ԱՄՆ Սենատը հավանություն է տվել երկրի պետպարտքի վերին շեմի բարձրացմանը՝ չեզոքացնելով դեֆոլտի վտանգը

Դեֆոլտից խուսափելու փաստաթուղթը դրվելու է նախագահ Բայդենի սեղանին՝ ստորագրման։

ԱՄՆ Սենատը հինգշաբթի ուշ երեկոյան կողմ քվեարկեց փոխզիջումային օրինագծին՝ այն ուղարկելով նախագահ Ջո Բայդենին ստորագրությանը։ Օրինագիծը թույլ է տալիս երկարաձգել կառավարության փոխառությունները մինչև 2025 թվականի հունվար, այլապես արդեն հաջորդ շաբաթ աշխարհի խոշորագույն տնտեսությունը կկանգներ դեֆոլտի առջև:

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրինագիծը ընդունվել էր Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը։ Սենատում այն ստացավ 63 ձայն՝ երկու կուսակցություններից։ Դեմ քվեարկեց 36 սենատոր։

«Օրինագիծն ընդունելով՝ կխուսափենք դեֆոլտից։ Ամերիկան կարող է թեթևացած շունչ քաշել»,- հայտարարել է Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը:

Your browser doesn’t support HTML5

ԱՄՆ-ը խուսափում է դեֆոլտի վտանգից

«Ի սկզբանե, դեֆոլտից խուսափելը մեր նպատակն էր, քանի որ հետևանքները աղետալի կլինեին»,- ասել է նա՝ հավելելով․ «Չնայած նախկինում տեղ գտած վայրիվերումներին, մեր երկրի համար շատ լավ է, որ երկու կողմերն էլ վերջապես միավորվեցին՝ դեֆոլտից խուսափելու համար»:

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ավելի վաղ զգուշացրել էր Կոնգրեսի ղեկավարներին, որ կառավարությունը կարող է սպառել իր միջոցները հունիսի 5-ին։ Եթե մինչև երկուշաբթի օրենսդիրները չբարձրացնեն պետպարտքի վերին շեմը, այն կարող է հանգեցնել տնտեսական աղետի:

Նախագահ Բայդենի և Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Քևին Մաքքարթիի բանակցությունների արդյունքում ձևավորված օրինագիծը չեղարկում է պետական որոշ ծախսեր, սակայն պահպանում է նախորդ Կոնգրեսի ընդունած և դեմոկրատների համար կարևոր պետբյուջեի ծախսային բազմաթիվ հոդվածներ:

Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելը օրինագիծն անվանել է «հանրապետականների մեծ հաղթանակ»:

«Կարծում եմ, հարկ է շնորհավորել խոսնակ Մաքքարթիին՝ մեզ համար առաջնային մի շարք կետեր պահպանելու համար»,- ասել է նա՝ շարունակելով․ «Մեկ կուսակցության կողմից երկու տարվա ընթացքում 2,7 տրիլիոն դոլար ծախսելուց հետո, անցել ենք կառավարության ծախսերի կրճատման քննարկումներին: Կարծում եմ, Ամերիկայի ժողովրդի որոշումը՝ փոխել Ներկայացուցիչների տան կազմը, արդեն իսկ օգուտ է տվել մեր երկրին»։

Սպիտակ տունը հայտնել է, որ օրինագիծը 886 միլիարդ դոլար է նախատեսել պաշտպանության ոլորտին, ինչն ավելի է 3 տոկոսով, իսկ 637 միլիարդ դոլար՝ ոչ պաշտպանական ծրագրերին: