Մատչելի հղումներ

Լավրովը հերքում է Ռուսաստանի միջամտությունը այլ երկրների «ներքին գործերին»


Կրեմլը չի պատրաստվում խոստովանել, որ սատարել է բռնապետական վարչակարգերը և հեղաշրջումներ կազմակերպել այլ երկրներում՝ փորձելով պատասխանատվությունը դնել ուրիշների վրա

Հունվարի 25-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատեց, որ ֆրանսիական զորքերը դուրս են բերվելու Բուրկինա Ֆասոյից՝ խունտայի կողմից վերահսկվող արևմտաաֆրիկյան այս երկրի կառավարության պահանջով։

Ֆրանսիան Բուրկինա Ֆասոյում պահպանել է 400 հոգանոց հատուկ ջոկատայինների ներկայություն՝ համաձայն պաշտպանության մասին 2018 թվականի համաձայնագրի՝ օգնելու պայքարել «Ալ-Քաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումների հետ կապված մահմեդական ծայրահեղականների դեմ։

Ֆրանսիայի և Բուրկինա Ֆասոյի՝ նախկին ֆրանսիական գաղութի միջև հարաբերությունները սրվեցին 2022 թվականի սեպտեմբերից, երբ Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցավ այդ տարի երկրորդ պետական հեղաշրջումը (առաջինը տեղի էր ունեցել հունվարին)։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Աֆրիկայում ռուսական հավակնությունները «գիշատիչ» է անվանել, Ռուսաստանին մեղադրել է ֆրանսիական զորքերի դուրսբերման պահանջի մասին Բուրկինա Ֆասոյի որոշման վրա ազդելու մեջ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել է այդ տեղեկությունը։

«Սա արտաքին քաղաքականության սկզբունքների մասին է», ասել է նա։ «Մենք չենք միջամտում ներքին գործերին, մինչդեռ նախագահ Մակրոնի հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ Ֆրանսիան նման միջամտությունը համարում է հնարավոր և դիմում է այդ քայլին»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այս կեղծ հայտարարությանն է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Այլ երկրների գործերին միջամտելու փաստեր

Այնուամենայնիվ, մինչ Մոսկվայի գործողությունների իրական բնույթը Աֆրիկայում մնում է մշուշոտ, Ռուսաստանի միջամտությունն այլ երկրների «ներքին գործերին» հստակ փաստագրված է։

Դեկտեմբերին Գանայի նախագահ Նանա Ակուֆո-Ադդոն հայտարարեց, որ Բուրկինա Ֆասոն գործարք է կնքել ռուսական մասնավոր ռազմական ընկերության հետ, որը հայտնի է որպես «Վագներ» ՄՌԸ։

Ակուֆո-Ադդոն ընդգծել է, որ Բուրկինա Ֆասոն, ջիհադիստների դեմ պայքարում օգնության դիմաց, ռուսական ուժերին է զիջել ոսկու պաշարներ ունեցող հանքի վերահսկողությունը։

«Մեզ համար հատկապես անհանգստացնող է մեր հյուսիսային սահմանին գործող «Վագներ» ՄՌԸ-ի ներկայությունը Գանայում», հավելել է նա։

Սակայն ոչ «Վագներ» ՄՌԸ-ն, ոչ Բուրկինա Ֆասոյի իշխանությունները չեն հաստատել երկու կողմերի միջև գործարք կնքելու փաստը։

Նորություններում «վագներականներին» մեղադրում են Սուդանի ոսկու և ադամանդի պաշարները թալանելու մեջ, որոնք, ըստ որոշ հաղորդումների, մասամբ օգտագործվում են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար, և դրա դիմաց «Վագներ» ՄՌԸ-ն ապահովում է Սուդանի ժողովրդի համակրանքը չվայելող բռնապետի անվտանգությունը։

«Վագներ» ՄՌԸ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը աջակցություն է հայտնել Բուրկինա Ֆասոյում 2022 թվականին տեղի ունեցած երկու հեղաշրջումներին։

2022 թվականի հունվարին Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբան պաշտոնանկ արեց Բուրկինա Ֆասոյի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահին։ Պրիգոժինը սոցիալական ցանցում կատարած իր գրառման մեջ անվանել է հեղաշրջումը «ապագաղութացման նոր դարաշրջան»։

Այդ հեղաշրջման հաջորդ օրը Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) ռուս զինվորական հրահանգիչների պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանովը հանդես եկավ հայտարարությամբ՝ առաջարկելով Բուրկինա Ֆասոյի նորաստեղծ խունտային վերապատրաստման ծառայություններ։

Սակայն սեպտեմբերին Դամիբայի պաշտոնանկությունից հետո նա անմիջապես չանցավ Ֆրանսիայից Ռուսաստանին, ինչպես ակնկալվում էր:

Երբ զինվորականները, այդ թվում՝ ներկայիս ռազմական առաջնորդ Իբրահիմ Տրաորեն, տապալեցին Դամիբային, խաղաղ բնակիչները և զինվորները ռուսական դրոշներով դուրս եկան փողոցներ՝ երթով շարժվելով դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։

Կրեմլի նախկին խորհրդական Սերգեյ Մարկովը Դամիբայի սեպտեմբերյան պաշտոնանկության մասին ասել է.՝ «Մեր մարդիկ օգնեցին [Բուրկինա Ֆասոյի] նոր առաջնորդին»։

Կրկին «սև PR»

«Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Հենրի Ուիլքինսը հայտնել է, որ ռուսական ապատեղեկատվությունը «իր դերն է խաղացել երկրում վերջին ութ ամսվա ընթացքում երկրորդ հեղաշրջման գործում»։

Խոսքը Կրեմլի հետ կապված օգտահաշիվների ակտիվության մասին է, որոնք օգտագործվում են «տարածաշրջանում դիսկուրսն աշխուժացնելու համար», հաղորդում է The Washington Post-ը։

Սոցիալական ցանցերում հրապարակված անիմացիոն տեսանյութերից մեկում «Վագներ» ՄՌԸ-ի վարձկանները պատմում են Բուրկինա Ֆասոյում և Մալիում ֆրանսիական զորքերի մասին։ Ֆրանսիացի զինվորականները պատկերված են օձերի և զոմբիների տեսքով։

«Ատլանտյան խորհրդի» թվային դատաբժշկական հետազոտությունների լաբորատորիան (Atlantic Council’s Digital Forensic Research Lab) բացահայտել է «ռուսամետ հաղորդագրությունների աճ» ինչպես 2022 թվականի հունվարյան, այնպես էլ սեպտեմբերյան հեղաշրջումներից առաջ։

Այս ռուսամետ գրառումներում օգտագործվող լեզուն ուղեկցվում էր Լավրովի և Պրիգոժինի հռետորաբանությամբ՝ ընդգծելով Ֆրանսիայից դեպի Ռուսաստան անցման «հակագաղութային» բնույթը։

Կապիտան Տրաորեի իշխանության գալուց հետո ֆրանսիացիների ելքն ու ռուսների մուտքը, կարծես, արագացան։

«Վերջին հեղաշրջումը կարող է ճանապարհ հարթել Սահելի երկրներում (Աֆրիկայի երկրներ՝ տեղակայված Սահարայից հարավ Ատլանտյան օվկիանոսից, մինչև Կարմիր ծով - ծնթ.«Ա.Ձ.») Ռուսաստանի ավելի հաստատակամ քաղաքականության համար», հոկտեմբերին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի (պաշտպանության և անվտանգության հարցերով բրիտանական վերլուծական կենտրոն) գիտաշխատող Սեմուել Ռամանին։

«Բուրկինա Ֆասոյի հեղաշրջումը, որին մենք հենց նոր ականատես եղանք, կարող է լինել հեղաշրջում հրահրելու գործում Ռուսաստանի դերի դեռևս առաջին օրինակը, այլ ոչ թե պարզապես օգուտ քաղելու նախկինում գոյություն ունեցած անկարգություններից», նշել է Ռամանին։

«Հին-նոր» միջոց՝ պատասխան «զորք մտցնելու» խնդրանքին

Եթե դա այդպես է, ապա դա նման է տարածաշրջանում Ռուսաստանի վարքագծի մոդելին։

Բուրկինա Ֆասոյից ֆրանսիական զորքերի հայտարարված դուրսբերումը տեղի ունեցավ մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Ֆրանսիան զորքերը դուրս բերեց հարևան Մալիից, որտեղ նույնպես ապստամբների դեմ գործողություններ էին ընթանում։

Մալիի կառավարությունը նույնպես դիմեց «Վագներ» ՄՌԸ-ին (ռուսական զինված ուժերի աջակցությամբ)՝ խնդրելով օգնել իրեն ջիհադիստների դեմ պայքարում։

Հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ Մոսկվան վերապատրաստել է 2020 թվականի օգոստոսին Մալիի պետական հեղաշրջման հետևում կանգնած սպաներին, ինչը ենթադրություններ է առաջացրել, որ Կրեմլը թերևս կարող էր դերակատարում ունենալ այդ հեղաշրջման մեջ։

«Վագներ» ՄՌԸ-ի ուժերը Աֆրիկայում օգտագործվում են ռուսական ազդեցությունը տարածելու և «հեղաշրջմանը դիմակայուն» վարչակարգերն ակտիվացնելու համար՝ «ֆինանսական և հանքային զիջումների դիմաց», եզրակացրել են Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վերլուծական կենտրոնի (CSIS) հետազոտողները։

«Վագներ» ՄՌԸ-ի ուժերի ներմուծումն ուղեկցվել է այդ երկրներում մարդկության դեմ ենթադրյալ հանցագործությունների աճով։

Ռուսաստանի «զինված ազդեցությունը» տարածվում է աշխարհով մեկ

Ռուսական ռազմական հետախուզությունը կապված էր Իսպանիայում պայթուցիկով նամակների առաքման վերջին արշավի և 2016 թվականին Չեռնոգորիայում պետական հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ։ Ռուսները մի շարք սպանություններ են իրականացրել օտարերկրյա հողի վրա, ինչպես Freedom House դիտորդական խումբն է անվանել, «Ռուսաստանի անդրազգային ռեպրեսիվ ջանքերի» շրջանակներում։

Ամերիկյան հետախուզության ուսումնասիրությունը պարզել է, որ 2014 թվականից ի վեր Մոսկվան գաղտնի ֆինանսավորել է առանձին անհատների և պաշտոնյաների ավելի քան երկու տասնյակ երկրներում՝ Կրեմլի շահերը խթանելու և ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։

Ռուսաստանի կողմից միջամտություն եղել է նաև 2016 և 2020 թվականների ԱՄՆ ընտրություններին։

Այս բոլոր գործողությունները կոպիտ միջամտություն են այլ երկրների ներքին գործերին։

XS
SM
MD
LG