Բայդենը վստահեցրել է, որ պետբյուջեի շուրջ համաձայնության կգա Կոնգրեսում հանրապետականների առաջնորդների հետ, և որ ԱՄՆ-ն դեֆոլտ չի հայտարարի։
Ելույթ ունենալով՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ճապոնիա մեկնելուց առաջ, նախագահն ասել է, որ պետպարտքի սահմանաչափի շուրջ բանակցողները կհանդիպեն չորեքշաբթի, և որ իր այցի ընթացքում մտադիր է սերտ կապ պահել նրանց հետ:
«Վստահ եմ, որ համաձայնության կգանք պետբյուջեի շուրջ, և Ամերիկան չի գնա դեֆոլտի»,- հայտարարել է Ջո Բայդենը՝ չորեքշաբթի ելույթ ունենալով Սպիտակ տանը։
«Բանակցությունները բացառապես պետբյուջեի շուրջ են։ Մենք չենք խոսում պետպարտքը չսպասարկելու մասին: Բոլորը միակարծիք են՝ դեֆոլտ չի լինի»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Բայդենն ասել է, որ չեղարկելու է իր այցը Ավստրալիա՝ վերադառնալու Միացյալ Նահանգներ և մասնակցելու բանակցությունների վերջին փուլին։
Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին Մաքքարթին նույնպես խոստացել է անել հնարավորը՝ դեֆոլտից խուսափելու համար։
«Կարծում եմ, դեֆոլտը բացառված է», - CNBC-ին ասել է հանրապետական կոնգրեսականը՝ հավելելով․ «Վստահ եմ, որ համաձայնության գալու ճանապարհ ունենք։ Ժամկետները շատ սեղմ են, բայց ամեն ինչ կանենք, որ հանդիպենք ու հասնենք համաձայնության»։
Նախագահ Ջո Բայդենը, ով չորեքշաբթի մեկնում է Հիրոսիմա՝ մասնակցելու Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, հեռախոսային կապ է պահելու օրենսդիրների հետ և նրանց կրկին կհանդիպի ԱՄՆ վերադառնալուց հետո՝ ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Կարին Ժան-Պիերը։