Այս շաբաթ Ջորջիա նահագնի Ֆուլթոնի շրջանային դատախազ Ֆանի Ուիլիսը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք ներկայացրեց, որը դարձավ Թրամփի դեմ առաջ քաշված թվով չորրորդ մեղադրանքը, ըստ որի նախկին նախագահը իբր փորձել է չեղարկել 2020 թվականի ընտրությունների արդյունքները՝ իր պարտությունը և դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը:
Օգոստոսի սկզբին ելույթ ունենալով Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում՝ Թրամփը մեղադրանքներն անվանեց «ծիծաղելի» և ասաց, որ դրանք միայն կմեծացնեն իր աջակիցների թիվը․ «Ամեն անգամ, երբ նրանք մեղադրական եզրակացություն են ներկայացնում, մեր վարկանիշն աճում է ընտրողների շրջանում: Մեզ ևս մեկ մեղադրական եզրակացություն է պետք՝ այս ընտրություններում հաղթելու համար: Եվս մեկ մեղադրական եզրակացություն, և այս ընտրությունների հարցը փակված է»:
Համաձայն «Associated Press»-ի և «NORC» հետազոտական կենտրոնի համատեղ հարցման, որն անցկացվել էր նախքան Ջորջիայում Թրամփի դեմ ներկայացված մեղադրանքները, հանրապետական ընտրողների 74%-ը 2024 թվականի նոյեմբերին կաջակցի Դոնալդ Թրամփին: Սակայն ամերիկացիների 53%-ը վստահ էր՝ հաստատապես չի աջակցելու Թրամփին, իսկ 11%-ը՝ հավանաբար չի աջակցելու 2024 թվականի նոյեմբերին։
Թրամփին մեղադրանքներ են ներկայացվել նաև Վաշինգտոնում, Նյու Յորքում և Ֆլորիդայում։ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Ջորջիայի պետական համալսարանի իրավաբանական քոլեջի փորձագետ Էնթոնի Մայքլ Կրեյսը կարծիք հայտնեց, թե այդ հանգամանքը կարող էր հետևանքներ ունենալ նախագահի թեկնածուների մեծամասնության համար, բայց ոչ Թրամփի․ «Չեմ զարմանա, եթե տեսնենք, որ Դոնալդ Թրամփը օգուտ է քաղել այս գործընթացից և փորձում է օգտագործել այն՝ հայտնվելով լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Շատ առումներով այս պահին նրա նախագահական արշավը Ֆուլթոնի շրջանի, Վաշինգտոնի, Նյու Յորքի ու Ֆլորիդայի դատավարություններն են»:
Վիրջինիայի համալսարանի քաղաքագետ Լարի Սաբատոն «Ամերիկայի ձայնին» փոխանցեց, թե անհանգստացած է՝ հանրապետական գործիչների մեծ մասը չի դատապարտել Թրամփին՝ նրան ներկայացված մեղադրանքների պատճառով․ «Եթե հանրապետականները Դոնալդ Թրամփին ընտրեն իրենց թեկնածու, ապա ամեն ինչ կարող է պատահել: Հատկապես հաշվի առնելով, որ դեմոկրատները կունենան 82-ամյա կամ գրեթե 82-ամյա գործող նախագահ, որը պետք է առաջադրի ևս մեկ ժամկետ»:
Ամերիկացիների մի մասը չի թաքցնում՝ տարիքը խնդիր է երկու առաջատար թեկնածուների պարագայում. Բայդենը 80 տարեկան է, Թրամփը՝ 77:
Թրամփի նախագահության օրոք փոխնախագահի աթոռը զբաղեցրած Մայք Փենսը նույնպես պայքարում է հանրապետականների թեկնածուն դառնալու համար։
Նրա խոսքով, Թրամփը փորձել է ստիպել իրեն չեղարկել ընտրությունների արդյունքները՝ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման նախաօրեին, «Այդ օրը նախագահ Թրամփն ինձ խնդրեց իրեն դասել Սահմանադրությունից վեր։ Բայց ես ընտրեցի Սահմանադրությունը և միշտ կընտրեմ այն: Իրոք, հավատում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով իրեն վեր է դասում Սահմանադրությունից, երբեք չպետք է լինի Միացյալ Նահանգների նախագահ»:
Ակնհայտորեն, Թրամփը ձգտում է հետաձգել դատավարությունները, որպեսզի դրանք կայանան 2024 թվականի ընտրություններից հետո։ Այնինչ, որոշ փորձագետներ գտնում են՝ դրանք թույլ կտան ընտրողներին պարզել, թե արդյոք նա անմեղ է, հատկապես՝ այն մեղադրանքների մասով, թե ամերիկյան պատմության մեջ առաջին անգամ փորձ է արվել խափանել իշխանության խաղաղ փոխանցումը։