Արագորեն տարածվող անտառային հրդեհները իրապես մոխրի են վերածել Հավայան կղզիախմբի մեծությամբ երկրորդ կղզին։
«Associated Press»-ի հետ զրույցում օդաչու Ռիչի Օլսթենը պատմել է իր տեսածը. «Հարյուրավոր տներ հողին են հավասարվել։ Քաղաքի պատմական հատվածը ավերված է։ Լահայնան, որը նախկինում ամբողջ Հավայան կղզիների մայրաքաղաքն էր, անհետացել է: Այրվել են նույնիսկ նավահանգստում կայանված նավակները»։
Հրդեհների արագ տարածման պատճառը ուժեղ քամիներն ու չոր ծածկույթն էր։ Հրկիզվել է Մաուի կղզու պատմական` Լահայնա քաղաքի մեծ մասը:
Կղզու արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Հերման Անդայան հրաժարական ներկայացրեց հենց աղետի ժամանակ՝ քննադատության պատճառով, թե ծառայությունը ժամանակին չի նախազգուշացրել վերահաս վտանգի մասին, ինչպես սովորաբար արվում է, օրինակ, ցունամիների ժամանակի:
Անդայան հակադարձել էր, թե ցունամիին վերաբերող նախազգուշացումները մարդկանց ուղորդում են փակ տարածքներ, իսկ այս պարագայում դա նշանակում էր ուղիղ կրակի մեջ: Պաշտոնապես` նրա հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն էին։
Հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 110 մարդ։ Սպասվում է, որ այդ թիվը կաճի։ Հստակ չէ` անհետ կորածների թիվը: Որոնողա-փրկարարական խմբերին միացել են ԱՄՆ բանակի և Ազգային գվարդիայի զինվորները:
«Այս պահին որոնողական աշխատանքները 78%-ով ավարտված են Լահայնա քաղաքում: Աշխատանքները շարունակվում։ Արդեն ավելի քան 8 միլիոն դոլար ենք հատկացրել տուժած ընտանիքներին: Ավելի քան 1 200 հոգի տեղափոխվել են հյուրանոցներ, մոթելներ և վարձակալած տներ»,- ասել է ԱՄՆ Արտակարգ իրավիճակների դաշնային կառավարման գործակալության ներկայացուցիչ Դին Քրիսվելը:
Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը Լահայնայի ճանապարհին են: Նախագահը հույս է հայտնել, որ տուժած շրջանների բնակիչները հնարավորինս շուտ կստանան կառավարության օգնությունը։
«Հուսով եմ, որ նրա գալը կօգնի արագացնել շատ ապրանքների տեղ հասնելը»,- ասել է Լահայնայի բնակիչ Ջիմ Ուիլսին։
Մաուի այս անտառային հրդեհները դասվել են նախորդ հարյուրամյակում տեղի ունեցած ամենից մահաբեր հրդեհների շարքում: