Սպիտակ տան մամլո գրասենյակը երկուշաբթի երեկոյան հայտնել է, որ ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի մոտ թեստի միջոցով ախտորոշվել է COVID-19: Նա ունի հիվանդության թեթև ախտանիշներ։
«Այսօր երեկոյան առաջին տիկնոջ մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Նա կմնա տանը Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչում», - ասել է նրա խոսնակ Էլիզաբեթ Ալեքսանդրը:
Ջո Բայդենի COVID-19 թեստը բացասական է:
«Առաջին տիկնոջ՝ COVID-ի դրական թեստից հետո, նախագահ Բայդենը նույնպես այս գիշեր COVID-ի համար թեստ է անցել», - ասել են Սպիտակ տանը։ «Նախագահի թեստը բացասական է եղել: Ջո Բայդենը սովորականի պես թեստավորում կանցնի այս շաբաթ և կհետևի իր ախտանիշներին»:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան նա առանց կնոջ ժամանել է Վաշինգտոն։
Անցյալ շաբաթ օրը Միացյալ Նահանգների նախագահն ու առաջին տիկինը միասին այցելել են փոթորկից տուժած Ֆլորիդա, իսկ հետո հանգստյան օրերի մի մասը միասին անցկացրել Դելավեր նահանգի Ռեհոբոթ Բիչի ծովափնյա առանձնատանը:
Հինգշաբթի օրը Բայդենը պետք է մեկնի Դելի՝ մասնակցելու Հնդկաստանում G20 գագաթնաժողովին:
Ջիլ Բայդենն արդեն ունեցել է կորոնավիրուս 2022 թվականի օգոստոսին, Միացյալ Նահանգների նախագահի մոտ այն ախտորոշվել էր 2022 թվականի հուլիսին։ Երկուսն էլ ունեցել են թեթև ախտանշաններ և լիովին ապաքինվել են: