Մատչելի հղումներ

Ռուսաստանի նախկին նախագահը կրկին ոչ կոմպետենտ եզրակացություններ է անում


Մեդվեդևը կրկին գրում է իր տելեգրամ ալիքում միջուկային հակամարտության մասին՝ անելով հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում անգամ խորհրդային պատմության դասագրքերի բովանդակությանը

Հունվարի 19-ին Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Ուկրաինային տանկեր տրամադրելու արևմուտքի ծրագրերը, ասել է, որ միջուկային տերությունները երբեք չեն պարտվել խոշոր սովորական պատերազմներում.

«Վաղը ՆԱՏՕ-ի Ռամշտեյն բազայում ռազմական մեծ առաջնորդները քննարկելու են նոր մարտավարությունն ու ռազմավարությունը, ինչպես նաև Ուկրաինային նոր ծանր սպառազինությունների և հարվածային համակարգերի մատակարարումը», գրել է Մեդվեդևը Telegram-ում։

Եվ այնուհետև պնդել է.

«Միջուկային տերության պարտությունը սովորական պատերազմում կարող է հրահրել միջուկային պատերազմի բռնկում։ Միջուկային տերությունները չեն պարտվել խոշոր հակամարտություններում, որոնցից կախված է իրենց ճակատագիրը։

Դմիտրի Մեդվեդևի այս ոչ կոմպետենտ և մոլորեցնող հայտարարությանն է նվիրված «Պոլիգրաֆ» նախագծի հետաքննական նյութը։ «Պոլիգրաֆ» նախագիծը ինտերնետային ռեսուրս է, որը ստեղծվել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից՝ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ստի և քարոզչության տարածումը կանխելու նպատակով (Polygraph.info)։

Միջուկային սպառազինություն ունեցող մի շարք երկրներ պարտություն են կրել խոշոր ռազմական հակամարտություններում, սակայն չեն դիմել միջուկային զենքի կիրառմանը։

ԱՄՆ-ի պատերազմը Վիետնամում

ԱՄՆ-ն պարտություն կրեց Վիետնամի պատերազմում, որը Խորհրդային Միության հետ «միջնորդավորված տարածաշրջանային պատերազմ» էր, սակայն չկիրառեց միջուկային զենք։

1955-1975 թվականների Վիետնամի պատերազմի ժամանակ Հարավային Վիետնամը, որին աջակցում էին Միացյալ Նահանգները և իրենց մի քանի դաշնակիցները, մարտնչում էր կոմունիստական Հյուսիսային Վիետնամի և Հարավային Վիետնամում Վիետկոնգի դաշնակից ուժերի դեմ, որոնց աջակցում էին Խորհրդային Միությունն ու Չինաստանը։

Encyclopedia Britannica-ի համաձայն՝ «պատերազմը նաև ավելի խոշոր տարածաշրջանային հակամարտության և Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության ու նրանց դաշնակիցների միջև սառը պատերազմի դրսևորման մասն էր»։

Մինչ Վիետնամում ամերիկյան զորքերի ներկայությունը գագաթնակետին հասավ (ավելի քան 500,000 մարդ) 1969 թվականին, ԱՄՆ-ի ներգրավվածությանն ամերիկյան հանրային աջակցությունը սկսեց մարել։ 1967 թվականի հունվարին Gallup հետազոտական ընկերության անցակացրած հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 32%-ը սխալ է համարում ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմին, իսկ 1968 թվականի փետրվարին այդ ցուցանիշը հասավ 46%-ի։ 1970 թվականի հունվարին հարցման մասնակիցների մեծամասնության (57%) կարծիքով՝ ամերիկյան զորքեր ուղարկելը Վիետնամ ինքնին սխալ էր։

1969 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ռիչարդ Նիքսոնը սկսեց ամերիկյան զորքերի աստիճանական դուրսբերումը Վիետնամից, որոնք ամբողջությամբ լքեցին երկիրը 1973 թվականի մարտին։

1975 թվականի ապրիլի 30-ին Հյուսիսային Վիետնամի զորքերը գրավեցին Հարավային Վիետնամի մայրաքաղաք Սայգոնը, ինչը նշանավորում էր այդ պատերազմի ավարտը և Վիետնամի վերամիավորումը կոմունիստական իշխանության ներքո։

Չինաստանի պատժիչ «սահմանային պատերազմը» Վիետնամում

Չինաստանը պարտվեց Վիետնամի հետ «սահմանային պատերազմում» 1979 թվականին։

Երկու նախկին դաշնակից կոմունիստական երկրները՝ Չինաստանը և Վիետնամը, 1979 թվականի փետրվար-մարտ ամիսներին մղեցին կարճ, բայց կարևոր «սահմանային պատերազմ»։

1978 թվականին Չինաստանը ներխուժեց Կամբոջա՝ ի պատասխան Վիետնամի գործողությունների ընդդեմ «կարմիր քմերների»՝ Պեկինի կողմից աջակցվող կոմունիստական խմբավորման, որը 1975-1979 թվականներին գտնվում էր Կամբոջայի տիրապետության ներքո։

Այնուհետև 1979 թվականի փետրվարին 220000 չինացի զինվորներ հատեցին Վիետնամի սահմանը և գրավեցին վիետնամական մի քանի մերձսահմանային քաղաքներ։

Հետագա մարտերում զոհվել է 26000 չինացի և 30000 վիետնամցի զինծառայող, իսկ 37000 չինացի և 32000 վիետնամցի զինծառայող վիրավորվել է։

1979 թվականի մարտի 6-ին Չինաստանը հայտարարեց «հաղթանակի» մասին և դուրս բերեց իր զորքերը Վիետնամից՝ հայտնելով, որ իր պատժիչ առաքելությունը կատարված է։

Այնուամենայնիվ, Հուվերի ինստիտուտի (Սթենֆորդի վերլուծական կենտրոն, Կալիֆոռնիա) տվյալներով, Չինաստանը պարտություն կրեց այդ պատերազմում՝ չկարողանալով հասնել իր ռազմավարական նպատակին՝ ստիպել վիետնամական ուժերին դուրս գալ Կամբոջայից։ Վիետնամը տապալեց «կարմիր քմերներին», Կամբոջայում հաստատեց խամաճիկ կառավարություն և դուրս բերեց իր զորքերը Կամբոջայից միայն 1989 թվականին։

Աֆղանստանում խորհրդային զորքերի «սահմանափակ քանակակազմի մուտք գործելը և դուրսբերումը»

Խորհրդային Միությունը պարտվեց Աֆղանստանի պատերազմում, ԱՄՆ-ի հետ «միջնորդավորված պատերազմում», և միջուկային զենք չկիրառեց։

Խորհրդային Միությունը ներխուժեց հարևան Աֆղանստան 1979 թվականի դեկտեմբերին՝ օգնելու Աֆղանստանի կոմունիստական կառավարությանը հակակոմունիստական մահմեդական պարտիզանների հետ հակամարտությունում, որոնք հայտնի են որպես «մոջահեդներ»։

Խորհրդային ներխուժման ուժերը, որոնց թիվը հասնում էր 105-115 հազարի, գրավեցին Աֆղանստանի քաղաքներն ու խոշոր ավանները, սակայն մոջահեդները վերահսկում էին գյուղական վայրերը։

Պատերազմի հաջորդ ինը տարիների ընթացքում մոջահեդներն աջակցություն էին ստանում Իրանից, Պակիստանից, Սաուդյան Արաբիայից, Չինաստանից և, ամենակարևորը, ԱՄՆ-ից։ Իսկապես, խորհրդային-աֆղանական պատերազմը պատմականորեն դիտարկվում է որպես Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության միջև սառը պատերազմի ժամանակաշրջանի «միջնորդավորված ռազմական հակամարտություն»։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը լայնածավալ գործողություն է իրականացրել մոջահեդներին զինելու և ֆինանսավորելու ուղղությամբ։ Մերձավորարևելյան քաղաքականության վաշինգտոնյան ինստիտուտը (վերլուծական կենտրոն Վաշինգտոնում) գնահատել է, որ աֆղան զինյալներին ԱՄՆ-ի օգնությունը կազմել է 630 միլիոն դոլար։

ԽՍՀՄ-ի պաշտոնական հաշվարկներով՝ Աֆղանստանի պատերազմում զոհվել է 14500 խորհրդային զինվոր, ինչպես նաև աֆղանական կառավարության 18000 զինվոր և 90000 մոջահեդ մարտիկ։ Քաղաքացիական բնակչության զոհերի թիվը գնահատվում է 500000-ից մինչև 1,5 միլիոն մարդ։

Բրիտանական հանրագիտարանը նկարագրում է Խորհրդային Միության համար Աֆղանստան ներխուժման աղետալի հետևանքները.

«Աֆղանստանի պատերազմը ճահիճ դարձավ երկրի համար, որը 1980-ականների վերջին վերածվեց «փլուզվող» Խորհրդային Միության… Չնայած նրան, որ Աֆղանստանում չհաջողվեց հաստատել կարեկցող վարչակարգ, 1988 թվականին Խորհրդային Միությունը համաձայնագիր ստորագրեց Միացյալ Նահանգների, Պակիստանի և Աֆղանստանի հետ և համաձայնեց դուրս բերել իր զորքերը։ Խորհրդային զորքերի դուրսբերումն ավարտվեց 1989 թվականի փետրվարի 15-ին, և Աֆղանստանը վերադարձավ «չմիավորված» երկրի կարգավիճակին։

XS
SM
MD
LG