Մատչելի հղումներ

Աշխատանքի օրվա կապակցությամբ նախագահ Բայդենը ելույթ է ունեցել Ֆիլադելֆիայում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Ֆիլադելֆիայում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը` Ֆիլադելֆիայում

Անցած շաբաթ օրը նախագահն այցելել էր «Իդալիա» փոթորկի զոհ դարձած Ֆլորիդա նահանգ։

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Ֆիլադելֆիա։ Ծրագրի կարևոր կետը նրա ելույթն էր «AFL-CIO» արհմիութենական խմբի միջոցառմանը: Յուրաքանչյուր սեպտեմբեր ամսվա առաջին երկուշաբթի ԱՄՆ-ում նշվում է Աշխատանքի օրը, և նախագահը որոշել է միանալ տոնակատարությանը Փենսիլվանիայում, ուր, դեմոկրատների կարծիքով, մեծ հնարավորություն կա 2024 թվականի համապետական ընտրությունների ժամանակ ստանալ ձայների մեծամասնությունը՝ Բայդենի քաղաքականության շնորհիվ։

Հիշեցնենք, 2020 թվականի ընտրությունների ժամանակ Բայդենը լուրջ հաջողության էր հասել Փենսիլվանիայում։

Ջո Բայդենը ներկայանում է որպես արհմիությունների կողմնակից։ Նախորդ ամիսներին Սպիտակ տունն ակտիվորեն առաջ էր մղում նրա տնտեսական քաղաքականությունը՝ բայդենոմքսը:

Հանրապետականների ներկայացմամբ, սակայն, դեմոկրատների քաղաքականությունը հանգեցրել է բնակարանների, սննդի և բենզինի թանկացմանը՝ գնաճին:

ԱՄՆ Կենտրոնական բանկը՝ Դաշնային պահուստային համակարգը 2022 թվականի մարտից շարունակ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքները՝ այն հասցնելով 5,25%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2001 թվականի մարտից ի վեր։ Արդյունքում, վարկերը թանկացել են, և օրինակ, 30-ամյա հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքն այժմ գերազանցում է 7%-ը։

Սակայն նվազել է գնաճը՝ նախորդ տարվա ամռանը գրանցված 7%-ի փոխարեն, 3,3% է: Չնայած նման նահանջին, Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելն անցած ամսվա վերջին հայտարարեց, թե այն «մնում է չափազանց բարձր», և որ Դաշնային պահուստային համակարգը կարող է վերստին բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

Թեև ԱՄՆ-ում նոր աշխատատեղերի աճն օգոստոսին արագացել է, սակայն գործազրկության մակարդակը նույնպես աճել է՝ հասնելով 3,8%-ի։ Դանդաղել է աշխատավարձի աճը։ Ըստ ԱՄՆ Աշխատանքի նախարարության անցած շաբաթ հրապարակած տվյալների, աշխատաշուկայում աճի դանդաղումը պայմանավորված է Դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքների բարձրացմամբ:

Այս ամենի ֆոնին՝ Սպիտակ տունը ընդգծում է, որ Բայդենի նախագահության մեկնարկից՝ 2021 թվականի հունվարից ի վեր ամերիկացիների իրական եկամուտներն աճել են 3,5%-ով, իսկ գործազրկության մակարդակը մոտեցել է նախորդ 50 տարվա ընթացքում գրանցված նվազագույն ցուցանիշին։

Աշխատանքի օրվան ընդառաջ՝ «Milwaukee Journal-Sentinel»-ում հրապարակած հոդվածում Բայդենն առաջարկել է արտաժամյա վարձատրություն տրամադրել մոտ 3,6 միլիոն ամերիկացիներին և բարձր է գնահատել արհմիությունների դերը տնտեսության զարգացման գործում:

«Յուրաքանչյուր ամերիկացի, ով պատրաստ է քրտնաջան աշխատել, պետք է կարողանա աշխատանք գտնել, ընտանիքն ապահովել լավ աշխատավարձով՝ շարունակելով բնակվել այնտեղ, ուր մեծացել է։ Այդ իսկ պատճառով բայդենոմիքսի հիմքում այն է, ինչ միշտ լավագույնս աշխատել է մեր երկրում՝ ներդրումներ կատարել ամերիկացի աշխատավորների՝ մեր պատմության իրական հերոսների ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Ակնկալվում է, որ 2024 թվականի նախագահական ընտրապայքարում ևս տնտեսական հարցերը կշարունակեն կարևոր դեր խաղալ։

Անցած ամիս «Reuters»/«Ipsos»-ի հարցումը ցույց տվեց, որ տնտեսությունը, գործազրկությունը և աշխատատեղերը շարունակում են մնալ ամերիկացիների գլխավոր մտահոգությունը: Հարցվածների 60%-ը, այդ թվում՝ դեմոկրատների համակիրներից յուրաքանչյուր երրորդը, անհամաձայնություն է հայտնել գնաճի դեմ ուղղված Բայդենի վարչակազմի գործողությունների առնչությամբ։

Փենսիլվանիան և մի շարք այլ նահանգներ, որոնք սովորաբար տատանվում են՝ ում աջակցել նախագահական ընտրությունների ժամանակ՝ դեմոկրատների՞ն, թե՞ հանրապետականներին, որոշիչ դեր են ունենալու ընտրությունների ժամանակ:

XS
SM
MD
LG