Վերջինիս լրագրողը հետաքրքվեց, թե «արդյոք ԱՄՆ-ը ճանաչում և աջակցում է Ադրբեջանի իրավունքը՝ վերականգնելու սեփական տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղում»:
Ի պատասխան պետքարտուղարն ասել է.
«Այս շաբաթ հնարավորություն ունեցա խոսելու երկու առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, և երկուսին էլ փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այս անցնող շաբաթվա գործողությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Որպես Միացյալ Նահանգների ընդհանուր մոտեցում՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ ուժի կիրառումն անընդունելի է և այն հակասում է մեր գործադրած ջանքերին: Բայց ավելի կարևոր է, որ երկու երկրներն էլ ներգրավված են տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու գործընթացում: Սա մի բան է, որը բխում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի շահերից: Դրանում երկուսն էլ ներդրումներ են կատարել, այդ թվում՝ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը։ Եվ սա մի բան է, որին մենք աջակցել ենք Եվրամիության հետ միասին: Այսպիսով, գործողությունները, որոնք մենք տեսանք այս շաբաթ, ուղղակի հակասում են այդ ջանքերին, ինչպես նաև արդար և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին, որի ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում: Դա տարածաշրջանի երկու երկրների համար հսկայական օգուտ կբերի և դրական փոփոխություն 30 տարվա հակամարտությունից հետո։
Ես նաև խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակով: Մարդասիրական կազմակերպությունների համար կարիքավոր բնակչությանը անարգել մուտք ունենալու հրամայականը նույնպես մեր մտածողության առաջնահերթություններից է, ուստի մենք սերտ կապի մեջ ենք եղել բոլոր կողմերի հետ: Մենք սերտ կապի մեջ ենք եղել նաև Եվրոպական միության հետ՝ փորձելով գործընթացը վերադարձնել դրական հունի մեջ: Վերջին 24 ժամվա ընթացքում լուրեր եղան Բաքվի ու Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման մասին: Մենք ցանկանում ենք վերադառնալ դեպի երկխոսություն, դիվանագիտություն ու բանակցություններ:
Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ապա մենք պաշտպանում ենք այդ սկզբունքները բոլոր շահագրգիռ կողմերի պարագայում»,- հայտնել է պետքարտուղար Բլինքենը: