Մատչելի հղումներ

ԱՄՆ-Հայաստան զորավարժությունները կապված չեն այլ իրադարձությունների հետ. ԱՄՆ պետքարտուղարություն 


Ամերիկացի զինվորականները
Ամերիկացի զինվորականները

ԱՄՆ պետքարտուղարությունը հերքում է, որ Հայաստանում ընթացող հայ-ամերիկյան զորավարժությունները կապված են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին զորքերի կուտակումների կամ այլ զարգացումների հետ:   

Այս հարցը բարձրացվել է այսօր պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերի՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ուր Միլերն ընդգծել է, որ զորավարժությունները գործընկեր երկրների հետ, ինչպիսին հանդիսանում է Հայաստանը, կրում են սովորական բնույթ:

«Մենք պարբերաբար պարապունքներ ենք անցկացնում և իրականացնում մեր գործընկերների հետ՝ պատրաստվածության մակարդակը պահպանելու համար և շարունակաբար բարելավում ենք մեր զինված ուժերի փոխգործունակությունը:

Հայաստանը Միացյալ Նահանգների վաղեմի գործընկերն է: 2003 թվականից ի վեր այն հարաբերություններ է հաստատել Կանզասի ազգային գվարդիայի հետ՝ որպես Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի մաս, ուստի ոչ, սա սովորական զորավարժություն է, որը ոչ մի կերպ չի կարող կապված լինել ցանկացած այլ իրադարձությունների հետ»,- պարզաբանել է Միլերը ճեպազրույցի ընթացքում:

Պատասխանելով լրագրողի հարցին այս կապակցությամբ Մոսկվայի խիստ արձագանքի վերաբերյալ՝ ուղղված Երևանին՝ Միլերը հայտնել է.

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջին տարիներին ներխուժել է իր երկու հարևանների տարածք՝ կարծում եմ՝ այն պետք է զերծ մնա այլ երկրներին անվտանգության միջոցառումների մասին դասեր տալուց»,- ասել է Միլերը

XS
SM
MD
LG