Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Հարավային Կորեան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Մոսկվան ու Փհենյանը պատրաստվում են պայմանագրեր կնքել, ըստ որի հյուսիսկորեական սպառազինությունը, զինամթերքը կսկսեն հոսել Մոսկվա՝ Ուկրաինայի դեմ կիրառվելու նպատակով:
ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը չորս երկրների անունից հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև սպառազինության մատակարարման վերաբերյալ բանակցությունները «ակտիվորեն առաջ են շարժվում»։
Ըստ ամերիկացի դիվանագետի, հնարավոր պայմանագրերը կարող են ներառել նաև հումքի մատակարարման դրույթներ, որոնք կարող են օգնել ռուսական ռազմական արդյունաբերությանը:
«[Մոսկվայի ու Փհենյանի միջև] սպառազինությանը վերաբերող ցանկացած նման գործարք կհանդիսանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի լուրջ խախտում, որոնք միաձայն են ընդունվել՝ Հյուսիսային Կորեայի իրականացրած միջուկային փորձարկումներից և բալիստիկ հրթիռների արձակումներից հետո»,- ընդգծել է Թոմաս-Գրինֆիլդը:
Չորս երկրների համատեղ հայտարարության համաձայն, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ վերջերս տեղի ունեցած այցը Հյուսիսային Կորեա ավելին էր, քան պարզապես միջոցառումներին մասնակցելը:
«[Մոսկվան] օգտագործել է [այդ] այցը՝ ձգտելով համոզել Փհենյանին՝ Ռուսաստանին մատակարարել հրետանու արկեր։ Դրանից հետո Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը նամակներ են փոխանակել՝ խոստանալով ակտիվացնել երկկողմ համագործակցությունը։ Մեր տեղեկություններով, Շոյգուի այցից հետո, ռուսաստանցի պաշտոնյաների մեկ այլ խումբ այցելել է Հյուիսային Կորեա, քննարկել սպառազինության մատակարարման հնարավոր գործարքները»,- շարունակել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:
Չորս երկրները հիշեցրել են՝ ՄԱԿ-ի բանաձևերն արգելում են անդամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, սպառազինություն գնել Հյուսիսային Կորեայից, և կոչ են արել Փհենյանին դադարեցնել զենք-զինամթերքի մատակարարման բանակցությունները Ռուսաստանի հետ:
Միացյալ Նահանգները, Ճապոնիան, Հարավային Կորեան և Մեծ Բրիտանիան ընդգծել են՝ առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը՝ շարունակելով Ուկրաինայի դեմ պատերազմը։
«Կան անհերքելի ապացույցներ, որ Ռուսաստանը Իրանից անօդաչուներ է գնել՝ խախտելով իր իսկ հավանությանը արժանացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ այլ՝ թիվ 2231 բանաձևը: Ռուսաստանն օգտագործում է այդ անօդաչուները՝ գրոհելու Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքները»,- ասված է հայտարարությունում:
ԱՄՆ-ը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Մեծ Բրիտանիան «անընդունելի» են անվանել Ռուսաստանի քայլերը։
«Չենք կարող և չենք լռելու, քանի որ ավելի շատ տեղեկություններ ենք ստանում առ այն, որ Ռուսաստանը շարունակում է դիմել մեկուսացման մեջ գտնվող ռեժիմներին՝ փորձելով զենք և զինտեխնիկա ձեռք բերել՝ իր դաժան, ագրեսիվ պատերազմը վարելու համար։ Կշարունակենք աշխատանքը դաշնակիցների և գործընկերների հետ՝ բացահայտելու և կասեցնելու Հյուսիսային Կորեայից կամ որևէ այլ պետությունից ռազմական տեխնիկա ձեռք բերելու ռուսական փորձերը»,- եզրափակում է համատեղ հայտարարությունը: