ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ուրբաթ հայտարարել է, որ շաբաթ օրը Պեկին կատարելիք իր այցի ժամանակ մի շարք հարցերի վերաբերյալ կքննարկվեն առկա «իրական մտահոգությունները», որի նպատակն է, սակայն, բաց և ամուր կապի ստեղծումը Չինաստանի հետ:
«Ինտենսիվ մրցակցության պայմաններում շարունակական դիվանագիտության պահանջ կա, որպեսզի այդ մրցակցությունը չվերածվի առճակատման կամ հակամարտության: Դա այն է, ինչ աշխարհն ակնկալում է և՛ Միացյալ Նահանգներից, և՛ Չինաստանից»,- լրագրողներին հայտարարել է Բլինքենը:
Բլինքենը հունիսի 18-ից 19-ը հանդիպումներ է ունենալու Չինաստանում: Հնարավոր է, հանդիպում կայանա նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Բլինքենն ամերիկյան կառավարության ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով կայցելի Չինաստան Բայդենի նախագահ ընտրվելուց ի վեր։
Հիշեցնենք, պետքարտուղարի այցը Պեկին հետաձգվեց այս փետրվարին՝ ԱՄՆ օդային տարածքում չինական լրտեսական օդապարիկի թռիչքի պատճառով։
Բլինքենի այցը կարող է նպաստել երկու երկրների դիվանագիտական շփումների ակտիվացմանը և պարարտ հող ստեղծել այս տարվա ավարտին նախագահներ Բայդենի ու Ծինփինի հանդիպման համար: