ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը ծանուցել է Կոնգրեսին, որ ԱՄՆ-ը կարող է արդեն հունիսի 1-ին հայտարարել իր բոլոր պարտքերի վճարման անկարողության կամ դեֆոլտի մասին, եթե մինչ այդ օրենսդիրները չբարձրացնեն պետպարտքի թույլատրելի առաստաղը կամ չդադարեցնեն այդ նորմի կիրառումը։
Ներկայացուցիչների տան և Սենատի ղեկավարներին հղված նամակում Ելենը կոչ է արել «ամրապնդել Միացյալ Նահանգների նկատմամբ լիակատար վստահությունն ու [երկրի] վարկունակությունը՝ որքան հնարավոր է շուտ որոշում կայացնելով» կառավարության 31․4 տրիլիոն դոլար փոխառությունների սահմանաչափի վերաբերյալ:
«Պետպարտքի առաստաղի շուրջ նախորդ փակուղային իրավիճակներից գիտենք, որ [նորմի կիրառման դադարեցումը] վերջին պահին հետաձգելը կամ [պետպարտքի թույլատրելի] սահմանաչափի՝ [դարձյալ, վերջին պահին] ընդլայնումը կարող է լրջորեն խաթարել սպառողների և բիզնեսի վստահությունը, մեծացնել հարկատուների ծախսերը կարճաժամկետ փոխառությունների սպասարկման գծով և բացասաբար ազդել Միացյալ Նահանգների վարկային վարկանիշի վրա»,- ասված է Ելենի նամակում:
Կոնգրեսի Բյուջետային գրասենյակն իր հերթին երկուշաբթի օրը հայտարարեց՝ մեծ ռիսկ են տեսնում, որ հունիսի սկզբին ԱՄՆ պետական միջոցները պարզապես կարող են սպառվել։
Տնտեսական քաղաքականության գծով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Էրիկ Վան Նոստրանդն հայտարարել է, որ «նույնիսկ եթե Կոնգրեսը բարձրացնի պետական պարտքի թույլատրելի առաստաղը մինչև դեֆոլտ, հաջորդող անորոշությունը կարող է բարձրացնել փոխառության ծախսերը և առաջացնել այլ ֆինանսական շոկեր, որոնք կարող են թուլացնել ԱՄՆ աշխատաշուկան և դիրքն աշխարհում»: