Սեպտեմբերի 5-ին Հունաստանի արտգործնախարար Գեորգոս Գերապետրիտիսը Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկերոջը՝ Հաքան Ֆիդանին:
Վերլուծաբանների խոսքով, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ այս հունիսի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակը թույլ է տալիս նրան հետամուտ լինել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:
Հույն վերլուծաբան Ալեքսիս Հերակլիդեսն ասում է․ «Նա ցանկանում է բարելավել հարաբերությունները [Թուրքիայի հետ]: Իսկ ընտրություններում նրա հաղթանակը, կարծես, արձակեց նրա ձեռքերը: Նախկինում քիչ ազատություն ուներ, քանի որ արտաքին գործերի նախարարը, բանակի ղեկավարը և մյուսները [Անկարայի նկատմամբ] կոշտ քաղաքականության կողմնակիցն էին»:
Միցոտակիսը նոր մարդ նշանակեց արտգործնախարարի պաշտոնում՝ փոխարինելով Նիկոս Դենդիասին։ Այս մայիսին վերընտրվելուց հետո, երկրի արտգործնախարարին փոխեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշանակելով Հաքան Ֆիդանին:
Որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ Էրդողանը հակված է մեղմել իր ազգայնական հռետորաբանությունը՝ ընկալունակ լինելով հունական առաջարկներին:
Անկարայում գործող քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հուսեյն Բաղջին նշում է․ «Թուրքական նոր կառավարությունը, իհարկե, շատ ավելի համագործակցող է լինելու։ Կարծում եմ, խնդիրները, անլուծելի հարցերը կմնան, բայց հռետորաբանությունը կլինի շատ ավելի մեղմ»։
Էգեյան և Միջերկրական ծովերում շարունակում է պահպանվել լարվածությունը հունական և թուրքական նավատորմների միջև։ Գլխավոր պատճառը՝ այդ շրջաններում էներգակիրների որոնողական աշխատանքներն են, որոնք երկու երկրների
կառավարությունների ուշադրության կենտրոնում են։ Անշուշտ, պահպանվում է նաև Կիպրոսի խնդիրը, որը շարունակում է բաժանված մնալ հունական և թուրքական հատվածների:
Վերլուծաբանների ներկայացմամբ, երկկողմ հարաբերությունների բարելավումը կարող է վերացնել Թուրքիային ամերիկյան ռազմական ինքնաթիռների վաճառքի խոչընդոտը, որը հետաձգվում է ՆԱՏՕ-ի այդ երկու դաշնակիցների միջև առկա լարվածության վերաբերյալ Վաշինգտոնում գոյություն ունեցող մտահոգության պատճառով:
Դիտորդները, սակայն, զգուշավոր են․ հաշվի առնելով հույն-թուրքական հարաբերությունների կարգավորման նախորդ՝ անհաջող փորձերը՝ դժվար է ասել, թե ինչ արդյունք կտան ներկայիս ջանքերը:
Հուսադրողը երկու երկրների ղեկավարների որոշումն է՝ զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից:
Միցոտակիսի և Էրդողանի հանդիպումը նախատեսված է հոկտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Չի բացառվում, որ երկու ղեկավարները հանդիպեն նաև Հունաստանում՝ այս տարվա ավարտին: