Լաչինի միջանցքի շրջափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական իրավիճակը շարունակում է խորապես մտահոգել ամերիկացի օրենսդիրներին: ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում այս թեմայով վերջերս կայացած լսումներից օրեր անց՝ սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ լսումներ կայացան ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի նախագահությամբ:
«Մեր ուղերձն ամենաբարձր մակարդակից պետք է լինի՝ անհապաղ դադարեցնել շրջափակումը, դադարեցնել սպառնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ու Հայաստանին, բացել Լաչինի միջանցքը, անհապաղ պահպանել այն պարտավորությունները, որոնք Ադրբեջանն ինքն է ստանձնել 2020 թվականի նոյեմբերի հրադադարի ժամանակ»,- հայտարարեց սենատոր Մենենդեսը:
Լսումներին մասնակցող հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, սենատոր Ջեյմս Ռիչը կիսում է մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծանր վիճակի կապակցությամբ:
Your browser doesn’t support HTML5
«Միացյալ Նահանգները մեր եվրոպացի դաշնակիցների հետ միասին կարևոր դեր ունեն Կովկասի ապագայում։ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին ի պատասխան մեր գործողություններն առանցքային կլինեն տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի լայն քաղաքականության համատեքստում»,- հայտարարեցց սենատոր Ռիչը:
Լսումներին պատասխանող կողմ հանդիսացող Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը նշել է, որ պետքարտուղարությունը ևս խորապես մտահոգված է «Լաչինի միջանցքի շարունակական արգելափակմամբ և այն հետևանքներով, որ այդ արգելափակումը ունենում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»: Նա հավաստիացրեց, որ այս ուղղությամբ աշխատանքը չի դադարի մինչև չլինեն լուծումներ՝ շեշտելով՝ ստատուս քվոն այս հարցում բացարձակ անընդունելի է Վաշինգտոնի համար:
«Թեև կարծում եմ, որ բոլորս ողջունում ենք Աղդամով անցած մեկ բեռնատարը, սակայն ենթադրում եմ, որ բոլորս էլ համաձայն ենք, որ դա բավարար չէ: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի: Մյուս երթուղիները նույնպես կարող են բաց լինել, բայց Լաչինը պետք է բաց լինի: Դա բանակցության առարկա չէ»,- ասում է Քիմը:
Նա հայտնել է, որ այդ ուղերձը բազմիցս փոխանցվել է Բաքվին ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր զրույցներում, իսկ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ով պետք է մասնակցեր լսումներին, այս հարցերով կրկին մեկնել է տարածաշրջան:
«Իմ ձեռքում կան բազմաթիվ նյութեր, ուր ներկայացված են այն բոլոր հեռախոսազանգերը, հանդիպումները, այցերը, որոնց միջոցով մենք երկու պարզ ուղերձ ենք փոխանցել. առաջինը՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի: Այլևս ոչ մի հետաձգում: Եվ երկրորդը՝ մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն կամ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ», - նշել է նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի դիրքորոշումն է՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն ցանկացած խաղաղության պայմանագրի համատեքստում, իսկ Ադրբեջանն այս առումով Լեռնային Ղարաբաղի հայությանը պետք է տրամադրի միջազգայնորեն հաստատված երաշխիքներ:
Քիմը նկատում է՝ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտված չէ, ուստի խաղաղություն հաստատելուն ուղղված ԱՄՆ ջանքերը ավելի կարևոր են դառնում: Այս առիթով սենատոր Մենեդեսը ևս փաստել է՝ անցած տարվա ընթացքում ԱՄՆ նպաստել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ավելի երկարատև համաձայնագրի հաստատմանը:
«Ես աջակցում եմ ցանկացած ջանք, որը ապահովում է տարածաշրջանի բոլոր մարդկանց կայուն խաղաղությունը, անվտանգությունը և հիմնարար իրավունքները: Բայց իրականությունն այն է, որ այս խոսակցությունն կորցնում է իր արժեքը, երբ բանակցությունների մասնակիցներից մեկը էթնիկ զտումների արշավ է իրականացնում»,- շեշտել է Մենեդեսը:
Հանձնաժողովի նախագահն ու լսումներին մասնակից այլ սենատորներ իրենց անհամաձայնությունը հայտնեցին վարչակազմի կողմից նախկինում 907-րդ բանաձևի չեղարկման կապակցությամբ: Ըստ սենատոր Մենեդեսի՝ այն չեղարկելով Վաշինգտոնը սխալ ուղերձ է հղում:
«Ես ակնկալում եմ, որ եթե այսպես շարունակվի, ապա մենք չենք պատրաստվում չեղարկել 907-րդ բանաձևը: Այն չեղարկելով մենք միայն քաջալերում ենք Ալիևին, և նրան հղում ուղերձ, որ ամեն ինչ նորմալ է»,- ասել է Մենեդեսը:
«ԱՄՆ-ն պետք է վճռական գործի: Երբ կանոնավոր չեղարկվում է 907-րդ բանաձևը, իսկ Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկում ամեն տեսակի շրջափակումները և Հայաստանի դեմ ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ, ապա մենք կորցնում ենք մեր հանդեպ վստահությունը՝ ցույց տալով, որ պատրաստ չենք վճռական քայլերի դիմել մեր արժեքների հիման վրա»,- պնդում է սենատոր Քարդինը:
Ի պատասխան՝ Քիմը նշել է, որ Միացյալ Նահանգների տրամադրվող ռազմական օգնությունն Ադրբեջանին բխում է ԱՄՆ-ի շահերից, որևէ կերպ չի օգտագործվում Հայաստանի դեմ հարձակման համար և ուղղված է Իրանի հետ սահմանի պաշտպանությանն ու թմրանյութերի շրջանառության դեմ պայքարին: Ըստ նրա՝ պետքարտուղարությունը ուշադրությամբ հետևում է, որ այս դրույթները չխախտվեն:
«Մենք մեծ պատասխանատվությամբ և լրջությամբ ենք վերաբերվում այս հարցին։ Նշեմ, որ 907-րդ բանաձևի վերջին չեղարկման ժամկետը լրացել է հունիսին, սակայն մենք դեռևս չենք դիմել բանաձևի նոր չեղարկման համար, քանի որ շատ ուշադիր ուսումնասիրում ենք իրավիճակը»,- հայտարարել է Քիմը:
Ամերիկացի դիվանագետը կարևորեց ադրբեջանական գազամուղերի ու նավթամուղերի գործունեությունը, որոնք, ըստ նրա, այլընտրանք են հանդիսանում ռուսական էներգակիրներին: Պատասխանելով Հայաստանի ու Ռուսասատնի միջև վերջին շրջանում նկատված լարվածության և Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի հնարավոր փոփոխման մասին հարցին՝ Քիմն ընդգծեց, որ դեռևս շատ վաղ է խոսել դրա վերաբերյալ, սակայն կարևորեց ԱՄՆ-ի աջակցության ընդլայնումը Հայաստանին:
«Մենք պետք է մեծացնենք օգնության շրջանակը, որը մենք տրամադրում ենք Հայաստանին, լինի դա զարգացման աջակցություն, պաշտպանական ոլորտում գործընկերություն կամ անվտանգության ոլորտում աշխատանք»,- ասել է նա:
Ամերիկացի դիվանագետը հավելել է՝ այդ օգնությունը, սակայն, պետք է ընդլայնվի այնքան, որքան դա ընդունելի կլինի Հայաստանի համար: Սա չի կարող լինել միակողմանի քայլ, շեշտում է պետքարտուղարության ներկայացուցիչը՝ ավելացնելով՝ մենք պետք է դա անենք Հայաստանի հետ իրական գործընկերության համատեքստում և համոզվենք, որ տրամադրում ենք այն աջակցությունը, որն անհրաժեշտ է Երևանին: