոլոգիաների ոլորտում հայտնի ներդրող Վիվեկ Ռամասվամին և նախկին փոխնախագահ Մայք Փենսը:
«Մայք Փենսը, անշուշտ, արտահայտում է Ռեյգանի դիրքորոշումները՝ որոշ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև Նիքի Հեյլին, բայցև [Վիվեկ] Ռամասվամին»,- նշում է Շիրլին։
Բոլորը հիշում են՝ առաջին բանավեճի ժամանակ Ռամասվամին պնդեց, որ Չինաստանն ավելի լուրջ սպառնալիք է Միացյալ Նահագների համար, քան Ռուսաստանը: Ի պատասխան՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Հեյլին կասկածի տակ առավ Ռամասվամիի գիտելիքները արտաքին քաղաքականության ոլորտում: Ի դեպ, բանավեճերից մեկի ընթացքում Ռեյգանը, ով իր պաշտոնավարման ժամանակ ԱՄՆ պատմության ամենից տարեց նախագահն էր, ինչ-որ առումով անգամ հեգնեց իր մրցակցին՝ ակնարկելով նրա համեմատաբար երիտասարդ տարիքը:
«Չեմ պատրաստվում քաղաքական նպատակներից ելնելով կանգ առնել իմ ընդդիմախոսի երիտասարդության ու անփորձության վրա»,- ասել էր Ռեյգանը։
Ներկայում հանրապետականների առաջատար թեկնածու համարվող, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին բաց կթողնի բանավեճը: Օգոստոսին՝ Հեյլին նրան անվանեց Ամերիկայի ամենաչսիրված քաղաքական գործիչը, իսկ Քրիստին ու Փենսը կոչ արեցին որակազրկել Թրամփին, որպեսզի նա չկարողանա մասնակցել գալիք նախագահական ընտրություններին։ Բայց, օինակ, Ռամասվամին Թրամփին անվանեց «21-րդ դարի լավագույն նախագահ»:
«Շատ համեստ մարդ էր, մարդամոտ, չէր պարծենում, ինչն այնքան էլ բնորոշ չէ ներկայիս հանրապետական գործիչներին»,- ասում է Ռեյգանի մասին գրքի հեղինակ Իվան Մորգանը։
Տակավին արդիական են Ռեյգանի հիշարժան հայտարարությունները։
«Դուք ավելի լավ վիճակո՞ւմ եք, քան չորս տարի առաջ»,- ասել էր Ռեյգանը։
Տասնամյակներ անց էլ նույն հարցն է նախագահական քարոզարշավի հիմնական կետը: Չորեքշաբթի երեկոյան նախագահի թեկնածուները կփորձեն համոզել ընտրողներին, որ կարող են Հանրապետական կուսակցությանը վերադարձնել Սպիտակ տուն։