Ատոմային էներգիայի ուկրաինական գործակալությունը ահազանգել է՝ ռուսական ուժերի բռնազավթած ատոմակայանում աշխատակիցների պակասի մասին

Ուկրաինայում ատոմակայանների կառավարումն իրականացնող պետական գործակալությունը չորեքշաբթի ահազանգել է, որ Ռուսաստանը ծրագրում է Զապորոժիեյի ԱԷԿ-ից տարհանել ավելի քան երեք հազար աշխատակիցների:

«Էներգոատոմ»-ի՝ Telegram-յան ալիքում հրապարակված հայտարարության համաձայն, ԱԷԿ-ում «այժմ հմուտ անձնակազմի աղետալի պակաս կա»: Զապորոժիեյի ատոմակայանը ամենամեծն է Եվրոպայում:

Ռուսաստանը բռնազավթեց ԱԷԿ-ը՝ Ուկրաինայի դեմ հարձակման սկզբում:

«Էներգոատոմ»-ն ընդգծել է, որ Էներհոդար քաղաքում բնակվող ուկրաինացի մասնագետների նոր տարհանումը «կսրի Զապորոժիեյի ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար բավարար անձնակազմ ունենալու խնդիրը»:

Գործակալությունը նշել է, որ կանի հնարավորը՝ ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու համար՝ ժողովելով մասնագետներ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից և ուկրաինական այլ ատոմակայաններից:

Ատոմային էներգիայի գծով ՄԱԿ-ի վերահսկող մարմինը բազմիցս է ներկայացրել իր մտահոգությունները Զապորոժիեյի ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կիրակի հայտարարել է, որ ատոմակայանի շուրջ իրավիճակն «անկանխատեսելի և վտանգավոր է դառնում»:

«Մենք պետք է հիմա գործենք՝ միջուկային հնարավոր վթարի դեմն առնելու համար, որը ծանր հետևանքներ կունենա բնակչության ու շրջակա միջավայրի վրա», - ասված է Գրոսսիի հայտարարության մեջ:

Սույն հրապարակման հիմքում Associated Press, Agence France-Presse, և Reuters լրատվական գործակալությունների նյութերն են: