Մատչելի հղումներ

Կրեմլյան «պատմաբանները». Պուտինը հորինել է Գերմանիայի անցյալը, Շոյգուն՝ Ռուսաստանի ապագան


Պուտինի և Շոյգուի, առաջին հայացքից, տարբեր թվացող հայտարարությունները միավորում է երկուսի համար ցավոտ մի թեմա՝ տոտալիտար վարչակարգերի տապալման անխուսափելիությունը

Վլադիմիր Պուտինը հայտնի է նրանով, որ սիրում է յուրովի մեկնաբանել հեռավոր անցյալի իրադարձությունները։ Ոչ այնքան վաղուց նա հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մինչ օրս չեն դադարեցրել նացիստական Գերմանիայի ռազմական «օկուպացիան», որը սկսվել է 1945 թվականի մայիսին.

«Երկրորդ աշխարհամարտից հետո Գերմանիան բաժանված էր, ինչպես հայտնի է, չորս գոտիների՝ ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և խորհրդային։ Այսպիսով, Խորհրդային Միությունը օրինականորեն դադարեցրեց այդ օկուպացիոն կարգավիճակը, իսկ Միացյալ Նահանգները՝ ոչ։ Այսինքն՝ պաշտոնապես և իրավաբանորեն Դաշնային Հանրապետության [Գերմանիա] տարածքում կան ամերիկյան օկուպացիոն զորքեր։ Եվ փաստացի դա այդպես է՝ նրանք այնտեղ շատ են», ասել է Պուտինը։

Պուտինի այս կեղծ պատմական պնդումից ընդամենը երկու շաբաթ անց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանկարծակի հայտարարեց, որ Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի մասնակից երկրների համաշխարհային դաշինքը, բացի Ուկրաինայի զինված ուժերին ծանր սպառազինություն մատակարարելուց, իբր, Կիևին բացահայտ կոչ է արել «գրավել Ռուսաստանի տարածքը».

«Այդ նպատակով նրանք [Միացյալ Նահանգները և նրանց դաշնակիցները] սկսեցին ծանր հարձակողական սպառազինության մատակարարումները, բացահայտ հորդորելով Ուկրաինային գրավել մեր տարածքները», ասել է Շոյգուն։

Պուտինի և այնուհետև Շոյգուի այս տարօրինակ դավադրական հայտարարություններին է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հերթական հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Այս խոսույթների պատմական համատեքստը տարբեր է, սակայն երկու դեպքում էլ խոսվում է այն մասին, թե ինչպես է Կրեմլը ներկայացնում միջազգային ագրեսորի ջախջախման հետևանքները։ Եվ, եթե առաջին դեպքում խոսքը գնում է պատմության մեջ աշխարհի համար ընդհանուր թշնամու՝ նացիստական Գերմանիայի մասին, ապա երկրորդում՝ սեփական պետության մասին։

Պատմությունը հնարավոր չէ վերաշարադրել, բայց Պուտինը «փորձում է».

1945 թվականի մայիսի 8-ին կապիտուլյացիայից հետո գերմանական պետությունը դադարեց գոյություն ունենալ, և այն կառավարվում էր հաղթանակած դաշնակից տերությունների կողմից:

Եվրոպական չորս հիմնական դաշնակիցները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Խորհրդային Միությունը և Ֆրանսիան, համատեղ օկուպացրեցին Գերմանիան՝ համաձայն նացիստական Գերմանիայի պարտության մասին 1945 թվականի հունիսի 5-ի Բեռլինի հռչակագրի։

Պարտված Գերմանիայի հետ անելիքների քննարկումը դաշնակից երկրների ղեկավարները սկսել են դեռևս Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թեհրանում (1943 թվական), Յալթայում և Պոտսդամում (1945 թվական) անցկացվող համաժողովներում։

Արևմտյան տերությունները և Խորհրդային Միությունը ոչ միայն համակարծիք չէին Գերմանիայի հետ վարվելու հարցում, այլև սկզբունքորեն տարբեր կերպ էին սահմանում նրա ապագա քաղաքականությունը, անվտանգությունը, ժողովրդավարական զարգացումը և տնտեսությունը:

Արդյունքում Խորհրդային Միությունն օգտագործեց իր քաղաքական և տնտեսական համակարգը որպես մոդել Արևելյան Գերմանիայի համար և հաստատեց այնտեղ ավտորիտար կոմունիստական վարչակարգ՝ պլանային սոցիալիստական տնտեսությամբ։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան օգտագործեցին իրենց քաղաքական և տնտեսական համակարգերը՝ որպես մոդել Արևմտյան Գերմանիայի համար, և այն դարձրեցին ժողովրդավարական քաղաքական համակարգ և շուկայական տնտեսություն ունեցող երկիր։

1949 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ մտավ ԳԴՀ Սահմանադրությունը։ 1949 թվականի օգոստոսին Արևմտյան Գերմանիայում անցկացվեցին ընտրություններ, իսկ հաջորդ ամիս ձևավորվեց գերմանական առաջին Բունդեսթագը (դաշնային խորհրդարանը), իսկ սեպտեմբերին ընտրվեց դաշնային Գերմանիայի առաջին կանցլեր Քոնրադ Ադենաուերը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ամբողջովին անկախացավ 1955 թվականի մայիսի 5-ին, երբ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրապարակեցին հռչակագիր՝ հայտարարելով գրեթե 10-ամյա ռազմական օկուպացիայի ավարտի մասին։ Հետագայում Արևմտյան Գերմանիան ստեղծեց իր զինված ուժերը՝ Բունդեսվերը, և վերսկսեց զենքի արտադրությունը։

ԳԴՀ-ն անդամակցել է ՆԱՏՕ-ին 1955 թվականի մայիսի 6-ին։ Ամերիկյան զորքերը մնում են Գերմանիայում ՆԱՏՕ-ի հետ երկրի գործընկերության շրջանակներում՝ պահպանելով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության շտաբը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում։

Պատմությունը հնարավոր չէ կրկնել, բայց Շոյգուն «փորձում է».

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիան ագրեսոր երկիր էր։

2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը նույնպես հանդես եկավ որպես ագրեսոր՝ սկսելով չարդարացված լայնամասշտաբ ռազմական ներխուժում Ուկրաինա։

Ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինային աջակցելու համար ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, հիմնականում ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում, ստեղծեցին Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խումբ, որի կազմում են ավելի քան 50 երկրներ։

Նախագահ Ջո Բայդենը անցյալ տարվա մայիսին New York Times-ում հրապարակված հոդվածում գրել էր, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային զենք է մատակարարում ագրեսիան հետ մղելու, այլ ոչ թե ռուսական տարածք հարձակում գործելու համար.

«Ամերիկայի նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա՝ հետագա ագրեսիայից զսպման և պաշտպանության միջոցներով… Մենք չենք խրախուսում և թույլ չենք տալիս Ուկրաինային հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս»։

Պուտինը և Շոյգուն յուրովի են մեկնաբանում պատմությունը և միջազգային իրավունքը

Պարզ չէ, թե արդյոք Շոյգուն, պնդելով, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները «բացահայտ» կոչ են անում Ուկրաինային «գրավել մեր տարածքները», նկատի ուներ ուկրաինական հինգ մարզերի տարածքները, որոնք ներկայում օկուպացված են Ռուսաստանի կողմից։

Եթե դա այդպես է, ապա հարկ է նշել, որ միջազգային հանրությունը չի ճանաչում Ուկրաինայի այդ օկուպացված մասերը՝ որպես «ռուսական տարածք», և դրանք վերադարձնելու Կիևի ջանքերը չի կարելի անվանել «ռուսական տարածքի գրավում», այլ ավելի շուտ՝ իր սեփական տարածքի ազատագրում։

2014 թվականի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց «Ուկրաինայի տարածքային ամբողջականություն» բանաձևը, որով հաստատվում է միջազգային հանրության հանձնառությունը Ուկրաինայի միասնությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բանաձևով անվավեր են ճանաչվել 2014 թվականին Ղրիմում անցկացված ռուսաստանյան հանրաքվեի արդյունքները, որը շինծու նախաձեռնվել է՝ որպես «օկուպացիայի իրավական հիմք»։ Բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, 11-ը՝ դեմ, 58-ը՝ ձեռնպահ։

2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով դատապարտվում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի չորս մարզերի (Լուգանսկ, Դոնեցկ, Զապորոժիե և Խերսոն) «ապօրինի բռնակցման փորձը» և կոչ արվում անհապաղ դադարեցնել Մոսկվայի հակաիրավական գործողությունները։ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 143-ը կողմ են քվեարկել այդ բանաձևին, 5-ը՝ դեմ, 35-ը՝ ձեռնպահ։ս

Դժվար է դրական պատմական զուգահեռներ անցկացնել, քանի որ, օգտագործելով Շոյգուի տեսակետը, կարելի է արդարացնել նացիստական Գերմանիայի գրեթե բոլոր ռազմական գործողությունները։

XS
SM
MD
LG