ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն ավարտել է քառօրյա այցը Չինաստան՝ ի ցույց դնելով նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետևողական ջանքերն՝ երկկողմ առևտրա-տնտեսական կապերի կայունացման ուղղությամբ:
Չորեքշաբթի Ռայմոնդոն հայտարարել է, թե հույս ունի, որ չինացի պաշտոնյաների հետ բանակացությունները կկրեն կանոնավոր բնույթ՝ միաժամանակ հավելելով, որ սթափ է գնահատում իրավիճակը և չի ակնկալում, թե Պեկինի հետ բոլոր խնդիրները կլուծվեն նույն պահին։
Ավելի վաղ՝ Չինաստան կատարած այցի ընթացքում ԱՄՆ առևտրի նախարարը հրապարակել էր ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչների խոսքը, թե Չինաստանում գործունեության անհավասար պայմանները, անկանխատեսելի օրենսդրական դաշտը և բարձր տուգանքները երկիրը դարձնում են ոչ նպաստավոր ներդրումների համար։
Ըստ Ռայմոնդոյի, կողմերը նախատեսել են տեխնիկական հարցերով փորձագետների մակարդակով բանակցություններ վարել առևտրային գաղտնիքի պաշտպանության և արտահանման նկատմամբ վերահսկողական միջոցառումներին վերաբերող տեղեկատվության փոխանակման շուրջ:
«Չենք վերադառնա այն ժամանակները, երբ երկխոսությունն ընթանում էր հանուն երկխոսության։ Այնուամենայնիվ, կապերի խզումը չի համապատասխանում մեր տնտեսական, կամ ազգային անվտանգության նպատակներին»,- ընդգծել է Ջինա Ռայմոնդոն լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։