ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին երրորդ մեղադրանքն է առաջադրվել՝ այս անգամ Վաշինգտոնում։ Սպիտակ տան նախկին ղեկավարին մեղադրում են 2020 թվականի նախագահական ընտրություններում իր մրցակցի հաղթանակը անօրինական կերպով չեղարկելու փորձի համար: Ըստ դատախազների, այդ նպատակին միտված Թրամփի ջանքերը ոգեշնչել են նրա կողմնակիցներից շատերին՝ 2021 թվականի հունվարի 6-ին հարձակում գործել ԱՄՆ Կապիտոլիումի վրա:
«2021 թվականի հունվարի 6-ին մեր երկրի Կապիտոլիումի վրա հարձակումն աննախադեպ էր ամերիկյան ժողովրդավարության պատմության ընթացքում: Սա նկարագրված է մեղադրական եզրակացությունում: [Այդ հարձակումը] կեղծիքների և ստերի հետևանք էր»,- ասել է հատուկ դատախազ Ջեք Սմիթը:
Your browser doesn’t support HTML5
Հինգշաբթի Թրամփը կկանգնի Վաշինգտոնի դատարանի առջև, ուր, այսպես կոչված, մեծ ժյուրին մեղադրանք է ներկայացնելու նախկին նախագահին՝ Արդարադատության նախարարության հետաքննության արդյունքում:
Չորս կետերից բաղկացած փաստաթուղթը Թրամփին մեղադրում է դավադրության մեջ՝ ամերիկացիների՝ ընտրություն կատարելու իրավունքը ոտնահարելու, ԱՄՆ կառավարությանը խաբելու, դավադրության, պաշտոնական գործընթացը խոչընդոտելու համար:
«Պարոն Սմիթը և իր փորձառու, սկզբունքային աշխատակիցներն ու դատախազների թիմը հետևել են փաստերին և օրենքին՝ անկախ գործի ընթացքից»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը:
2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, ուր մեղադրանքներն անվանել է «հետապնդումներ, որոնք հիշեցնում են նացիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը»:
«Այն, ինչ նրանք արեցին, զզվելի էր, որը պատմության մեջ կմնա որպես խոսքի ազատության ամենավատ ոտնահարումներից մեկը»,- նշել է Ռուդի Ջուլիանին՝ Թրամփի նախկին փաստաբանը:
Դիտորդներն ուշադրություն են հրավիրում՝ մեղադրանքները կապված են Թրամփի գործողությունների հետ, որոնք դրդում էին նախկին նախագահի հետևորդներին գրոհել Կապիտոլիումը:
«Մեղադրական եզրակացությունը ցույց է տալիս, որ Թրամփը ոչ միայն ստում էր ընտրակեղծիքների մասին, այլև՝ օգտագործել է այդ կեղծիքները՝ փորձելով չեղարկել ժողովրդի ընտրության արդյունքները»,- ասել է Շերիլ Բադերը՝ Ֆորդհեմի իրավունքի դպրոցից:
2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհը և տեղի ունեցածում Թրամփի ներգրավվածությունը քննող կոնգրեսական հանձնաժողովի անդամները ընդգծում են՝ արդար դատավարությունը ցույց կտա Միացյալ Նահանգների հանձնառությունը օրենքի գերակայությանը:
Այդուհանդերձ, ԱՄՆ-ում ոմանք գտնում են, որ մեղադրանքները ժամկետանց են:
Թրամփի համոզմամբ, իր դեմ առաջ քաշված մեղադրանքների նպատակն է շեղել ուշադրությունը գործող նախագահի և գալիք՝ 2024 թվականի ընտրություններում իր մրցակցի որդու՝ Հանթեր Բայդենի գործից:
Թրամփի դեմ մեղադրանքներ է առաջադրված նաև Նյու Յորքում ու Ֆլորիդայում՝ այլ գործերի շրջանակում, որոնք վերաբերում են պետական գաղտնի փաստաթղթերի հետ սխալ վարվելուն և ընտրական գործընթացում ֆինանսական խախտումներ թույլ տալուն:
Ի հավելումն, Ջորջիա նահանգում Դոնալդ Թրամփի դեմ կարող են առաջ քաշվել այլ մեղադրանքներ՝ 2020 թվականի ընտրակեղծիքների հետ կապված:
Քեթրին Գիփսոն, «Ամերիկայի Ձայն», Վաշինգտոն