ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Ֆինլանդիայի մայրաքաղաք` ընդգծելու Վաշինգտոնի և դաշինքի հանձնառությունը ՆԱՏՕ-ի նոր անդամի նկատմամբ: Սպիտակ տան ղեկավարը ձգտում է փարատել Եվրոպայում առկա մտավախությունները, թե ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունը կարող է անդրատլանտյան հարցերում հանգեցնել ամերիկյան քաղաքական գծի փոփոխություն: ԱՄՆ նախագահը հավաստիացրել է` ամերիկյան ժողովուրդը մեծապես աջակցում է Վաշինգտոնի այսօրվա ուղեգիծը:
Բայդենի նախորդը՝ Դոնալդ Թրամփը, ժամանակին ՆԱՏՕ-ն որակել էր «հնացած» կառույց՝ անհանգստություն առաջ բերելով դաշնակիցների շրջանում: Այժմ ՆԱՏՕ-ն ընդլայնվել է` իր շարքերն ընդունելով Ֆինլանդիային և Շվեդիային: Վերջինս շուտով պաշտոնապես կմիանա դաշինքին:
Your browser doesn’t support HTML5
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հայտարարել է, որ այսօր իր երկիրն ավելի ապահով է զգում։
«ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում մեզ աջակցում է բնակչության 80%-ը, իսկ 80%-ից ավելին ընդգծում է` մենք նույնպես պատրաստ ենք պաշտպանել մեր դաշնակիցներին»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը:
Այսօր հիմնական սպառնալիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ քաղաքականությունն է:
Նախօրեին Բայդենը հայտարարել էր` Պուտինն արդեն պարտվել է Ուկրաինայի դեմ պատերազմում։
«Պուտինը լուրջ խնդիր ունի: Ինչպե՞ս պետք է դուրս գա այս վիճակից: Ի՞նչ պետք է անի»,- նշել է Բայդենը:
Սպիտակ տան ներկայիս ղեկավարի այս խոսքերը լրացուցիչ վկայություն են, թե Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը որքան է տարբերվում Թրամփի վարած գծից, ով հինգ տարի առաջ Հելսինկիում հանդիպել էր Պուտինին և ասել, որ կարծում է, որ Ռուսաստանը չի միջամտել 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին, չնայած ԱՄՆ հետախուզության ներկայացրած ապացույցներին:
Հելսինկիում Բայդենը հանդիպել է նաև հյուսիսեվրոպական մյուս երկրների՝ Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Իսլանդիայի ղեկավարներին. այժմ բոլոր այդ պետությունները ՆԱՏՕ-ի անդամ են:
ԱՄՆ նախագահը Վաշինգտոն է վերադարձել հինգշաբթի երեկոյան։