Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, և ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Զանգեզուրի միջանցքի առաջնային շահառուն Մոսկվան է, ապա՝ Ադրբեջանը. փորձագիտական տեսակետ։ Մոսկվան և Երևանը դիվանագիտական ընդհարման մեջ են

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարությունն աննախադեպ կոշտ քննադատության ենթարկեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Սերգեյ Լավրովի գլխավորած ​գերատեսչության ներկայացմամբ, Երևանն է մեղավոր սեփական «ներքին և արտաքին քաղաքականության ձախողումների» համար, և որ Հայաստանի իշխանությունները փորձում են հրաժարվել պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։

Ռուսաստանի արտգործնախարարության բնորոշմամբ, Փաշինյանը «երկիրը դարձնում է Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ»։

Ավելի վաղ՝ տեսաուղերձի միջոցով Ռուսաստանի հասցեին սուր քննադատությամբ էր հանդես եկել Հայաստանի վարչապետը՝ կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ:

Փաստորեն, Փաշինյանը կասկածի տակ դրեց Մոսկվայի կարողությունն ու ցանկությունը՝ պաշտպանել Հայաստանի շահերը տարածաշրջանում և կատարել իր դաշնակցային պարտավորությունները։

Ի հավելումն՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը մեղադրեց Ռուսաստանի կրեմլամետ լրատվամիջոցներին Երևանի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։

Զուգահեռաբար՝ վարչապետ Փաշինյանին հասցեագրված անձնական ուղերձով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նամակը երկուշաբթի վարչապետին փոխանցեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը, ով Հայաստան է ժամանել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։

Բայդենը նամակում խոսում է Միացյալ Նահանգների պատրաստակամության մասին՝ աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ խոստանալով նաև մարդասիրական ու այլ աջակցություն Երևանին։

Դիտորդների խոսքով, 1991 թվականից ի վեր, թերևս, աննախադեպ սրված հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին՝ ամենակարևորն անգամ Մոսկվայի հասցեին Փաշինյանի հրապարակայաին սուր քննադատությունը չէ, այլ, ինչպես «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ընդգծեց ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, պատմաբան Անդրեյ Զուբովը, առավել կարևորը հայ ժողովրդի լիակատար հիասթափությունն է «պուտինյան Ռուսաստանից»։

«Հայերի ճնշող մեծամասնությունը նախկինում հույսը դնում էր Ռուսաստանի օգնությանը՝ [Մոսկվան] դիտարկելով որպես երկրի անվտանգության երաշխավոր։ Կարծում էր, ռուս խաղաղապահները կպաշտպանեն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հարձակումից։ Ի վերջո, Հայաստանում տեղակայված են ռուսական երկու ռազմակայաններ։ Սակայն պարզվեց՝ Մոսկվայի հետ կապված բոլոր հույսերը ոչ մի արժեք չունեն»,- ասաց պատմաբանը։

Զուբովն ընդգծեց, Կրեմլն իրեն պահեց դավաճանի նման․ «Փաշինյանին պատժելու համար, ով որոշեց դիվերսիֆիկացնել Հայաստանի միջազգային հարաբերությունները, ինչը միանգամայն տրամաբանական էր՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի և Հայաստանը միայնակ թողնելու պայմաններում, Պուտինը գործեց իր ոճով՝ չափազանց ցինիկ: Փաստորեն, նա աջակցեց Ադրբեջանին, որ վերջինս տիրանա Լեռնային Ղարաբաղին՝ հույս ունենալով, որ այնուհետև Փաշինյանին կտապալի ընդդիմությունը՝ զայրացած քաղաքացիների ձեռքով»:

Արդեն մի քանի օր է Հայաստանում շարունակվում են հակակառավարական ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով։

Անդրեյ Զուբովն, այնուամեայնիվ, գտնում է՝ Կրեմլի հաշվարկներում էական սխալ կա․ «Փաստորեն, Պուտինը պատժեց Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, և հայ ժողովուրդը դա լավ է հասկանում։ Ուստի, կարծում եմ, Հայաստանը տևական ժամանակով դուրս կգա Մոսկվայի ազդեցության գոտուց ու Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների դաշտից։ Ռուսաստանում շատ բան պետք է փոխվի, որպեսզի բարեկամական հարաբերությունները վերականգնվեն»։

Ըստ ռուսաստանցի ընդդիմադիր գործչի, նեկայում Ադրբեջանը, Հայաստանը և Թուրքիան իրենց հաշվարկներն ավելի շատ կապում են արևմտյան դիվանագիտության հետ, և Պուտինը կորցրել է Հարավային Կովկասը, ինչը Ռուսաստանի նախագահի հերթական մեծ քաղաքական սխալն է, ով պարզապես զուրկ է մանևրելու ունակությունից ժամանակակից միջազգային հարաբերություններում։

Իր հերթին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Վադիմ Դուբնովը դժվարացավ կանխատեսել հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքը՝ հավելելով, թե Կրեմլն ակնհայտորեն փորձում է այնպես ներկայացնել, թե իբր Փաշինյանը «պատրաստվում է Ռուսաստանի համար դառնալ նոր Միխեիլ Սաակաշվիլի»։

«Անկեղծ ասած, քիչ եմ հավատում դրան։ Թերևս, այս ամենը ցուցադրական կանխարգելիչ միջոցառումներ են, քանի որ Մոսկվան ունի կոնկրետ շահագրգռվածություն Հայաստանի նկատմամբ, որը ռազմավարական կարգի է, և Կրեմլն ինքն է վերջին տարիներին ելնում դրանից։ [Մոսկվան] ցանկանում է վերահսկել հաղորդակցության ուղիները՝ այդ խոշոր հաղորդակցական հանգույցը, որը կարող է (կամ չի կարող) բացվել տարածաշրջանում, երբ գործարկվեն Զանգեզուրով և Իրանի միջով անցնող ճանապարհները»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Դուբնովը։

Հիշեցնենք, 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ու Անկարան շարունակաբար առաջ են մղում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը՝ տրանսպորտային միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով և կկապի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Երևանը դեմ է, որպեսզի իր տարածքով անցնող ճանապարհները դուրս լինեն հայաստանյան իրավազորությունից։

Վադիմ Դուբնովի կարծիքով, Մոսկվան հույս ունի վերահսկել ճանապարհային խաչմերուկը․ «Մոսկվան և Անկարան կիսելու են «վերահսկիչ փաթեթը», ինչը (իրենց տեսանկյունից) տրամաբանական է՝ ինչո՞ւ վերահսկողություն հաստատել Երևանի ու Բաքվի նկատմամբ, երբ կարելի է վերահսկել հաղորդակցային ուղիները և ձեռքը պահել տարածաշրջանի զարկերակին՝ առանց մեղադրանքների, թե կայսերապաշտական քաղաքականություն եք վարում։ Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի հետ, այժմ Ռուսաստանի համար նոր տարածքներ ու հնարավորություններ են բացվում՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար»։

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը ընդգծում է՝ այնպես որ, «Զանգեզուրի միջանցքի» հիմնական շահառուները նախ Մոսկվան է, ապա՝ Ադրբեջանը։ Սակայն, նրա գնահատմամբ, տարածաշրջանում տրանսպորտային ուղիների հետ կապված խնդիրներն այդքանով չեն սահմանափակվում. «Երբ Ադրբեջանը Լաչինի ճանապարհին անցակետ տեղադրեց, այն տհաճ անակնկալ էր Մոսկվայի համար։ Հատկապես հաշվի առնելով, որ Բաքուն առաջարկել էր Երևանին «հայելային» տարբերակով անցակետեր տեղադրել։ Մոսկվան ենթադրում էր, որ վերահսկելու է Հայաստանի մուտքը։ Այժմ ամբողջ վեճն այն է, թե ով է վերահսկելու այդ մուտքը: Հայաստանն իր ողջ ուժով դիմադրում է, քանի որ սա նրա վերջին բանակցային ռեսուրսն է, ուստի փորձում է ավելի թանկ վաճառել, եթե ընդհանրապես պատրաստ է դրան»։

Փորձագետի գնահատմամբ, Երևանի դիրքերը բավականին խոցելի են. «Ընդհանուր առմամբ, այժմ տարածաշրջանում բլեֆի համար մեծ դաշտ է բացվել, որը, սակայն, ցանկացած պահի կարող է ճշմարիտ լինել։ Հայաստանն առերեսվում է բազմաթիվ սպառնալիքների, և հիմնական ինտրիգը դրա մեջ է»։

Դուբնովի կանխատեսմամբ, Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կմնա իշխանության, և Մոսկվայում, հասկանալով, որ դեռ գործ են ունենալու Հայաստանի ներկայիս վարչապետի հետ, նրա նկատմամբ կոշտ հռետորաբանություն են կիրառում։