Կենտրոնական Ուկրաինայում Ազգային գվարդիայի զինվորները պատրաստվում են մարտական գործողությունների: Նման տեսարանները երկրում այլևս սովորական են՝ ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմի պայմաններում:
Բայց գրոհային հետևակային ջոկատի վարժանքները տարբերվում են։ Ուկրաինացիները պատրաստվում են լայնամասշտաբ հակահարձակման՝ ազատագրելու ռուսների ձմեռային նվաճումները:
Associated Press-ի հաշվարկի համաձայն, այսօր Ռուսաստանի տիրապետության տակ է Ուկրաինայի տարածքի շուրջ մեկ հինգերորդը: Ռուսական ուժերի թողած վայրերը լի են նրանց մասին հիշատակումներով։ Ուկրաինայի հարավում, որտեղ մի
ժամանակ ծաղկում էին արևածաղիկները, իսկ ֆերմերները ցորեն էին ցանում, այժմ ականապատ դաշտեր են:
Ուկրաինացի ֆերմեր Օլեհ Ուսխալոն Associated Press-ին ասել է․ «Միանգամայն հնարավոր է սնանկանալ։ Կարող ենք շարունակել ևս մեկ տարի, վերանորոգել սարքավորումները։ Բայց առանց պետական օգնության, առանց նախորդ տարվա բերքի փոխհատուցման, որն այրվեց․․․ Եթե դաշտերը չմաքրվեն ականներից, չենք կարող ցանքս կատարել»։
Գյուղատնտեսության չդադարող ավերումը ի վերջո կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար։ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության գնահատմամբ, երկրի եկամուտների մեծ մասը գյուղմթերքի արտահանումից է։
Մայրաքաղաք Կիևում տասնյակ մարդիկ արյուն են հանձնում։ Չնայած սա նորություն չէ, սակայն մարդիկ գիտեն՝ արյունը հիմա կարող է խիստ անհրաժեշտ լինել առաջնագծին:
Արյան դոնոր Լիլիա Շկաբուրան Associated Press-ին փոխանցել է․ «Այն կյանքեր է փրկում: Դեռ ներխուժումից առաջ ես արյուն եմ հանձնել։, քանզի բազմաթիվ վիրահատություններ են լինում, որոնց ժամանակ հիվանդանոցները արյան կարիք են ունենում, իսկ հիմա այս ամենի կարևրությունն ավելի մեծ է»:
Ուկրաինացի մարտիկները արևմտյան առաջատար սպառազինության կարիքն ունեն, ինչպիսիք F-16 կործանիչներն են՝ ասել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ով վերջերս հայտարարեց, թե գարնանային հակահարձակումը տեղի կունենա անգամ առանց այդ տեխնիկայի:
Ուկրաինայի Դոնեցկի մարզում կարելի է տեսնել առաջատար զինտեխնիկա ու Առաջին աշխարհամարտը հիշեցնող մարտական պատրաստվածություն, ուր դիմակավորված զինվորները վարժանքներ են անցկացնում՝ մարտի դաշտում քիմիական գրոհի կամ ճառագայթման բարձր աստիճանի հետքեր գտնելու նպատակով։
Մինչ Ուկրաինայի պաշտպանության նախարարը փորձում է չափավորել գարնանային հակահարձակման հետ կապված ակնկալիքները, վերջերս The Washington Post-ին տված հարցազրույցում նախագահ Զելենսկին ընդգծել է հաջողության կարևորությունը: Նրա խոսքով, այն կարևոր է ոչ միայն մարտադաշտում իրավիճակի առումով, այլև՝ Ուկրաինայի արևմտյան աջակիցների համար, որոնցից Կիևը ավելի լայն օգնություն է ակնկալում: