ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի ներկայանալ Ջորջիա նահանգի Ֆուլթոն շրջանի բանտ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հաստատել է, որ հինգշաբթի ծրագրում է ներկայանալ Ատլանտա, ուր իրեն ձերբակալելու են՝ ներկայացված մեղադրանքների պատճառով։ Ջորջիա նահանգում Թրամփին մեղադրում են 2020 թվականի նախագահական ընտրություններում իր պարտությունը չեղարկելու ապօրինի փորձի համար։
Մտադրության մասին նախկին նախագահը հայտնել է իրեն պատկանող՝ «Truth Social» սոցիալական ցանցում։
«Հինգշաբթի կգնամ Ատլանտա՝ Ջորջիա, ուր ինձ ձերբակալեն»,- գրել է Թրամփը, ով գալիք՝ 2024 թվականի նախագահական ընտրություններին Հանրապետական կուսակցության ամենահավանական թեկնածուն է։ Իր դեմ ուղղված մեղադրանքները նա կոչել է քաղաքական դրդապատճառներով արվող փորձ՝ ձախողելու իր քարոզարշավը:
Թե Թրամփը երբ է բանտ ներկայանալու, օրը որոշվել է Ֆուլթոն շրջանի դատախազության հետ բանակցությունների ընթացքում: Երկուշաբթի երեկոյան այս մասին առաջինը հայտնել էր «CNN»-ը։
Անցած շաբաթ Ջորջիայում հրապարակված 98 էջանոց մեղադրական եզրակացության համաձայն, Դոնալդ Թրամփին և 18 այլ անձանց 41 մեղադրանք է ներկայացվել՝ կապված 2020 թվականին նախագահական ընտրությունների արդյունքները նահանգում չեղարկելու ապօրինի փորձի հետ:
Երբ Թրամփը ժամանի բանտ, տարածքի նկատմամբ սահմանվելու է խիստ վերահսկողություն՝ հայտնել են ոստիկանության տեղի բաժանմունքից:
Այնուհետև, նախկին նախագահն ազատ կարձակվի 200 հազար դոլար գրավի դիմաց, և նրան արգելվելու է սոցցանցերում սպառնալից հայտարարություններ հրապակել։
Թրամփի փաստաբանների և Ֆուլթոնի շրջանային դատախազ Ֆանի Ուիլիսի միջև ստորագրված գրավի համաձայնությամբ նաև արգելվում է վկաներին ահաբեկելը և արդարադատությանը խոչընդոտելը:
«Վերոնշյալը չի վերաբերում միայն սոցիալական ցանցերում գրառումներ հրապարակելուն, կամ այլ անձի կողմից արված գրառումների վերահրապարակմանը»,- նշված է համաձայնության մեջ, որը հաստատել է Ֆուլթոն շրջանի դատարանի դատավոր Սքոթ ՄըքԱաֆին: