Մատչելի հղումներ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է դեֆոլտի դեպքում սպասվող «աղետալի» ռիսկերի մասին


Ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն ասել է, որ կառավարության կողմից պարտքերը վճարելու անկարողությունը կարող է հանգեցնել միլիոնավոր աշխատատեղերի կորստի և համաշխարհային ճգնաժամի:

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կիրակի կրկին նախազգուշացրել է «աղետալի» հետևանքների մասին, որոնց կարող է բախվել ԱՄՆ տնտեսությունը՝ դեֆոլտի պարագայում: Հնարավոր ռիսկերի շարքում ֆինանսների նախարարությունը նշել է միլիոնավոր աշխատատեղերի կորուստը և համաշխարհային ֆինանսական ճգնաժամը:

Սպասվում է, որ պետպարտքի վերաբերյալ բանակցությունները կվերսկսվեն հաջորդ շաբաթ։

Շաբաթներ շարունակ ԱՄՆ քաղաքական գործիչները, բանկիրները և Սպիտակ տունը զգուշացնում են, որ երկիրը գտնվում է դեֆոլտի շեմին: Այն անգամ կարող է հանգեցնել Միացյալ Նահագների փլուզմանը, կամ տնտեսական անկմանը և համաշխարհային ֆինանսական ճգնաժամի:

Կոնգրեսի բյուջետային հարցերով գրասենյակը ուրբաթ կանխատեսել է, որ եթե օրենսդիրները չկարողանան համաձայնության հասնել Բայդենի վարչակազմի հետ՝ պետական ընթացիկ ծախսերի սահմանաչափերը բարձրացնելու շուրջ, հունիսի 15-ին Միացյալ Նահանգները կարող է դեֆոլտ հայտարարել, այսինքն՝ հայտարարել, որ չի կարող մարել իր պարտքերը:

Ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն CNN-ի եթերում կրկնել է վարչակազմի հորդորը օրենսդիրներին՝ դադարեցնել դիմակայությունը և ընդլայնել կառավարության հնարավորությունները նոր փոխառություններ վերցնելու գործում:

«Եթե Կոնգրեսը չկարողանա բարձրացնել պետպարտքի սահմանաչափը, կմտնենք ընտեսական անկման փուլ, և այն աղետալի կլինի»,- նշել է նա՝ հավելելով․ «Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք դեֆոլտ չի հայտարարել, մենք չենք կարող [այդ անել]»:

Նախագահ Բայդենը հայտարարել է, որ ցանկանում է ընդլայնել պետպարտքի սահմանաչափը։ Այնինչ, ընդդիմադիր հանրապետականները պնդում են, որ ներկայում 31,4 տրիլիոն դոլար կազմող պետպարտքի վերին շեմի ընդլայնումը պետք է ուղեկցվի պետական ծախսերի զգալի կրճատմամբ:

ԱՄՆ պետպարտքի սահմանաչափի շուրջ բանակցությունների երկար սպասված նոր փուլը նախագահ Բայդենի և հանրապետականների առաջնորդների, այդ թվում՝ Ներկայացուցիչների տալ խոսնակ Քևին Մաքքարթիի միջև, տեղափոխվել է հաջորդ շաբաթ:

AFP

XS
SM
MD
LG