«Պուտինի խոհարարը» բորբոքում է պատերազմը Սուդանում

Սուդանում հայտնաբերված «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հետքերը վկայում են, որ Եվգենի Պրիգոժինը ներգրավված է այդ երկրում ընթացող հակամարտությունում։

Ապրիլի 15-ին մարտեր բռնկվեցին Սուդանի փաստացի ռազմական կառավարիչ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և «Արագ աջակցության ուժերի» (RSF) հրամանատար Մոհամեդ Համդան Դագալոյի (հայտնի է «Հեմեդթի» անունով) զորամիավորումների միջև։

Ընդամենը երկու տարի առաջ նրանք դաշնակիցներ էին և համաձայնության էին եկել 2021 թվականի ռազմական հեղաշրջման ժամանակ, որի հետևանքով տապալվեց Սուդանի երկարամյա բռնապետ Օմար ալ-Բաշիրի՝ 2019 թվականի պաշտոնանկումից հետո ձևավորված անցումային քաղաքացիական կառավարությունը։

2022 թվականի դեկտեմբերին ստորագրվեց քաղաքացիական կառավարմանն անցնելու պայմանագիր։ Սակայն կողմերը չկատարեցին այն՝ ի վերջո դուրս գալով միմյանց դեմ։

Ըստ վերլուծաբանների, այս հակամարտությունը ընդամենը պայքար է իշխանության համար, ոչ թե էթնիկական կամ գաղափարական դիմակայություն։

Ապրիլի 19-ին հայտարարված 24-ժամյա հրադադարն այդպես էլ իրականություն չդարձավ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, ավելի քան երեք հարյուր հոգի են զոհվել, հազարները վիրավորվել՝ գրեթե մեկ շաբաթ տևած մարտերի հետևանքով։

Երկու ուժերի միջև տարաձայնությունների պատճառներից են՝ անվտանգության ոլորտի բարեփոխումները, RSF-ի վերափոխվելը կանոնավոր զինված ուժերի, Դարֆուրում և նրա սահմաններից դուրս անցյալում իրականացված ռազմական հանցագործությունների համար հնարավոր պատասխանատվության հարցը, ինչպես նաև՝ բարեփոխումները, որոնք կարող են թուլացնել հակամարտող խմբավորումների վերահսկողությունը երկրի տնտեսության և ռեսուրսների նկատմամբ։

Ինչպես է «Վագներն» օգտագործել քաղաքական անկայունությունը Սուդանում

Ենթադրությունները բազմաթիվ էին, թե ինչ դեր է խաղացել ռուսաստանյան «Վագներ» խմբավորումը՝ Սուդանում ներկայիս քաոսը հրահրելու կամ այն օգտագործելու գործում։

Խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հերքել է իր վարձկանների ներկայությունը Սուդանում։ Սակայն «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննությունը, որը «Ամերիկայի Ձայն»-ի կողմից ստեղծված ինտերնետային ռեսուրս է՝ կանխելու ստի և քարոզչության տարածումը համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում (Polygraph.info), վկայում է հակառակի մասին։

Հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ «Ատլանտյան խորհրդի» ավագ գիտաշխատող Արիել Քոհենի խոսքով, Սուդանի ռեսուրսներն օգտագործվում են Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը ֆինանսավորելու համար։

Ի սկզբանե Ռուսաստանը կապեր էր պահպանում Օմար ալ-Բաշիրի հետ, որը տասնամյակներ շարունակ կառավարում էր Սուդանը։

«Իր 30-ամյա պաշտոնավարման ընթացքում Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրն ընդլայնել էր Ռուսաստանի հետ համագործակցությունը անվտանգության և տնտեսության ոլորտներում՝ ստանալով ռազմական օգնություն և առաջարկելով պայմանագրեր, որոնք վերաբերում են Սուդանի ամենաեկամտաբեր հատվածներին, ինչպիսիք են՝ նավթի, բնական գազի, ոսկու արդյունահանումը և գյուղատնտեսական մթերքի մատակարարումը»,- ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության 2020 թվականի հուլիսի հայտարարության մեջ։ Այն ընդունվել էր լրացուցիչ պատժամիջոցների հետ կապված, որոնք ուղղված էին «Սուդանում, Հոնկոնգում և Թաիլանդում տեղակայված կազմակերպությունների դեմ» և որոնք օգնում էին Եվգենի Պրիգոժինին՝ խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից։

«Այդ սուբյեկտներն ուղղակիորեն աջակցել են Պրիգոժինի գլոբալ գործողություններին՝ նպաստելով Սուդանում ժողովրդավարական բարեփոխումների ձգտող բողոքավորների ճնշմանն ու վարկաբեկմանը»,- ասված է նախարարության հայտարարությունում։

Երբ 2011 թվականին Հարավային Սուդանը անկախություն հռչակեց, կառավարությունն իր վերահսկողության ներքո վերցրեց Սահարայից հարավ ընկած նավթային պաշարները, որոնք մեծությամբ երրորդն են աֆրիկյան երկրներում։

Բնական ռեսուրսներին տիրապետելու սահմանափակումները, որոնց բախվեցին սուդանական խմբավորումները, հանգեցրեցին նրան, որ վերջիններս սկսեցին օժանդակել, որպեսզի օտարերկրացիները պարզապես կողոպտեն այդ ռեսուրսները։ Խոսքը հատկապես ոսկու մասին է, որն օգտագործվում էր այդ խմբավորումների կողմից՝ երկրում սեփական դիրքերն ամրապնդելու նպատակով՝ զրկելով Սուդանի պետբյուջեն անհրաժեշտ եկամուտներից։

2022 թվականի հուլիսին հրապարակված CNN-ի հետաքննության համաձայն, «Ռուսաստանի միջամտությունը Սուդանի ոսկու արդյունահանմանը սկսվել է 2014 թվականին, երբ Ղրիմի գրավումից հետո, Արևմուտքի կողմից մի շարք պատժամիջոցներ սահմանվեցին»։

«Վագներականները» առանցքային դեր են խաղացել Ռւսաստանի կողմից Սուդանի ոսկու արդյունահանման գործում։

«Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի համաձայն, 2017 թվականին Ռուսաստան կատարած այցի ժամանակ ալ-Բաշիրն առաջարկել է Սուդանը Մոսկվայի համար դարձնել «դարպաս դեպի Աֆրիկա»՝ Կրեմլի աջակցության դիմաց։

Ռուսաստանն օգնում էր Սուդանի հանքերի և երկրում իշխող ռեժմի անվտանգության ապահովման հարցում՝ փոխարենը ստանալով Սուդանի «հանքահումքային կարկանդակի կտորը»։

2020 թվականի պատժամիջոցների վերաբերյալ վերը հիշատակված հայտարարությունում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշում էր, որ Եվգենի Պրիգոժինին պատկանող M Invest ընկերությունը քողարկիչ դեր էր կատարում «Վագների» զինյալների համար։ Սուդանի ռազմական և կիսառազմական խմբավորումները զինելու և վարժեցնելու դիմաց՝ M Invest-ը «կոնցեսիոն պայմանագրեր է ստացել երկրում ոսկու հանքավայրերի հետախուզման համար»։ Ոսկու արդյունահանմամբ զբաղվում է M Invest-ի դուստր ձեռնարկությունը։ Երկու ընկերություններն ընկան ԱՄՆ պատժամիջոցների տակ։

Ալ-Բաշիրի վտարումը բարդացրեց իրավիճակը։ Այնուամենայնիվ, «Վագները» «շարունակում էր ընդլայնել իր հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը Սուդանում»՝ «Ֆրանս պրեսին» ասել է Քաթրինա Դոքսին՝ Վաշինգտոնում գործող «Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնից»։

Սուդանում միմյանց դիմակայող երկու խմբավորումներն էլ օգնել են Ռուսաստանին՝ երկրից մաքսանենգ ճանապարհով ոսկի դուրս բերելու հարցում։ Սակայն Արիել Քոհենի կարծիքով, RSF-ի ու Մոսկվայի ամուր կապերի մասին տեղեկությունները թույլ են տալիս ենթադրել, որ Պրիգոժինը խաղադրույք է կատարում այդ խմբավորման հաղթանակի վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ խմբավորումը վերահսկում է Սուդանի ոսկու հանքերի մեծ մասը։
Ըստ լրատվամիջոցների, Լիբիայում «վագներականների առաջապահ ջոկատը» գործակցել է Խալիֆա Հաֆթարի՝ «Լիբիայի ազգային բանակի» հետ՝ RSF-ին նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու ժամանակ։

Ապրիլի 21-ին հրապարակված CNN-ի տեսանյութում ասվում է (հղում կատարելով սուդանական և տարածաշրջանային դիվանագիտական աղբյուրներին), որ «Վագներ» խմբավորումը նաև «երկիր-օդ» դասի հրթիռներ է մատակարարում RSF-ին։

Տրիեստի համալսարանի պրոֆեսոր և աֆրիկյան հարցերով փորձագետ Ֆեդերիկո Դոնելին պնդում է, որ Մոսկվայի կապերը սուդանական երկու խմբավորումների հետ Կրեմլի համար ստեղծել են «ձախողումը բացառող սցենար»։

Մյուսները համակարծիք են, որ Կրեմլի ռազմավարությունն է՝ «լինել հաղթողի կողմում՝ անկախ արդյունքից»։

«Աֆրիկայում Ռուսաստանի գործելաոճը միշտ եղել է քաղաքացիական հակամարտություններում բոլոր կողմերին աջակցելը, որպեսզի միշտ հայտնվի հաղթողի կողմում»,- EU Observer հրատարակչությանն ասել է «Քարնեգի հիմնադրամում» Ռուսաստանի հարցերով հետազոտող Փոլ Սթրոնսկին։

Մոսկվան ունակ է սրել իրավիճակը Սուդանում և օգտվել դրանից

«Վագներ» խմբավորման վարձկանները ներգրավված են եղել 2021 թվականին Սուդանում տեղի ունեցած հեղաշրջմանը։ Նպատակը՝ խմբավորման համար Սուդանի հանքահումքային ռեսուրսների հասանելիությունը պահպանելն էր։

Սուդանի հարևան երկիրը՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը (ԿԱՀ), որի տարածքով են անցնում «Վագների» վարձկանների կողմից մաքսանենգ ոսկու տեղափոխման ճանապարհները, նույնպես դարձել է բնական ռեսուրսների համար Կրեմլի նախաձեռնած պայքարի թատերաբեմ։

Օգտակար հանածոների արդյունահանման կոնցեսիայի դիմաց՝ «Վագներ» խմբավորոմը աջակցություն է ցուցաբերել ԿԱՀ-ի ռեպրեսիվ վարչակարգին՝ խորացնելով ճգնաժամը երկրում։ «Վագներականները» պահպանում են իրենց ներկայությունը ԿԱՀ-ի և Սուդանի սահմանային ինքնաշեն հանքերում, ուր տիրում է անօրինականությունը, իսկ նրանց մեղադրում են այդ շրջանում կատարված զանգվածային սպանությունների մեջ։

Հարցը միայն ոսկին չէ

2018 թվականի դեկտեմբերի 20-ին Սուդանը պայմանագիր է ստորագրել, որով Ռուսաստանը թույլտվություն է ստանում նավթավերամշակման գործարան կառուցել Պորտ Սուդանում՝ Կարմիր ծովի ափին։

Փետրվարին Սուդանի իշխող խորհուրդն ավարտեց պայմանագրի քննարկումը, ըստ որի Ռուսաստանին թույլատրվում է ռազմածովային հենակետ կառուցել Պորտ Սուդանում։

Սուդանը «Վագներ» խմբավորման ավելի լայն ռազմավարության մի մասն է՝ քաղաքականապես անկայուն երկրներում ավտորիտար վարչակարգերին անվտանգության գծով ծառայություններ մատուցելու դիմաց՝ ստնալ օգտակար հանածոների արդյունահանումից հոսող շահույթի մի մասը։

Խմբավորումն այս ռազմավարությունն իրականացնում է Աֆրիկայի Սահել ընդարձակ տարածաշրջանում, որը ձգվում է ողջ մայրցամաքով՝ արևմուտքից արևելք, և ընդգրկում է Բուրկինա Ֆասոյի, ԿԱՀ-ի, Մալիի և Սուդանի լայն հատվածներ։

Չնայած «Վագներ» խմբավորման կեղծ պնդմանը, թե այն իբր «կայունություն է բերում Աֆրիկայում», արևմտյան երկրների կառավարությունների ներկայացուցիչներն ու վերլուծաբանները համոզված են, որ Ռուսաստանը Սուդանում ու աֆրիկյան այլ երկրներում իրեն «մակաբույծի» պես է պահում՝ կողոպտելով մայրցամաքի հարստությունները, խոչընդոտելով ժողովրդավարական կառավարությունների ի հայտ գալը և բռնություններ կիրառելով։