«Gallup»-ի վերլուծաբանները փորձել են հասկանալ, թե ինչ փոփոխությունների են ենթարկվել այդ տեսակետները, և որքան է մեծացել առաջարկած լուծումներին դեմոկրատ և հանրապետական ընտրազանգվածների աջակցությունների միջև տարբերությունը։ Նրանք համեմատել են մոտ քսան տարվա ընթացքում անցկացված երեք հարցումների արդյունքները՝ 2002-2003, 2013 և 2022-2023 թվականներին։
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ անցած քսան տարիներին երկու կուսակցությունների աջակիցների պատկերացումների միջև գոյություն ունեցող տարբերությունը, ընդհանուր առմամբ, էական փոփոխություններ չի ապրել։ Չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ դեմոկրատ և հանրապետական ընտրազանգվածների կարծիքները մոտեցել են տարիների ընթացքում։
Այսպես, եթե 2003 թվականին դեմոկրատ ընտրազանգվածի գրեթե 80%-ը կարծում էր, որ ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա օգտվել առողջապահական համակարգից, իսկ 2023 թվականին դեմոկրատների օգտին քվեարկողների շարքում նման կերպ մտածող մարդկանց թիվը 85% էր, ապա հանրապետական ընտրազանգվածում 2003 թվականին այդպես էր մտածում գրեթե 50%-ը, իսկ այս տարի՝ 30%-ը։
Մեկ այկ հարց, որը շարունակաբար ամերիկյան հանրության ուշադրության կենտրոնում է՝ երկրի ներսում հրազենի նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, և եթե 2003 թվականին դեմոկրատ ընտրազանգվածի մոտ 70% էր համարում, որ այդ վերահսկողությունը պետք է ուժեղացվի, իսկ 2023 թվականին 84%-ը, ապա հանրապետական ընտրողների մոտ հակառակ պատկերն է՝ 2003 թվականին նման կարծիքին էր գրեթե 45%-ը, իսկ 2023 թվականին՝ 31%-ը։
Տարբերությունը հատկապես նկատելի է այն հարցերի շուրջ, որոնք քաղաքական թեժ քննարկումների առարկա են ու ակտիվորեն արծարծվում են լրատվամիջոցներում։ Օրինակ, պետական իշխանության վերաբերյալ կարծիքներ, շրջակա միջավայրին, կրթությանը, հղիության արհեստական ընդհատմանը, ներգաղթին, զենքի վերահսկողությանը և առողջապահությանը վերաբերող հարցեր:
Ներկայացնենք այլ ուշագրավ թվեր։
Եթե 2003 թվականին դեմոկրատ ընտրազանգվածի մոտ 45%-ն էր գտնում, որ ներգաղթը պետք է կրճատվի, ապա 2023 թվականին այդ կարծիքին էր 18%-ը։ Հանրապետականներին հարող ընտրողների մոտ ճի՛շտ հակառակ պատկերն է՝ 2003 թվականին այդ կարծիքին էր գրեթե 55%-ը, 2023 թվականին՝ ավելի շատ` 58%-ը։
Մարիխուանայի օրինականացմանը 2003 թվականին կողմ էր դեմոկրատ ընտրազանգվածի շուրջ 40%-ը, 2023 թվականին՝ գրեթե 90%-ը: Թեև հանրապետական ընտրողներն այս հարցում ավելի պահանողական են, սակայն իրենց մոտ էլ աճ կա․ 2003 թվականին կողմ էր հանրապետական ընտրազանգվածի շուրջ 30%-ը, 2023 թվականին՝ գրեթե 60%-ը:
2023 թվականին դեմոկրատ ընտրողների միայն 31%-ն էր գտնում, որ ԱՄՆ կառավարությունը չափից դուրս շատ իշխանություն ունի։ Նույն կարծիքին էր հանրապետական ընտրազանգվածի 73%-ը։
2003 թվականին դեմոկրատների և հանրապետականների դիրքորոշումների միջև տարբերությունն այդքան մեծ չէր, որ ԱՄՆ դաշնային կառավարությունը չափազանց մեծ իշխանություն ունի: Պաճառներից մեկը կարող էր լինել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումը, որը ձևավորեց հանրային կոնսենսուս ահաբեկչության դեմ պայքարում:
Սակայն հաջորդ տարիներին հանրապետական ընտրողների մոտ ավելի շատ ամրապնդվեց տեսակետը, թե ԱՄՆ դաշնային կառավարությունը մեծ իշխանություն ունի երկրում:
2023 թվականին դեմոկրատ ընտրողների 88%-ն այն կարծիքին էր, որ կլիմայի փոփոխության գլխավոր պատճառը մարդու գործունեությունն է, մինչդեռ այդպես էր մտածում հանրապետական ընտրողների միայն 37%-ը։
Ակնհայտորեն, նախորդ քսան տարիներին դեմոկրատներն ավելի շատ են մտահոգվել կլիմայի փոփոխությամբ՝ հանգելով այն կարծիքին, որ մարդկային գործունեությունն է դրա պատճառը: Կլիմայի հետ կապված հանրապետականների մտավախությունը, ընդհակառակը, փոքր-ինչ նվազել է։ Նվազել է նաև այն հանրապետական ընտրողների քանակը, ովքեր համարում են, որ կլիմայի փոփոխության պատճառը մարդն է։ Եթե 2003 թվականին այդպես էին կարծում Հանրապետական կուսակցության համակիրների կեսից ավելին, ապա 2023 թվականին նրանց թիվը նվազել էր՝ հասնելով 37%-ի:
Ցանկացած պարագայում հղիության արհեստական ընդհատումը պետք է օրենքով թույլատրվի․ 2023 թվականին այս կարծիքին էին դեմոկրատ ընտրողների 59%-ը, և հանրապետական ընտրողների ընդամենը 12%-ը։
Արդեն 20 տարի հանրապետականների կարծիքը հղիության արհեստական ընդհատման թույլատրելիության վերաբերյալ առանձնապես չի փոխվել (կուսակցության համակիրների մոտ 12-15%-ն է կողմ արտահայտվում)։ Բայց դեմոկրատների կարծիքը կտրուկ փոխվել է. եթե 2003 թվականին յուրաքանչյուր երրորդ դեմոկրատը կողմ էր, որ աբորտները թույլատրվեն օրենքով, ապա այժմ այդ ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 59%-ի։
Ինչպես նշեցինք, 2023 թվականին դեմոկրատ ընտրողների 18%-ն էր կողմ, որպեսզի ներգաղթը կրճատվի, նույն կարծիքին էր հանրապետական ընտրազանգվածի 58%-ը։
Ներգաղթի հարցերում դեմոկրատների և հանրապետականների միջև անջրպետը զգալիորեն մեծացել է։ Եթե 2003 թվականին այն կարծիքը, որ ներգաղթը դեպի ԱՄՆ պետք է կրճատվի, կիսում էին թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների մոտ կեսը, ապա քսան տարի անց նրանց միջև տարբերությունը, փաստորեն, զգալիորեն ավելացել է։
2023 թվականին դեմոկրատ ընտրողների 84%-ը համոզված էր, որ երկրում հրազենի նկատմամբ վերահսկողությունը պետք է խստացվի, այդ կարծիքին էին հանրապետականների միայն 31%-ը։
Այսօր Դեմոկրատական կուսակցության կողմնակիցներն ավելի հաճախ են արտահայտվում, որ երկիրը պետք է խստացնի հրազեն գնելու մասին օրենսդրությունը:
Եվ առողջապահության հարցը․ ինչպես արդեն ասացինք, 2023 թվականին դեմոկրատ ընտրողների 85%-ը այն կարծիքին էր, որ ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա օգտվել առողջապահական համակարգից։ Այդպես էր մտածում հանրապետռական ընտրազանգվածի միայն 30%-ը։