ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկուշաբթի Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ` ընդծելով երկու տերությունների միջև լավ հարաբերությունների պահպանման կարևորությունը աշխարհի համար։
Մոտ կես ժամ տեւած այս հանդիպումը վերջինն էր Բլինքենի Չինաստանում երկօրյա այցի օրակարգում, որի գլխավոր նպատակը երկու տերությունների միջև լարվածության նվազեցում էր։
ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչի հետ Չինաստանի ղեկավարը նախորդ անգամ հանդիպել էր մոտ հինգ տարի առաջ` 2018թ.։ Սի Ծինփինի հետ այն ժամանակ բանակցում էր Ջոն Սալիվանը:
Այսօրվա հանդիպման արդյունքը կարող է լինել Բայդեն-Ծինփին գագաթնաժողովը` տարվա վերջին։
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, Վաշինգտոնը հավատարիմ է Չինաստանի հետ պատասխանատու հարաբերությունների կառուցման ուղուն։
Your browser doesn’t support HTML5
«Նախագահ Բայդենն ինձ խնդրեց այցելել Պեկին, քանզի կարծում է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը պարտավորություն և պատասխանատվություն ունեն տեր կանգնել մեր հարաբերություններին», - ասել է Բլինքենը Սի Ծինփինի հետ հանդիպումից առաջ: «Այն բխում է Միացյալ Նահանգների, Չինաստանի և ողջ աշխարհի շահերից»:
«Նախորդ օրերին անկեղծ և կառուցողական զրույցներ եմ ունեցել արտգործնախարար Ցին Գանգի և [Չինաստանի կոմունիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի] ղեկավար Վան Յիի հետ: Քննարկել ենք երկկողմ, այնպես էլ գլոբալ հարցերի լայն շրջանակ: Բարձր եմ գնահատում ձեզ հետ հետագա քայլերը քննարկելու հնարավորությունը»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
«Երկու կողմերն ունեցել են անկեղծ և մանրամասն քննարկումներ», - Չինաստանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթի սկզբում ասել է Ծինփինը։
«Պարոն պետքարտուղար, հուսով եմ, այս այցի միջոցով, ավելի դրական ներդրում կունենաք Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների կայունացման գործում»,- Բլինքենին փոխանցել է Սին։
Չինաստանի նախագահը հավելել է, որ Վաշինգտոնը ու Պեկինը «առաջընթաց են գրանցել» մի շարք հարցերում:
Ըստ չինական ու ամերիկյան պետական աղբյուրների, Ծինփինը Բլինքենի ընդունել է մայրաքաղաքի Ժողովրդական Մեծ դահլիճում տեղական ժամանակով 16:30-ին։
«Չինական կողմը հստակ հայտնել է մեր դիրքորոշումը, և երկու կողմերն էլ համաձայնել են հետևել նախագահ Բայդենի և իմ կողմից Բալիում ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածություններին»,- հայտարարել է Ծինփինը ամերիկացի բարձրաստիճան դիվանագետին` հավելելով. «Երկու կողմերը նաև առաջընթաց են գրանցել և համաձայնության հանգել որոշ կոնկրետ հարցերի շուրջ»։
Չինաստանի նախագահը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հարցերի մասին է խոսքը։