Մինչև 2027 թվականը Տոկիոն 315 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանության ոլորտին, սակայն երկրի արդյունաբերական հսկաները զուսպ են

Ճապոնիայի ռազմական լուսանկար

Ճապոնիան ծրագրում է առաջիկա չորս տարիների ընթացքում հարյուր միլիարդավոր դոլարներ հատկացնել պաշտպանության ոլորտին՝ ի պատասխան Արևելաչինական ծովում Չինաստանի աճող ռազմական ներկայության։ Սակայն կառավարությունը պետք է ջանքեր գործադրի՝ համոզելու ճապոնական հայտնի տեխնոլոգիական և արդյունաբերական հսկաներին:

Քչերին է հայտնի, որ կենցաղային տեխնիկա կամ ավտոմեքենաներ արտադրող ճապոնական հանրահայտ ընկերություններից մի քանիսը նաև ռազմական տեխնիկա են արտադրում։

«Mitsubishi»-ն, օրինակ, կործանիչներ և հրթիռներ է արտադրում Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի համար, «Toshiba» -ն՝ ռազմական նշանակության մարտկոցներ, «Subaru» -ն՝ ռազմական ուղղաթիռներ, իսկ իր օդորակիչներով հայտնի «Daikin» ընկերությունն ունի ռազմամթերքի արտադրություն։

Այժմ Ճապոնիայի կառավարությունը ցանկանում է, որ երկրի արդյունաբերական հսկաները մեծացնեն ռազմական տեխնիկայի արտադրությունը։

Առաջիկա չորս տարիներին Տոկիոն 315 միլիարդ դոլարով ավելացնելու է պաշտպանության ոլորտի ծախսերը՝ ի պատասխան Արևելաչինական ծովում Չինաստանի ռազմական ներկայության աճին ու ագրեսիվ պահվածքին։

Սակայն «Reuters»-ի վերջին հրապարակման համաձայն, իր ռազմա-արդյունաբերական համալիրը խթանելու Ճապոնիայի ջանքերը դժվարությունների են բախվել։

Ռազմական տեխնիկայի արտահանման արգելքը հանվել է միայն 2014 թվականին։ Արդյունքում՝ քիչ են ճապոնական այն ընկերությունները, որոնք իրենց ռազմական արտադրանքը վաճառում են արտերկրում։

Your browser doesn’t support HTML5

Ճապոնիան մեծացնում է պաշտպանանական բյուջեն, սակայն երկրի տեխնոլոգիական հսկաները զգուշավոր են

«Այդ ընկերությունների միակ պատվիրատուն Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերն են։ Ուստի, նրանց այնքան էլ հեշտ չէ շահույթ ստանալ զենքի արտադրությունից։ Այդ պատճառով որոշ փոքր ընկերություններ այժմ թողնում են ռազմական արդյունաբերությունը»։

Վերջին 20 տարիների ընթացքում ավելի քան 100 ճապոնական ընկերություններ դուրս են եկել ռազմական արդյունաբերության ոլորտից։

«Օտարերկրյա ընկերություններից կախվածությունը շահեկան չէ, երբ հարցը դիտարկում ենք մատակարարման շղթայի տեսանկյունից, ուստի Ճապոնիայի կառավարությունը որոշել է սուբսիդավորել այն ընկերությունները, որոնք տուժում են։ Այդպիսով, փորձում ենք պահպանել պաշտպանության ոլորտի զարգացման մեր սեփական կարողությունները»։

Ճապոնիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան համատեղ մշակում են նոր կործանիչների ծրագիր։ Վերջերս Տոկիոն ուղեցույց է թողարկել՝ սարքավորումները ներդաշնակեցնելու ամերիկյան և եվրոպական չափորոշիչներին։

ԱՄՆ ծովային հետևակի պաշտոնաթող գնդապետ, դիվանագետ և Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի նախկին ներկայացուցիչ Գրանթ Նյուշեմի խոսքով, ԱՄՆ հետ դաշինքը Ճապոնիայի պաշտպանության անկյունաքարն է, և շատ կարևոր է, որ Տոկիոն ձեռք բերի համապատասխան սարքավորումներ։

«Պետք է հասկանալ, թե որքանով են հաշվի առնվել հետևյալ հարցերը՝ ի՞նչ սարքավորումներ, ռեսուրսներ և կարողություններ են անհրաժեշտ երկիրը պաշտպանելու համար, ի՞նչ է հարկավոր ամերիկացիների հետ իրական համագործակցություն զարգացնելու համար»։

Տասնամյակներ շարունակ ճապոնացիների մեծ մասը դեմ է եղել ռազմական ծախսերի ավելացմանը։ Վերջերս անցկացված հարցումը ցույց է տալիս, որ ընտրողների մոտ 40%-ը ցանկանում է ընդլայնել ինքնապաշտպանական ուժերի կարողությունը։ Հինգ տարի առաջ այդ թիվը 29% էր։

Ըստ «Reuters»-ի, ճապոնական արդյունաբերական հսկաները, հավանաբար, զգուշանում են, որ ընդլայնելով ռազմական արտադրությունը՝ կարող են արատավորել իրենց համբավը սպառողների շրջանում։

Ճապոնիայի կառավարությունը փորձում է արձագանքել արագ զարգացող անվտանգության միջավայրին, բայց պետք է համոզի ճապոնացիներին, որ իր կողմից նախաձեռնած փոփոխությունները հրատապ են և անհրաժեշտ։