Մատչելի հղումներ

Նախագահ Բայդենի ուղերձը՝ Ուկրաինայի անկախության օրվա առթիվ. ուկրաինական հարցի կարևորությունն ամերիկյան քաղաքականությունում


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ԱՄՆ Կոնգրեսում, Վաշինգտոն, ԱՄՆ, 22 Դեկտեմբեր, 2022 թ.
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ ԱՄՆ Կոնգրեսում, Վաշինգտոն, ԱՄՆ, 22 Դեկտեմբեր, 2022 թ.

Բայդենի խոսքով, «Ուկրաինայի անկախության օրը հիշեցում է, որ խավարի ուժերը երբեք չեն մարի ազատության կրակը»։ Ուկրաինային իրենց աջակցությունն են հայտնել նաև ԱՄՆ նախագահի հանրապետական գրեթե բոլոր թեկնածուները։

Հինգշաբթի Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ օգոստոսի 24-ին նշվող Ուկրաինայի անկախության օրվա առթիվ։

«Այսօր Ուկրաինայի ժողովուրդը վերստին նշում է իր անկախության օրը՝ ենթարկվելով Պուտինի ստոր, լայնածավալ հարձակմանը՝ տարածքների և իշխանության համար։ Տասնութ ամիս ուկրաինական ընտանիքներն ապրել են ռուսական հրթիռների ամենօրյա սպառնալիքի և դաժան հարձակումների ներքո: Բայց ուկրաինացի ժողովուրդը չկոտրվեց»,-ասված է Բայդենի հայտարարության մեջ:

Այն ընդգծում է՝ 2014 թվականին է Ռուսաստանն առաջին անգամ ներխուժել Ուկրաինա, և «ուկրաինացի խիզախ կանայք ու տղամարդիկ պաշտպանում են Ուկրաինան՝ հիմնարար սկզբունքների նկատմամբ ոտնձգություններից, որոնք [այդ սկզբունքները] չափազանց կարևոր են մոլորակի յուրաքանչյուր պետության համար՝ ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն»։

«Նրանք՝ [ուկրաինացիները] աշխարհին ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ազատության համար արժե պայքարել»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենի խոսքով, «անկախությունը նշանակում է սեփական ապագան ընտրելու ազատություն, որը շատ թանկ է»:

ԱՄՆ նախագահը խոստացել է, որ գործընկեր-պետությունների հետ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուկրաինային՝ հետ մղելու ռուսական ագրեսիան, պաշտպանելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքները և օգնելու ուկրաինացի ժողովրդին՝ կառուցելու անվտանգ, բարգավաճ և ծաղկող երկիր:

«Նրանք արժանի են անկախ ապագայի»,- հայտարարել է Ջո Բայդենը։

Ուկրաինայի պատերազմին անդրադարձ է եղել Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուների առաջին հեռուստաբանավեճի ընթացքում: Թեկնածուների ճնշող մեծամասնությունը սատարել է Կիևին ցուցաբերվող ռազմական օգնությունը։

Վիսկոնսին նահանգի Մըլվաքիում ընթացող բանավեճի ընթացքում, որին ներկա չէր Դոնալդ Թրամփը, բոլոր մասնակիցները՝ բացառությամբ մեկի, իրենց աջակցությունը հայտնեցին Ուկրաինային ռազմական օգնության տրամադրմանը:

Նախկին փոխնախագահ Մայք Փենսին հատուկ կանգ առավ արտաքին քաղաքականության կարևորության վրա․ «Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ չենք կարող խնդիրներ լուծել, սահմանափակ պատկերացում ունի երկրագնդի հզորագույն երկրի մասին»։

Հարցին՝ ո՞վ է դեմ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորմանը, մեկ թեկնածու ձեռք բարձրացրեց՝ գործարար Վիվեկ Ռամասվամին։

«Սարսափելի է, որ պաշտպանում ենք օտար պետության սահմանները ներխուժումից, այնինչ պետք է օգտագործենք նույն ռազմական ռեսուրսը՝ ներխուժումից պաշտպանելու մեր՝ հարավային սահմանը»,- հայտարարել է Ռամասվամին՝ հանդիսատեսի մոտ ժպիտ առաջացնելով:

Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին խիստ է արձագանքել այս խոսքերին․ «Պետք է հասկանանք, որ Ուկրաինան մեր պաշտպանության առաջին գիծն է»։

Հեյլին սուր քննադատության է ենթարկել Ռամասվանիին՝ նրան մեղադրելով արտաքին քաղաքականության մեջ փորձի իսպառ բացակայության և աշխարհում ԱՄՆ դերը չհասկանալու մեջ․ «Նա ցանկանում է Ուկրաինան հանձնել Ռուսաստանին։ Ցանկանում է թույլ տալ Չինաստանին մուտք գործել Թայվան։ Ցանկանում է դադարեցնել Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը»։

Հանրապետական թեկնածուների միջև բանավեճը 2024 թվականի ԱՄՆ համապետական ընտրություններից առաջ առաջին խոշոր իրադարձությունն էր: Մասնակիցները, հիմնականում, սատարեցին նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, բայց նաև դրական գնահատեցին նախկին փոխնախագահ Մայք Փենսի գործողությունները․ Փենսը ճանաչել էր 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, որոնք ընտրություններից հետո վիճարկում էր Թրամփը։

Հիշեցնենք, Մայք Փենսը անտեսեց Թրամփի պահանջը՝ չընդունել նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ էր տարել Ջո Բայդենը։ Ի պատասխան՝ Թրամփի որոշ կողմնակիցներ պահանջեցին հաշվեհարդար տեսնել Փենսի հետ:

Նախկին փոսխնախագահը հեռուստաբանավեճից հետո՝ լրագրողների հետ զրույցում դարձյալ անդրադարձավ Ուկրաինային: Մայք Փենսի խոսքով, Միացյալ Նահանգներն ազատ աշխարհի առաջնորդն է․ «Կասկած չունեմ՝ եթե թույլ տանք, որ Պուտինը տիրի Ուկրաինան, ապա ժամանակի հարց է, որ նա կանցնի սահմանը, և մե՛նք պետք է կռվենք նրա դեմ: Այն կարծիքին եմ, որ եթե այդ երկիրը՝ [Ուկրաինան] պատրաստ է կռվել այս երկրի թշնամիների դեմ, եկեք նրանց հնարավորություն տանք պայքարելու, որպեսզի մենք ստիպված չլինենք հետագայում պայքարել նրանց՝ [Ռուսաստանի] հետ»:

ԱՄՆ նախկին փոխնախագահը հիշեցրեց իր այցն Ուկրաինա, ուր ծանոթացել է ռուս զինվորականների իրականացրած սպանությունների և վայրագությունների փաստերի հետ՝ գնդակահարված երեխաներ, կանայք, տղամարդիկ և ծերեր:

XS
SM
MD
LG